ԱՆԴՐԱՆԻԿԸ և ԻՐ ՋՈԿԱՏԸ. Լև Տրոցկի
Загрузка
X


ԱՆԴՐԱՆԻԿԸ և ԻՐ ՋՈԿԱՏԸ. Լև Տրոցկի

Наследие / Архив / Ежедневник / 16.06.2019

Հայ ժողովրդի ազգային հերոս Անդրանիկի մասին գրվել են մեկ տասնյակից ավելի գրքեր, հարյուրավոր հոդվածներ և հուշեր: Բայց ընթերցողն ազգային հերոսի մասին այսօր էլ ամեն ինչ չէ, որ գիտե:

1912 թվականի հոկտեմբերի 8-ին Չեռնոգորիան պատերազմ հայտարարեց Թուրքիային, կարճ ժամանակ անց նրան միացան Հունաստանը, Սերբիան և Բուլղարիան՝ Թուրքիայի երբեմնի հպատակները: Այդ նույն ժամանակ կազմակերպվեց և անմիջապես մարտերի մեջ մտավ հայկական վաշտը: Բալկանյան պատերազմի առաջին օրերից, ռուսական մի շարք թերթերի զինվորական թղթակցի հանգամանքով պատերազմի թատերաբեմում է եղել Ռուսաստանում հեղափոխական շարժման ականավոր գործիչ, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներից ու ոգեշնչողներից մեկը՝ Լև Տրոցկին, և մնացել է մինչև Բալկանյան պատերազմի ավարտը: Նա մոտիկից շփվել է հայկական վաշտի հետ, հաղորդակցվել նրանց տրամադրություններին, ականատես եղել հայ կամավորների մարտական կեցվածքին, հանդիպել կամավորական մարտիկներին, հրամանատարներ Գարեգին Նժդեհին և Անդրանիկին: Ստորև ներկայացվում է Լև Տրոցկու հոդվածը Անդրանիկի մասին:

Աշխարհում քիչ չեն մարդիկ, որոնք բացառիկ ճակատագրի տեր լինելով՝ պիտանի չեն խաղաղ կյանքի, առօրյա գործունեության համար: Իհարկե կյանքը զորեղ է նրանցից: Երբ տևականորեն հանդարտվում է կյանքը, նրանք ևս ստիպված հարմարվում են կյանքի միապաղաղ պահաններին: Նրանք ծառայության են մտնում, տրտնջում հոդացավից, թոշնում: Բայց երբ պատմությունը թևակոխում է հուզումների ու քաոսի շրջան,նորից ոգի են առնում, նրա առաջին իսկ կանչով ուսերին են նետում այծենակճը՝ բարձիթողի անելով առտնին հոգսերը:
Սոֆիայում կազմավորված հայկական կամավորական ջոկատի հրամանատարը Անդրանիկն էր՝ երգի ու առասպելի հերոսը: Նա միջահասակ է, հովհարավոր գլխարկով ու երկարաճիտ կոշիկներով, նիհարակազմ է, ճռապատ, կոշտ բեղերով ու սափրված կզակով, մի մարդու կեցվածքով, որ բավական ձգձգված պատմական դադարից հետո վերագտել է իրեն:

Անդրանիկը 46 տարեկան է, ծնունդով Թուրքահայաստանից, ժամանակին հյուսն է եղել: Հեղափոխական գործունեությունը սկսել է 1888թ. Սվասի վիլայեթում:1892թ. հարել է հայկական «Դաշնակցություն» կուսակցությանը:
1891թ. Սասունում տեղի ունեցան հայկական ջարդեր: Դաշնակցությունն այնտեղ ուղարկեց զինված ջոկա, որը տեղավորվեց Մուշի դաշտում, Սասնա լեռների ստորոտին: Այստեղ Անդրանիկը ստանում է իր մարտական մկրտությունը: Որպես հայ հայդուկների ղեկավար, հետագայում՝ 1895-96 թթ. նա պաշտպանում է հայկական գյուղերը, հրազեն է տեղափոխում, զինում բնակչությանը, կռվում քրդերի և թուրքերի ոչ մեծ կանոնավոր ջոկատների դեմ: 1897 թ. կեսերին նա գալիս է Կովկաս, անմիջական կապեր հաստատում կուսակցության կենտրոնի հետ և վերադառնում Հայաստան՝ մեծ լիազորություններվ ու զենքի պաշարով: Մինչև 1899 թ. սպանվում են հայդուկների մի քանի լավագույն առաջնորդներ: Անդրանիկը ստանձնում է Սասունի նահանգի բոլոր ջոկատի հրամանատարությունը: Այս վայրը պարտիզանական կռիվներ մղելու իր բնական պայմաններով լավագույն է Բիթլիսի վիլայեթում: Նրա հրամանատարության տակ են 38 գյուղեր՝ բնակեցված մարտաշունչ, կիսանկախ գյուղացիներով: Այստեղ էլ ծավալվում է Անդրանիկի հերոսապատումը:

1990 թ. քուրդ Բեշարե-Խալիլ աղան, որ ծառայում էր թուրքերի մոտ, սպանեց հայ հեղափոխական ամենանշանավոր գործիչնեից մեկին՝ Սերոբին: Բնակչությունը մեծարում էր նրան՝ կոչելով Սերոբ փաշա, քանզի նա հասավ Սասունի գրեթե լրիվ անկախությանը: Այդ «սխրանքի» համար Բեշարե-Խալիլ աղան պարգևատրվեց սուլթանական շքանշանով: Ութ ամիս անց Անդրանիը վրեժ լուծեց. իր ջոկատով հետապնդելով Խալիլին, սպանեց նրան և տասնյոթ քրդերի՝ որպես ռազմավար խլելով Աբդուլ Համիդի շքանշանը: Մինչ օրս դաշնակցության Ժնևի արխիվում պահվում է սուլթանական շքանշանը:
Անդրանիկը մեծ համբավ է վայելում: Հայերը ենթարկվում են , թուրքերը վախենում, սուլթանական զորքերը կրնկակոխ հետապնդում նրան: 1901 թ. նոյեմբերին Անդրանիկն իր տասնյոթ հայդուկներով, տևական ընդհարումներից հետո, շրջապատվեց Մշո Առաքելոց վանքում: Հինգ գումարտակից բաղկացած ամբողջ մի գունդ Ֆերիխ փաշայի և Ալի փաշայի հրամանատարությամբ պաշարեց լավ ամրացված վանքը: Երկարատև ու անպտուղ բանակցություններից հետո, որոնց մասնակցում էին հայ հոգևորականներ, Մուշի քաղաքագլուխը և արտասահանյան հյուպատոսներ, Անդրանիկը որոշում է ճեղքել շրջափակումը: Սպանված թուրք ենթասպայի համազգեստով նա շրջում է բոլոր պահակակետերը, խոսում հիանալի թուրքերենով, կարգադրում չքնել և միաժամանակ ճանապարհ ցույց տալիս իր ջոկատին:


Ընդհարումների, հետապնդումների, հարձակումների նոր շրջան... «Ես երբեք թշնամակն գործողութուններ չեմ մղել խաղաղ բնակչության դեմ, պայքարել եմ միայն բեկերի ու իշխանավորների դեմ»: Երկու տարի հետո իրականացավ Անդրանիկի կյանքի գործը: Այդ ժամանակ նա 38 տարեկան էր: 1901 թ. գարնանը Սասնա լեռներում թուրքական երկու գումարտակ ութ խոշոր թնդանոթներով շրջապանեցին նրան: Անդրանիկի հրամանատարությամբ գործում էին արագաձիգ հրացաններով զինված երկու հարյուր ռազմիկներ և 800 գյուղացիներ՝ սեփական կայծքարե հրացաններով: Բանակցությունները տևեցին երկու օր: Ապրիլի 13-ին սկսվեց հայկական գյուղերի գնդակոծումը: Լեռնային դիրքեր գրաված կամավորներին թնդանոթները գրեթե վնաս չէին հասցնում: Ինչպես սովորաբար նման դեպքերում, այս պատժիչ արշավի գլխավոր նպատակն էր գյուղական բնակչությանը մատնել հուսահատության, այդպիսով մեկուսացնել կամավորներին և ատելություն հարուցել հեղափոխականների հանդեպ: Անընդմեջ փոխհրաձգությունը շարունակվեց 8 օր: Թուրքերը կորցրին հարյուրավոր զոհեր, որոնց դիակները հայդուկները լցնում էին լիճը: Բնակիչները լքել էին Սասնա գյուղերը: Ջոկատի պաշտպանության ներքո շուրջ 4000 հոգի նահանջեց, մյուս մասը ցրվեց Դիարբեքիրի գյուղերում: Նահանջելով և հրաձգությամբ պաշտպանվելով՝ Անդրանիկը հասավ Վանա լիճ, գրավեց երեք առագաստանավ և իր հայդուկներին տեղափոխեց Աղթամարի վանք: Երեք օր անց նրանք նույն նավերով գիշերով հասան Վան: Հեռագրով հայտնեցին Կ. Պոլիս, որ քաղաքն Անդրանիկի ձեռքին է: Գործին խառնվեց անգլիական հյուպատոսը: «Ավելի լավ է հեռանաք, — ասաց նա: Ռուս-ճապոնական պատերազմի օրերն են: Եվրոպայի ուշադրությունն այնտեղ է: Դիվանագիտությունը չի խառնվելու»: Իսկ շուրջ բոլորը՝ հայկական գյուղերում կոտորած էր: Անդրանիկը որոշեց հեռանալ Հայաստանից: Իր ջոկատի հետ նա շարժվում էր միայն գիշերները: Յոթերորդ օրը հասավ Պարսկաստան, այնտեղից անցավ Կովկաս և Ռուսաստանի վրայով՝ Վիննա: Առժամանակ ապրեց Ժնևում, ապա Եգիպտոսում և վերջապես հաստատվեց Սոֆիայում: Այնտեղ նա մտերմացավ Մակեդոնացի հեղափոխականների հետ , որոնք հարազատ էին նրան հոգեբանությամբ ու պայքարի եղանակներով: «Ես ազգայնամոլ չեմ, — ասում է նա իր արշավի բացատրության մեջ, — ճանաչում եմ միայն մեկ ազգ՝ ճնշվածների ազգը»:

Բալկանյան աշնան հիասքանչ օր էր, արևը պայծառ շողում էր, քաղաքում դեռևս քիչ էին վիրավորները, և պատերազմըցնծություն էր առաջացնում: Կամավորները դուրս եկան կանանց գիմնազիայի շենքից, որտեղ ապրում էին և տիրապետում հնարքների:Նրանք 203 թխադեմ ու թավամազ տղամարդ էին՝ 19-45 տարեկան,տարբեր անցյալ ունեցող մարդիկ:

Կամավորները քաղաքացիական զգեստներով են, միայն թե զինվորավարի կոկ ու հավաք են, շատերը ոտքերին կապել են փաթաթաններ, մեջքներին՝ քաթանե պայուսակ ու գլխանոց ունեն, կողքից՝ փամփշտակալ: Մեծ մասն ունի սեփական ատրճանակ: Ծաղիկները զարդարված են գառնամորթուց բարձր գդակներն ու գոտիները: Ահա այս ամենը՝ գառան մորթուց գլխակներ, ձգված գոտիներ, գլխանոցներ, մաքուր պարկեր և ծաղիկներ, ջոկատին ոչ միայն մարտական, այլև տոնական տեսք է տալիս:

Վաշտի հրամանատարը հայ սպա է, համազգեստով: Նրան պարզապես «ընկեր Գարեգին» են կանչում: Գարեգինը Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանող է, որ մեղադրվել է դաշնակցության «լիժենյան» հայտնի «գործով» և արդարացվել երեք տարվա բանտարկությունից հետո: Սոֆիայում նա անցել է ռազմական ուսումնարանի դասընթացը և մինչև պատերազմը համարվում էր բուլղարական բանակի պահեստի ենթասպա: գարեգինը պոետ է, հռետոր և ռազմիկ՝ ամբողջովին խանդավառված իրեն բաժին ընկած առաքելության կարևորությամբ:
Բայց ջոկատի ոգին Անդրանիկն է: Նա հոյակապ է իր մուգ գորշավուն կոստյումով, կարակուլե բարձր գլխարկով և լավ կարված զինվորական երկարաճիտ կոշիկներով, որոնցից դուրս ցցված մտրակը ոչ պաշտոնական իշխանության խորհրդանիշ է: Կողքից կախված են հեռադիտակը և բրաունինգը, կրծքին՝ մի ամբողջ ծաղկեփունջ, ժապավենին մակագրություն. «Ազատություն կամ մահ»: Դա Կարմիր խաչի կոմիտեի հայուհիների նվերն է: Կամավորների կանայք, քույրերն ու աղջիկները խռնվել են այն շարքերի մոտ, որտեղ իրենց ամուսիններն են, եղբայրները, հայրերը: Վայելուչ քայլում է ջոկատը, որտեղ այժմ դժվար է ճանաչել նախկին պանդոկապաններին, գործակատարներին, և սրճարանատերերին: Զուր չէ , որ Գարեգինը տասն օր շարունակ օրական տասը ժամ նրանց ուսուցանում էր շարային արվստի գաղտնիքները: Ձայնը լիովին խռպոտել է հրամաններից ու ելույթնորից, տեսքը լարված է, և նրա սևաթույր մազերն անհնազանդ ալիքներով դուրս են թափվել սպայական գլխարկի տակից: Վաշտի առջևից ջահելի հստակ քայլվածքով լուռ գնում է Անդրանիկը: Նրա մեջ ամեն բան ՝ փայլատակող հայացքը, ծակծկող բեղերը և նույնիսկ ոսկեծոպ գլխանոցը վկայում է, որ նա կրկին տարերքի մեձ է:
— Ինձ ճանաչեցի՞ր, — հայ լրագրողին է դիմում կամավորներից մեկը,— ես Կոստանդնուպոլսում , «Ազատամարտի» քո խմբագրատանը քեզ համար թեյ էի պատրաստում...
Անդրանիկի մասին երգ էին երգում. «Ֆիդայական խումբ,գնանք մենք Սասուն, Մեր հայ եղբայրներ մեզ են սպասում, Անդրանիկը քաջ յուր ընկերներով՝ Կուզե պատերազմ, ըսպասե գարնան»:

Լուռ առաջ է շարժվում Անդրանիկը, միայն ավելի հատու է դառնում նրա քայլքը ... Լսվում են հայ հովվական սրնգի մեղմածոր հնչյունները: Սկզբում դրանք խլանում են ձայների ու գոռոցների մեջ, բայց աստիճանաբար հստակվում են, և արդեն կարելի է տարբերել մեղեդին. «Թանկագին ընկեր, ես մեռնում եմ»... պարզվում է՝ սահմանադրական Թուրքիայի հիմն է: Հետո կրկներգում են Անդրանիկի երգը: Բարձրահասակ, նիհար մի հայ՝ կատակաբան ու զվարճախոս (վաշտի խեղկատակն է) ամբողջովին ձուլվել է քայլերի ու հնչյունների ռիթմին: Նրա աչքերը կիսաբաց են, գլխարկը թեքվել է խոշոր քրտնած քթին, բայց նա չի ուղղում և երկար ոսկրոտ ձեռքերը թափահարելով՝ երգում է գարնան շնչի հետ Սասնա լեռներից իր ջոկատին մարտի կոչող հերոսի երգը:


Ճանապարհը փոխվում է խճուղու, որը կամրջից հեո ուղիղ ժապավենով ծառերի միջով ձգվում է դեպի լեռը: Աջ կողմում Վիտոշի լեռն է, որի հետ ջոկատի անդամներից շատերը կապված են կուսակցական հիշողություններով: 1901 թ. Վիտոշի փեշերին պայթուցիկ փորձակելիս մեռավ ՀՅԴ հիմնադիրնեից մեկը՝ Պետրովյան ակադեմիայի սան Քրիստափոր Միքայելյանը, որը նախկինում հարում էր «Նարոդնոյե վոլեին»: Այդ լեռան վրա նա նախապատրաստում էր Աբդուլ Համիդի մահափորձը: 1905-1906թթ. նույն րոտին էր գտնվում ռազմահրահանգչական կուսակցական դպրոցը, որը բուլղարական սպայի հրամանատարությամբ վոյեվոդներ էր պատրաստում հայ հայդուկների համար...

Հարկավոր է հրաժեշտ տալ: Գարեգինը սպայից վեր է ածվում զգայացունց հռետորի: Նա ասում է, թե հայերին միշտ համարել են դիմազուրկ և վախկոտ, սրբազան կրակ չունեցող մի ազգ, որն ունակ է միայն սողալու և հարստանալու: Սակայն վերջին 25 տարիները ցույց տվեցին, որ հայերն էլ կարող են մարտնչել ու մեռնել հանուն ազատության... Կանայք ծաղիկներ են նետում հռետորին: Իրենց մերձավորներից չեն ուզում պոկվել կանայք ու աղջիկները, բայց հրաժեշտ տալու ժամն է: Հնչում է հրամանը: Ջոկատը շարք է կանգնում և երգելով շարժվում: Անդրանիկը չի համբերում, արշավելով ճանապարհամերձ փոսերի վրայով՝ բրաունինգից մի քանի կրակոց է արձակում: Ի պատասխան որոտում է կամավորական ջոկատների հինգ րոպեանոց արձագանքը՝ ճիշտ ինչպես Սասնա լեռներում: Ձեռքերն ատրճանակներով վեր են պարզված , աես երդում են տալիս՝ «Ազատություն կամ մահ»:
* * *
Նոյեմբերի վերջին Սոֆիայում ես տեսա հայկական ջոկատից առաջին վիրավորներին, մոտ քսան մարդու: Նրանց տեսքը բնավ այնպիսին չէր, ինչպես այն արևոտ օրը, երբ Անդրանիկի մասին երգի հնչյունների ներքո ճանապարհում էի նրանց: Ոտքից գլուխ մաշված էին , նիհարած, չարացածորը մատներն էր կորցրել, որը կաղում էր, որի գլուխն էր վիրակապված: Մենք նստել էինք այն նույն պանդոկում, որը տերը հանձնել էր ծառայողին:
— Ծանր էր արշավին մասնակցելը, — պատմում էին վիրավորները, — շատ ծանր: Գիտեինք, որ հարսանիք չենք գնում, սակայն այդպես չէինք պատկերացնում: Շարժվում էինք ոտքով, ութերորդ օրը հասանք Տրնով, որտեղ մեզ խշտիկավոր հրացաններ բաժանեցին, և մակեդոնական լեգեոնի հետ մասնակցեցինք Կիրջալի: Այնտեղ օրեր շարունակ վարժվում էինք հրաձգությունից, ապա անցանք թուրքական սահմանը: Շուրջբոլորն ամայություն էր, գյուղերը հրկիզված, անասունները թափառում էին անօթևան: Այրել էին մեզնից առաջ, մենք էլ էինք այրում, մակեդոնացիններն էլ, թեև Անդրանիկը չէր թողնում: Գյուղերից դուրս հանդիպող թուրքերին, անգամ եթե լինեին, հրամայված էր որպես լրտեսներ՝ սպանել: Մակեդոնացիներն այդպես էլ վարվում էին. նախ հարցաքննում էին քաղաքում հնարավոր տեղեկությունները, ապա գնդակահարում կամ խոշտանգում: Մեր վաշտում դրվածքն ավելի խիստ էր: Մի անգամ դուրս եկանք գյուղից, ես ետ մնացի և, խոստովանեմ, տուն էի վառում:
Ինքս էլ չեմ կարող ասել, թե ինչու: Անդրանիկն արդեն ինձ սպասում էր ճանապարհի մոտ:
— Ինչո՞ւ ես ետ մնացել:
— Պետք ունեի: 
— Դու՞ ես վառել, — ցույց է տալիս տունը: Մտրակի տասը հարված հասցրեց: Տես, ասում է, առանց ինձ էլ քայլ չանես: Սակայն մերոնցից մեկն էլ, յունակների օրինակով, գաղտնի մորթում էր թուրքերին: Ինչ ասեիր. հայկական ջարդերը բոլորիս հիշողության մեջ են... ծանր էր: Արշավն ավելի ծանր էր, քան կռիվները: Երկու անգամ ստիպված էինք անցնել ծանծաղուտով, մի անգամ երեկոյան, մյուս առավոտյան, սառցի պես սառը ջուրը կրծքիդ է հասնում, հնարավոր չէ չորացնել, երթը երկարատև էր: Առանց հացի քաղցած էինք մնում: Միս՝ որքան սիրտդ ուզի. թուրքերը փախչում էին, իսկ անասունները մնում էին: Անհաշիվ եզ ու այծ էինք մորթում: Տրեխներս մաշվել էին. մի եզ մորթեցի, որ կաշին հանեմ, բայց չէի հասցրել քերթել, մեկ էլ հրաման եղավ շարժվելու: Ծխախոտել կար ուզածիդ չափ: Խանութները բաց էին, տերերը հեռացել էին ապրանքը թողած. վերցրու, ինչ ուզում ես: Բայց ոչ հաց կար, ոչ աղ: Սահմանն անցնելուց հետո աղի երես չենք տեսել, մինչև այստեղ վերադառնալը; Դրանից փորներս ուժեղ ցավում էր:
Անդրանիկը հրացանը ձեռքին կռվում էր մեզ հետ հավասար, բայց մարտի պահին իսկական հրամանատարը նա էր: Գարեգինը շատ խիզախ է, կռվի դաշտում երբեք ծնկի չի եկել, թուրը ձեռքին դիրքից դիրք էր անցնում: Մեզ հետ Գարեգինը կիսում էր վերջին պատառը: Երբ մեզանում ընկավ առաջին մարտիկը, Գարեգինը մոտեցավ, համբուրեց ճակատը և ասաց. «Ահա առաջին նահատակը»: Եվ այսպես էր հետագայում: Ով ընկնում էր՝ Գարեգինը մոտենում էր, համբուրում և կանչում. «Կարմիր խաչ»:Հայտնվում էին սանիտարները և տանում վիրավորներին: Ինձ Ֆիլիպոպոլ ուղարկեցին, այնտեղ հոսպիտալու 10 օր պառկեցի: Թագուհին այցելեց մեզ, հարցուփորձ արեց : Ես ասացի. «Դուք արդեն լավ եք թուրքերին Ասիա եք քշում, իսկ դրանից Հայաստանի վիճակը կվատթարանա»: Իսկ թագուհին ասում է. «Համբերեք, ձեզ համար էլ լավ կլինի»: Այս բացիկն էլ նվիրեց, որպես մխիթարություն...

Անտիդ Օտո*, «Կիևսկայա միսլ» / (Կիևյան միտք), #197, 19 հուլիսի 1913 թ.

*Լև Տրոցկու կեղծանունը

ZHAM magazine | www.zham.ru