Հովհաննես Զարդարյանի 100 ամյակի առթիվ «Ժամ» ամսագիրը սիրով ներկայացնում է ժամանակակիցների հուշերը մեծ արվեստագետի մասին ամսագրի նոր՝ «Հուշապատում» նախագծից:
Հովհաննես Զարդարյանը իմ սիրելի գունանկարիչներից է: Ինձ վրա նրա կտավները տպավորություն են գործել նկարչի առաջին քայլերից սկսած: Եվ այդ սերը շարունակվում է առ այսօր:
40-ական թվականների վերջերին կազմակերպվեց Հովհաննես Զարդարյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Ինձ համար նա պարզապես հայտնություն էր: Նկարչական երկնակամարի վրա հայտնվել էր նոր դեմք: Հիմա ես չեմ հիշում թե նա քանի՞ տարեկան էր, երևի 30 չկար, բայց նա թողեց վարպետի տպավորություն:
Ինձ գրավեցին նրա բնանկարները: Մինչ այդ, բնությունը պատկերող մեր նկարիչները, համենայն դեպս մեծ մասը, աշխատում էին Սարյանի ազդեցության տակ: Նկարում էին ու չէին կարողանում հաղթահարել մեծ վարպետի կախարդական ազդեցությունը, չէին կարողանում բնությանը նայել սեփական աչքերով: Նկարում էին բնության մի տեսարան, որ Սարյանը չէր նկարել, բայց նկարում էին այնպես, ինչպես կնկարեր Սարյանը: Զարդարյանն այն առաջին նկարիչն էր, որ հայկական բնությունը նկարեց յուրովի, այնպես, ինչպես ինքն էր տեսնում, միայն ինքը: Տեսնում և զգում: Այս էլ ասեմ, որ խորանալիս զգում էիր, որ Զարդարյանը ուրիշ բնանկարիչների դպրոցը նույնպես յուրացրել է, բայց ամեն մեկից քաղել սեփական խառնվածքին մոտն ու սիրելին: Ոչ ոքի չէր կրկնում: Բոլոր բնանկարներում ինքն էր: Տպավորությունն այնպես էր, որ իր բոլոր ուսուցիչները բարերար ազդեցություն են ունեցել գտնելու իրենն, այն, ինչ հետո համարվելու էր զարդարյանական:
Մեծ տպավորություն գործեց, նույնիսկ շատ մեծ, Աբովյանին նվիրված կոմպոզիցիոն թեմատիկ պատկերը: Մեծ լուսավորականի գեղանկարչական կերպարն ստեղծելու մրցույթ էր հայտարարված: Մրցույթը փակ էր և նկարները ներկայացվելու էին պատմական անուններով: Զարդարյանն իր համար ընտրել էր «Նախաշավիղ» ծածկանունը: Զարդարյանի կտավը նվաճեց առաջին մրցանակը: Հաջողությունը շատ մեծ էր, լեռնաճանապարհին Աբովյանն է և նրա կողքին մանկահասակ գեղջուկը, դեպի լուսավոր աշխարհ ճանապարհվող գյուղացի երեխան: Նա ճանապարհ է ընկնում Աբովյանի օրհնությամբ: Պայմանական նպատակներով դրված անունը դարձավ կտավի ճշմարիտ խորագիր՝ «Նախաշավիղ»: Կտավի հաջողությունը նշանակալի էր, մանավանդ որ մեր արդի գունանկարչության մեջ կոմպոզիցիոն թեմատիկ աշխատանքները հազվադեպ էին: Բոլորի հիշողության մեջ թարմ էին Կոջոյանի «Գնդակահարություն»-ը և «Դավթի ծնունդ»-ը: Եվ ահա ասպարեզի վրա էր նոր անուն, երիտասարդ ուժ, որ հրապարակի վրա էր դրել շատ արագ ժողովրդականացած մի կտավ:
Այս ստեղծագործության արժեքը հիրավի պատմական էր: Դիմանկարներով, նատյուրմորտներով և բնանկարներով ողողված գունանկարչության մեջ հազվագյուտ ու ցանկալի երևույթ էր թեմատիկ պատկերը: Այս ասպարեզում նկարիչը աշխատեց բավական գործուն եռանդով: Ստեղծեց ուրիշ արժեքավոր կտավներ ևս: Բայց լավագույնը եղավ «Գարուն» կոմպոզիցիոն կտավը: Իր կենսահաստատ տրամադրությամբ, գեղեցիկի ու կատարյալի ձգտումով, մարդու և բնության ներդաշնակությամբ՝ դա մի կատարյալ գործ է, որը թերևս Զարդարյանի ստեղծագործության գլուխգործոցն է: Այս կտավի արժեքն ու նշանակությունը վաղուց դուրս են եկել ազգային իրականության սահմաններից:
Զարդարյանը վարպետ դիմանկարիչ է: Այս ասպարեզին նա նվիրվեց հատկապես վերջին տարիներին, թեև այդ ուղղությամբ փորձեր արել էր իր նկարչական կյանքի առաջին տարիներից: Ես այստեղ կկամենայի հիշատակել Երևանի պատկերասրահում ցուցադրվող մի քանի դիմանկարներ՝ «Անահիտն ընթերցելիս», Լոռենցի, աստղաֆիզիկոս Սյուզի Կոլլինի և Սորբոնի ուսանողուհու դիմանկարները:
Կերպարը ճանաչելու, իր հայտնաբերած մարդկային բնավորությունն ու հոգին հաղորդելու խիստ յուրահատուկ, կասեի անկրկնելի արտահայտչոցները, գունային ինքնատիպ լուծումները և այլ յուրահատկությունները կտավներին հաղորդում են հրապույր և գրավչություն:
Հովհաննես Զարդարյանը մեր երկրում և նրա սահմաններից դուրս լավ ճանաչված արվեստագետներից է, որի մասին կարելի է շատ խոսել: Նյութ տվող, մտքեր հարուցող, խոհրդածությունների առիթ տվող նկարիչներից է: Ինձ, որպես նրա արվեստը սիրող և գնահատող մարդու, խորապես ցանկալի է, որ դեռ երկար շարունակվի նրա գեղեցիկ կյանքը: Վերջապես, մի ցանկություն՝ ավարտի «Գաղթ» խորագրով մեծաչափ կտավը, որը խոստանում է լինել նկարչի որոնումների ու փնտրումների ամփոփումը: