«Սփյուռքից հայրենիք վերադառնալը նման է հյուրանոցից տուն վերադառնալուն». Տիրան Բաղդադյան
Загрузка
X


«Սփյուռքից հայրենիք վերադառնալը նման է հյուրանոցից տուն վերադառնալուն». Տիրան Բաղդադյան

Ценности / Традиции / Дело / Ежедневник / 29.07.2019

«Գուրմե» նշանակում է ախորժաբեր, իսկ «դուրմ»-ը հայերենում շոկոլադն է։ Շոկոլոդի բիզնես ունենալու միտքը ծագել է, երբ նոր հայրենիք եկած Բաղդադյանները նկատել են, որ տեղացի հայերի մոտ շոկոլադ նվիրելը կարծես ավանդույթ լինի:  «Գուրմե-Դուրմե»-ի համահիմնադիր (եղբոր հետ) և տնօրեն Տիրան Բաղդադյանը «Ժամ«-ին պատմում է իր կյանքի, հայրենիք վերադարձի և քաղցր ու ախորժաբեր բիզնեսի մանրամասների մասին։

— Պարո՛ն Բաղդադյան, որտեղի՞ց են սերում Ձեր արմատները:

Հայրական կողմս Զեյթունից է, մայրական կողմս`Կարինից:  Ցեղասպանությունն ապրած պապերս հանգրվան են գտել մի կողմից Ալեքսանդրետտա (Իսկենդերուն) քաղաքում, մյուս կողմից Հունաստան, այնուհետև Եգիպտոս: Ծնողներս ծանոթացել են Լիբանանում, մենք ծնվել ենք Լիբանանում: Մանկությանս հուշերից շատ լավ հիշում եմ որբերի թեմաները, լսել եմ բազմաթիվ պատմություններ որբացած ազգի մասին. միգուցե դա է պատճառ հանդիսացել, որ այսօր ես ապրում եմ իմ Հայրենիքում:

— Քանի՞ տարի եք բնակվել Լիբանանում:

— Շուրջ 18 տարի ապրել եմ Լիբանանում, այնտեղ եմ ծնվել  և մանկությունս, պատանեկությունս անց եմ կացրել այնտեղ: Պետք է նշեմ, որ ես ու եղբայրս` Պիերը, չենք հաճախել հայկական դպրոցներ ու վարժարաններ, չենք անդամակցել հայկական միություններին: Մենք ստացել ենք ֆրանսիական կրթություն: Լիբանանում պատերազմը սկսվելու պատճառով, ես տեղափոխվեցի Ավստրիա` ուսումնառության նպատակով: Սկզբնական շրջանում իհարկե` դժվար էր, բայց ժամանակի ընթացքում դրան էլ հարմարվեցի: Շատ էի զգում ընտանիքիս պակասը, բարեբախտաբար, այդ ժամանակ Հայաստանն արդեն անկախ էր, որոշեցի գալ Հայրենիք և զգացի`մի օր այստեղ եմ ապրելու:

— Ե՞րբ տեղափոխվեցիք Ավստրիա, ո՞ր ոլորտում մասնագիտացաք:

— Դպրոցն ավարտելուց հետո, ընտանիքիս հորդորով տեղափոխվեցի Ավստրիա, ճիշտ է` Լիբանանում կային լավ համալսարաններ, սակայն պատերազմի առկայությունը խանգարում էր ինձ կյանքի մեծ նպատակներ կապել լիբանանյան իրականությանը: Տեղափոխվելով Ավստրիա` մասնագիտացա արտադրական դիզայնի ոլորտում: Ավստրիայում կատարեցի իմ առաջին քայլերը. բնակվելով շուրջ 10 տարի Ավստրիայում`հասկացա թե որքան եմ կարոտում ընտանիքիս, քանի որ անընդհատ ճամփորդում էի գործերի բերումով: Հորս վաղաժամ մահը մեծ հարված էր ինձ համար, նա ամեն ինչ կարողացավ տալ ինձ, սակայն, երբ ժամանակը եկավ այդ ամենը փոխհատուցելու որդիական սիրով և պարտականությամբ` նա մահացավ: Սփյուռքում շատ տարածված է ասել « որտեղ հաց`այնտեղ կաց» արտահայտությունը. ես այս ասվածին շատ բացասական եմ վերաբերում: Եթե հայ ես`թեկուզ Սփյուռքում բնակվող, պետք է վերադառնաս քո ազատ անկախ Մայր Հայրենիքը: 2005 թվականին ես վերդարձա Հայաստան, իսկ արդեն 2010 թվականին` եղբայրս և մայրս:

— Պարո՛ն Բաղդադյան 2005 թվականին երբ եկաք Հայաստան, ինչպիսի՞ն էր սփյուռքահայի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը:

— Սփյուռքից դեպի Հայրենիք վերադառնալը նման է հյուրանոցից դեպի տուն վերադառնալուն: Կարծես վերադարձել էի իմ տունը, պետք է նշեմ, որ շատ եմ կարևորում Սփյուռքից վերադարձող մեր հայրենակիցների պահվածքը: Ինձ միանգամից ընդունել են հայաստանաբնակները. դա խոսում է միայն իմ վերաբերմունքի մասին, կան շատ գործարար սփյուռքահայեր, ովքեր, գալով Հայաստան, կարծես` վերևից են նայում` շուկայում իր առաջին քայլերն անող անհատներին կամ կազմակերպություններին: Իմ կարծիքով դա սխալ մոտեցում է:

Երբ վերադարձաք հայրենիք, նախկինում փորձ ունե՞իք բիզնես ոլորտում:

— Այո´: Մենք ունեինք մեր ընտանեկան բիզնեսը, այն է` փաթեթավորման բիզնեսը: Այս բիզնեսում ես էլ դիզայներ էի դարձել, և կարելի է ասել, որ բավական փորձ ունեինք: Հայաստան գալով` սկսեցինք զբաղվել այն գործով, որով որ զբաղվում էինք Լիբանանում, սակայն, պետք է նշեմ, որ այդ բիզնեսը այստեղ չհաջողվեց: Բիզնեսում պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Շատ սփյուռքահայեր կատարելով իրենց առաջին քայլերը բիզնես ոլորտում և չհաջողելով այն, հիասթափվում են և հեռանում Հայաստանից, բայց չէ՞ որ այդ նույն բանը կարող էր տեղի ունենալ Փարիզում կամ այլ տեղ: Մենք սկսեցինք լավ ուսումնասիրել տեղի շուկան, Հայաստանի պահանջները բիզնես ոլորտում և նոր կատարել մեր հստակ ռազմավարությունը բիզնես ոլորտում: Երկար քննարկումներից հետո հասկացանք, որ լավագույն որոշումը շոկոլադի բիզնեսն է, որի հետ նաև մեկտեղեցինք փաթեթավորման բիզնեսը:

2007 թվականի հուլիսի 7-ին ստեղծվեց «Գուրմե-Դուրմե» բրենդը, հետաքրքիր է, ո՞վ է այս անվան գաղափարի հեղինակը:

— Անվան հեղինակը ես ու եղբայրս ենք: Գուրմեն ֆրանսերեն բառ է, որը նշանակում է համեղ ուտեստ սիրող, իսկ դուրմ բառն ունի հայկական ծագում, որը նշանակում է շոկոլադ: «Գուրմե-Դուրմե»-ն հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշներից մեկն է: Ֆրանսիական միջավայրին դեռևս մանկուց եմ ծանոթ, քանի որ Լիբանանում հաճախել ենք ֆրանսիական դպրոց: Ճիշտ է, Լիբանանի մեր հայրենակիցները շատ էին քննադատում այդ առումով մեզ, բայց այսօր այդ քննադատողները չեն ապրում Հայաստանում: Մեր ընտանիքում հայկականությունը պահելու առումով գերազանց վայր էր, այնտեղ ստեղծել էինք մի Հայաստան, և խոսում էինք մաքուր հայերենով: Դուրմ բառը վառ ապացույցն է այդ ամենի, քանի որ գրեթե ոչ ոք չգիտեր այդ բառի իմաստը:

Պարո´ն Բաղդադյան, շոկոլադի բիզնեսը արդարացրե՞ց Ձեր սպասելիքները:

— Բնականաբար, ինչպես նշեցի, մենք բավական խորն էինք ուսումնասիրել շուկան, այս դեպքում կարող ենք ասել, որ վաճառքն ապահովված էր, մնում էր ստեղծելը: Մենք` հայերս, շոկոլադ սիրող ազգ ենք, ամեն մի շնորհակալական կամ ուրախ առիթների արտահայտչաձևը դրսևորվում է միմյանց շոկոլադ նվիրելով: Բիզնեսում շատ կարևոր է ունենալ համբերություն: Եթե ներկայացնեմ մեր դեպքը, ապա մենք սկզբնական շրջանում արտադրում էինք 4 տեսակ շոկոլադ, քանի որ մատակարարում էինք միայն օդանավակայանում, բացի դա սարքավորումներն էլ էին սահմանափակ: Տարիների ընթացքում, ընդլայնեցինք մեր մատակարարումը և սարքավորումները, ինչպես նաև մեր արտադրանքը վաճառքի հանվեց նաև սուպերմարկետներում, այնուհետև բացվեց մեր խանութ սրահը, որը գտնվում է Աբովյան 19 հասցեում:

— Իսկ որտեղի՞ց է բերվում շոկոլադի հումքը:

— Ինչպես եվրոպական ընտանեկան բիզնեսները, այնպես էլ մենք հիմնականում օգտվում ենք այսպես կոչված «handmade» մի քանի աղբյուրներից, որտեղից ստանում ենք շոկոլադը կիսապատրաստ վիճակում, որին էլ ավելացնում ենք համային և գունային հավելումներ, տեսք ենք տալիս, ձևավորում և փաթեթավորում: Այստեղ կարևորը որակն է, քանի որ մենք օգտվում ենք եվրոպական այնպիսի ընկերություններից, որոնք ունեն 200-300 տարվա պատմություն:

Պարո´ն Բաղդադյան, ո՞րն է Ձեր հաջորդ նպատակը բիզնես ոլորտում:

— Միշտ փորձել ենք տարբեր խանութներ բացել Հայաստանի տարբեր մարզերում, սակայն, ցավոք սրտի այն չաշխատեց, քանի որ ոչ բոլորն են ունակ գնել Գուրմե- Դուրմե շոկոլադը: Ասեմ ավելին, մենք նույնիսկ այլ բրենդեր ենք փորձել վաճառել մարզերում, սակայն ապարդյուն: Մեր վերջին ձեռքբերումներից մեկն այն էր, որ անցած տարվա նոյեմբերին, մեր գործարանում, որը գտնվում է Աշտարակ քաղաքում, կազմակերպեցինք փոքր ցուցահանդես: Ցուցահանդեսի ընթացքում մեր հաճախորդները կարողացան տեսնել նաև շոկոլադի պատրաստման եղանակները, ինչպես նաև պատմում էինք զբոսաշրջիկներին Կարմրավոր եկեղեցու մասին և մեր անցած ճանապարհի մասին: Նշեմ, որ տուրօպերատորները իրենց գոհունակությունն էին հայտնում, որ այսպիսի ցուցահանդես ենք կազմակերպում, քանի որ Հայաստանը հայտնի է իր հուշարձանաշատ վայրերով, և մեր գործարանը կարծես թե տարբերվող աուրա էր ներշնչում արտասահմանցիներին:

— Պարո´ն Բաղդադյան, Հայաստանը համարվու՞մ է բաց բիզնես ոլորտում:

— Ընդհանուր առմամբ այո, ճիշտ է` հարկերը ինչ-որ առումով շատ են, բայց չպետք է մոռանանք նաև, որ Հայաստանը փոքր երկիր է, և մրցակցությունը այդքան մեծ չէ: Վերջին երկու տարիների ընթացքում փորձեր արել ենք մուտք գործելու եվրասիական շուկա: Եվրասիական շուկան ավելի մատչելի է, քանի որ մենք մեր բիզնես սերտիֆիկատով կարող ենք հանգիստ մուտք գործել այդ շուկան:

Դուք ո՞ր կետերն եք կարևորում Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ:

— Իմ կարծիքով, յուրաքանչյուր սփյուռքահայի մեջ պետք է ստեղծել հպարտության զգացում` որ ինքը հայ է: Ամեն մարդ պետք է հպարտ լինի իր ունեցածով: Ես հպարտ եմ մեր շախմատով, մեր սպորտով, մեր մեծերով և այլն: Վերջին շրջանում անարյուն հեղափոխությունը ևս հպարտություն ներշնչեց շատերի մեջ:

 

Զրուցեց Սարիկ Սևադան, Երևան, 2019 թ.