Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՅՍՔԱՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆԵՐ ԵՐԱԶԵԼ
Загрузка
X


Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՅՍՔԱՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆԵՐ ԵՐԱԶԵԼ

Эссе / Ежедневник / 07.04.2019

Ամբողջ աշխարհը ՀՀ-ին պատրաստ է լսել, իսկ մեր ներսի ու դրսի հներն ամեն բան անում են, օտարին աղաչում են, որպեսզի օգնի իրենց նորերին հակառակվելու գուծում: Ամեն բանի կգնան, միայն թե նորերը հանկարծ չհաջողեն, իսկ շատ անգամ էլ անում են ներսից` նորի անվան տակ իրենց հին կաստայի շրջանակներում: 

Հարաբերությունների կիսատության, կադրերի պակասի, ֆինանսիստների, մենեջերների, կազմակերպիչների ոչ լիակատար բանակի պատճառով` ամեն օր ավելի ենք խճճվում, պառակտվում, օտարվում, անհիմն կազմաքանդվում: Նորերի դեռ շատ անկայուն  պատի տակից լսվում է հների ռևանշիստական տնքոցը: 

Հինը լավ չէր, նորերի վերաբերյալ  էլ ամեն բան ուզում ենք անել, որ հանկարծ լավը չլինեն: Սադոմազոխիզմի հոտ է գալիս այս ամենից: Ամեն բանի պատրաստ ենք` միայն թե մեր կիսատությունը չընդունենք, մեր սխալներն ինքներս չդատապարտենք: 

 

Հները սովոր են, որ ուրիշները դատը պետք է անեն և անպայման տարբեր օտարների կաբինետներում, որովհետև ըստ նրանց իրենց միայն օտարը կարող էր դատել, սեփական դատարանները գրպանի համար էին աշխատում:

 

Կարծում եմ, մենք մեր թերի լինելը չընդունելու բարդույթ ունենք:  Շունն իր  տիրոջը չի ճանաչում: Մեկս մյուսին հերթ չտալով իրավիճակներ ենք սարքում, որպեսզի փչացնենք ամեն բան, որպեսզի շեղվենք կարևոր հարցերից, որպեսզի պարտվող ու հաղթող երևանք ինքնակամ համաձայնության եկած` մեր ձեռքերով բեմադրված մեր, իսկ գավառական կրկեսում:

Աշխարհը մեզանից այլ բան է ակընկալում, մեր` դեպի  առաջ շարժվելու ցանկությունն ու հավատը պետք է շատ ուժեղ լինի, որպեսզի թռիչքը ստացվի:

Մեր բանակը պետք է վաղուց խոսեր անկաշկանդ լեզվով, բայց միայն հին համակարգից մաքրվելուց հետո դա հնարավոր դարձավ:

Մեր մեծ ու ոխերիմ թշնամին ինքներս ենք եղել դարեր շարունակ: Մեր նախանձն ու չկամությունը, մեր օտարապաշտությունը, մեկս մյուսին արհամարելն ու սեփական եսից այն կողմ չտեսնելը ծանր հիվանդություններն են, որոնցից չենք բուժվում: 2018-ի գարնանը կարծես թե բոլորի մոտ բուժվելու ցանկություն առաջացավ, բայց դեղահաբ ընդունելիս, կամ սրսկվելիս դեռ վախենում ենք, կամ ավելի վատ` չենք ուզում բուժվել, շատ անգամ` ալարում ենք:

Ինքներս մեզ չենք հավատում, դրա համար էլ բժշկվելու, առողջանալու  ճարը օտարների մեջ ենք փնտրում: Օտարը միշտ էլ կիսահիվանդ է թողնելու, բուժումը կիսատ է թողնելու, որպեսզի միշտ իրեն դիմենք, կախցված լինենք:

 

Մենք պետք է սովորենք ինքներս մեզ բուժելու մշակույթը, մեկս մյուսով ուժեղանալու մշակույթը, բարիքը դեպի տուն բերելու և տունն ամրացնելու մշակույթը:

Եթե նորերը շատ արագ չկարողանան համայն հայությանը միավորել մեկ գաղափարի շուրջ, եթե օտար թաթերին չափից ավել թույլ տան խառնվել ՀՀ ներքին գործերին, և եթե մենք չսկսենք իրերն իրենց անուններով կոչել` մենք շատ ծամծմված վիճակում կհայտնվենք նորից:

 

Շատ լավ հասկանում եմ, որ դժվար ու ցավոտ է շատերի համար, լավ հասկանում եմ, որ անհնարինը հնարավոր դարձնելու համար մեծ ցանկություն և ծայրաստիճան ուշադիր է պետք լինել, արագ է պետք գործել: Թշնամուցդ և բարեկամիցդ արագ պետք է մտածես ու ստեղծես, որպեսզի ինքնաբավ քեզ զգաս:

Բայց մի քանի բան կա, որ չեմ կարողանում հսկանալ. ո՞նց կարող է ազգն իր ցավերի լուծումները միայն օտարների գրկում  փնտրել, ո՞նց կարող է ազգն այսքան հարուստ լինել և ապրել աղքատության մեջ, աղքատ երկրում, ո՞նց կարող է ազգն այսքան գլուխներ ունենալ ու գլուխների հզոր հավաքական չունենալ, ո՞նց կարող է ազգի 80%-ն ապրել օտար ափերում, իսկ տունն ափ չունենալ, ո՞նց կարող է ազգը թույլ տալ, որ սեփական ժողովուրդը իր սեփական երկրում, իր պապենական հողի վրա ծնվելով` ապրի օտարի լծի կամ նրա հրամանների տակ, ո՞նց կարող է ազգն ինքն իրենից  խռոված մնալ, իսկ օտարների մասին օրհնանքով խոսել, ո՞նց կարող է ազգը սեփական երեխայի հետ օտարի լեզվով խոսել: 

 

Հ.Գ. Ո՞նց կարող ենք լինելով մեկ ազգ` այսքան տարբեր հայրենիքներ սիրել, այսքան տարբեր հայրենիքներ երազել:

 

Հեղինակ՝ Հրանտ Վարդանյան, Երևան, 7 ապրիլի, 2019 թ.