Հը՞, վարժապետ, զենք գործածել գիտե՞ս, կարո՞ղ ես կռվել. հուշեր Անդրանիկ Զորավարի մասին
Загрузка
X


Հը՞, վարժապետ, զենք գործածել գիտե՞ս, կարո՞ղ ես կռվել. հուշեր Անդրանիկ Զորավարի մասին

Ценности / Традиции / Ежедневник / 30.03.2019
Արշավիր Շավարշյանը նախասովետական և սովետական Հայաստանի դպրոցների կրթական մակարդակը բարձրացնելու, դպրոցների աշխատանքը կանոնավոր դարձնելու, համակարգային փոփոխություններ մտցնելու գործում շրջադարձային դեր է կատարել: Հոգեբան, մանկավարժ, պրոֆեսոր Արշավիր Շավարշյանը ծնվել է 1884 թ.-ին Կամոյում (Նոր Բայազետ)։ Կարճ շրջան հետո, ընտանիքը տեղափոխվել է Իգդիր։ Հայրը՝ Մեսրոպը, եղել է Իգդիրի եկեղեցու քահանա, ով անմիջական մասնակցություն է ունեցել Իգդիրի հասարակական կյանքում։ Ավարտելով Իգդիրի ծխական դպրոցը՝ Շավարշյանը մեկնել է Թիֆլիս, ընդունվել՝ Ներսիսյան դպրոց (1896-1898 թթ.): Տասնչորս տարեկան պատանին որոշակիորեն գծագրել է իր մասնագիտական ուղին։ 1898-1906 թթ․ ուսումը շարունակել է Գևորգյան ճեմարանում։ Վերադառնալով Իգդիր, ծխական դպրոցում աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության, թվաբավանության ուսուցիչ, ապա դասավանդել է Եկատերինոդարի (Կրասնոդար) ծխական դպրոցում։
1910 թվականին ընդունվել է Գերմանիայի Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մանկավարժության բաժինը։ 1914 թ.-ին Արշավիր Շավարշյանը, երբ արտասահմանից վերադարձել է Իգդիր, տեղացիները նրան դիմավորել են մեծ շուքով, հայերին հատուկ մեծարանքով դեպի ուսուցիչը: Նա հենց սկզբից մեծ ժողովրդականություն է վայելել Իգդիրում: Անմիջապես առաջարկ է ստացել որպես մանկավարժության և հոգեբանության դասախոս աշխատել Գևորգյան ճեմարանում։
Շավարշյանը իր հայրենիքի պարտքը կատարել է ծառայելով ոչ միայն իր ազգի դպրոցին ու գիտությանը, այլև որպես զինվոր: Նա, առանց վարանելու, հայրենիքին սպառնացող վտանգների ժամանակ, ընդհատել կամ համատեղել է ուսուցչի աշխատանքը զինվորական ծառայության հետ (ստորև, Անդրանիկի հետ կապված դիպվածը եղել է հենց այս շրջանում): Էջմիածնում Շավարշյանը աշխատել է չորս տարի և 1918 թվականին փոխադրվել է Երևան։ Լուսավորության մինիստր՝ Նիկոլ Աղբալյանի հրամանով նշանակվել է Երևանի նահանգի տարրական դպրոցների շրջանային տեսուչ։ Այս ժամանակահատվածում Շավարշյանը ձեռնամուխ է եղել Հայաստանի տարբեր գյուղերում դպրոցներ հիմնելու, վերաբացելու և համակարգելու գործին։ 1921 թ.-ին հիմնադրել է Ն․Կրուպսկայայի անվան դպրոցը և դարձել նրա առաջին տնօրենը։ Զուգահեռաբար Երևանի պետական համալսարանում դասավանդել է հոգեբանություն և մանկավարժություն։ Քաջ ծանոթ լինելով դպրոցների խնդիրներին ու կրթական մակարդակին, ուսուցչական կադրերի պահանջարկին, նա հստակ հասկացել է, որ պետությունը իր վրա պիտի վերցնի մանկավարժներ պատրաստելու պարտականությունը: Այդ է պատճառը, որ նրա անունը տեսնում ենք Մանկավարժական ինստիտուտի համահիմնադիրների կազմում: Հետագայում ողջ կյանքը կապել է վերը նշված ինստիտուտի հետ, աշխատել այնտեղ՝ մինչև իր կյանքի վերջը։
Պրոֆեսորը կարևորել է հայ մանկավարժների դերը ազգապահպանության, կրթական որակի բարձրացման գործում, և իր երկհատորյա աշխատության մեջ՝ «Հայ մանկավարժներ», անմահացրել է նրանց անունները: Նա հեղինակ է բազմաթիվ գիտական, մեթոդական գրքերի, դասագրքերի, ձեռնարկների և հոդվածների։
Արշավիր Շավարշյանը մահացել է 1960 թ.-ին, թաղված է Երևանի Կենտրոնական գերեզմանատան քաղաքային պանթեոնում։

Արշավիր Շավարշյանն իր աշխատասենյակում, Երևան, 60-ական թթ.

Կարդալով մեծ տատիս անտիպ հուշերը պապիս՝ Արշավիր Շավարշյանի մասին, հանդիպեցի՝ «Հուշեր Անդրանիկի մասին» ենթավերնագրի։ Արշավիր Շավարշյանի կենսագրությունից դուրս էր մնացել այս դրվագը։ Նա եղել է մանկավարժ, հոգեբան, պրոֆեսոր, Նիկոլ Աղբալյանի (նախկինում Նադեժդա Կրուպսկայայի) անվան դպրոցի հիմնադիր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համահիմնադիր,  գիտական և մեթոդական հոդվածների, դպրոցական մաթեմատիկայի ձեռնարկների, «Հայ մանկավարժներ» երկհատորյակի հեղինակ,  շրջանային բազմաթիվ դպրոցների հիմնադիր։ Թիկունքում ունենալով լուսավորչական մեծ ճանապարհ, կյանքը նվիրելով հայ մանկավարժությանը, շատ է կարևորել հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը որպես զինվոր։ Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։ Տատս՝ Եղիսաբեթ Իսաբեկյանը, մանրամասն նկարագրում է Շավարշյանի մուտքը Անդրանիկ Զորավարի կամավորականների գունդ։ Ստորև ներկայացնում եմ հուշը, որը  մի դրվագով ևս կհարստացնի  Անդրանիկի մասին բազմաթիվ հուշերի շարքը։

Շավարշյանը կենտրունում՝ Լայպցիգի համալսարանում ուսանելու ժամանակ 1909-1914թթ․Ա. Շավարշյանը կենտրունում՝ Լայպցիգի համալսարանում ուսանելու ժամանակ, 1909-1914 թթ․

«1915 թվին, մեծ եղեռնից հետո, Հայաստանի արծիվ Անդրանիկ Զորավարը հայկական առաջին կամավորական գունդը կազմեց և նրանց գլուխն անցավ, որպես գնդի հրամանատար։

1915 թվի ապրիլ ամսից սկսած նա հրաշքներ է գործել Դիլմանի կռիվների ժամանակ։ Չերնոզուբով ռուսական գեներալը, իր ժամանակին, Դիլմանի կռիվների ժամանակ ասել է․ «Այդ կռիվներում մենք պարտական ենք Անդրանիկին մեր տարած հաղթությունների համար»։ 1915 թվի Վանի կռիվների ժամանակ Անդրանիկն արդեն ռուսական գնդում էր կռվում։ Նա ռուսական գունդը ղեկավարում էր Տուրուխան (Տրուխին) ռուս գեներալի հետ։ Ռուսական գեներալը նրա մասին արտահայտվել է, թե այդ զորավարը առանց որևէ ռազմական գիտություն ստանալու, իր ռազմական հոտառությամբ և քաջությամբ, հրանոթների և գնդացիրների տակ ցրում էր թշնամու դիվիզիան և ջարդում էր մինչև վերջին մարդը։ Թուրքերը նրա անունը միայն լսելիս սարսափով փախչում էին։ Այդպես էր տեղի ունենում նաև հայդուկային կռիվների ժամանակ։ 1916թվին, փետրվար ամսվա ընթացքում նա վերցնում է Բիթլիսը, իսկ մարտ ամսին Մուշը։

1915 թվին, Դիլմանի կռիվներից հետո, երբ Անդրանիկը հանգստանում էր իր կամավորական  գնդի հետ Քանաքեռում, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին Արշավիր Շավարշյանը դասեր չունենալով՝ ցանկանում է օգտակար դառնալ Անդրանիկի բանակին և դրա համար ներկայանում է հայ զորավարին։

1903թ․ Կոմիտասի հետ սաները Գևորգյան ճեմարանում, ներքևում նստած կենտրոնում՝ Ա․ՇավարշյանԿոմիտասն իր սաների հետ Գևորգյան ճեմարանում, ներքևում կենտրոնում նստած է Ա․ Շավարշյանը, 1903 թ․ 

Անդրանիկը նախ հարցնում է Շավարշյանին․

— Հը՞, վարժապետ, զենք գործածել գիտե՞ս, կարո՞ղ ես կռվել։

Ա․ Շավարշյանը պատասխանում է թե․ «Կյանքում զենքի հետ գործ չեմ ունեցել»։

Այն ժամանակ, իմանալով, որ եկվորը ճեմարանի ուսուցիչ է, արտասահմանյան կրթությամբ, առաջարկում է շտաբում աշխատել որպես տնտեսվար և ավելացնում․

— Ես շատ ազնիվ մարդու կարիք ունիմ, միայն աշխատանքիդ մեջ պիտի շատ շիտակ, ճշմարիտ լինիս։ Ես կրթություն-մրթություն չեմ հարցներ․ վատ արարք տեսա, թե չէ, բուրդտ կգզեմ, իմացի՛ր։ Մինչև քո դասերիդ սկսվիլը աշխատիր այստեղ։ Ահա´, հատկացնում եմ քեզ առանձին սենյակ, ապրիր և զբաղվիր քեզ համար գրականությամբ, ինչպես քո կամքդ է։ Հենց վաղվանից անցիր քո աշխատանքներին:

Շավարշյանը խնդրում է բոլոր գործերն իրեն հանձնեն։ Նա մինչև ուշ գիշեր գործավարի հետ ծանոթանում է տեղի ունեցած՝ կատարված ծաղսերի հաշիվների հետ ու հաշվի առնում իր հետագա գործունեությունը։ Շավարշյանը իր անելիքը վերջացնում ու վերցնում է իր մոտ բոլոր հաշվետու մատյանները։ Այդ պահին Զորավարն ասում է նրան․

— Ըշտե, վարժապետ, եթե որևէ բանում դժվարանաս, խնդրեմ անմիջապես ինձ դիմես, առանց քաշվելու։

Դրանից հետո, յուրաքանչյուր շաբաթ, Անդրանիկ Զորավարը, ձեռքն ուսին էր խփում ու հարցնում Արշավիրին․

— Հը՞, վարժապետ, ի՞նչ, ասելիք ունիս, որևէ պահանջ չունի՞ս։

Ա. Շավարշյանը ուսանողների հետ մայիսի մեկին, Երևան, 1957 թ.

Ահա այդ ժամանակաշրջանումն էր, որ ես էլ դասերից ազատ լինելով՝ ուղևորվեցի Երևան։ Մի բացիկ ուղարկեցի Քանաքեռ, նրան հանդիպելու համար, համապատասխան նշված՝ հասցեով հայտնեցի ուր գտնվելս։ Հետևյալ օրը դուրս եկա Աբովյան փողոց, նախկին Աստաֆյան, մայթով վերև եմ բարձրանում, հասա մինչև սեմինարիայի՝ այժմ պետհամալսարանի շենքը։ Այդ ժամանակաշրջանում դա վերջին բնակելի շենքն էր։  Դրանից հետո շարունակվում, տարածված էին այգիները։ Տեսա չորս ձիավորներ քառատրոփ վարգով՝ ներքև են իջնում, դրանցից մեկը առջևումն է․իսկ երեքը հետևում։ Ո՛վ զարմանք, աչքերիս չեմ հավատում, Արշավիրն է՝ զինվորական հագուստով։ Նա ե՞րբ սովորեց այդպես ձիավարությունը, մտածում եմ ես։ Երբ հավասարվեց ինձ, նշան արեց, որ սպասեմ ու ինքը ձիավորների հետ ցած սլացավ։ Մի քիչ ցած իջա։ Տաս րոպեից հետո հայտնվեց ինքը։

— Այդ ե՞րբ սովորեցիր ձի նստել,- հարցնում եմ իրեն։

— Ամբողջ ժամանակ շտաբում անելիք չունիմ, օգտվեցի առիթից, վարժվեցի։

Նա նկարագրեց շտաբում զինվորական կյանքը և Զորավար Անդրանիկի նախապատրաստությունների մասին առաջիկայում նոր հարձակումներ ունենալու կապակցությամբ։ Մենք հաջորդ օրը բաժանվեցինք, ես ուղևորվեցի իմ պաշտոնատեղին։

1915թվի նոյեմբերի 15-ին Ա․Շավարշյանը հայտնում է Զորավար Անդրանիկին իր հեռանալու մասին։ Անդրանիկը գալիս է շտաբ և օգոստոսի վերջերից սկսած մինչև նոյեմբեր ամսվա վերջը կատարված ընդհանուր աշխատանքների հաշվառում է կատարել տալիս։ Ա․Շավարշյանը ասում էր․ «Զորավար Անդրանիկի գնդի բոլոր ծախսերն ու գումարները գործն ստանձնածս ժամից միառմի հաշվի եմ առել ու գրանցել հաշվեմատյանի մեջ, որպեսզի հետագայում թյուրիմացության ոչ մի առիթ չծագի»։ Քարտուղարն ու գործավարը կատարում են հաշվառումները։

Անդրանիկի դիմանկարը, հեղ.՝ Դավիթ Պետրոսյան. 2012 թ.

«Առաջին անգամ տարված աշխատանքների հաշիվը, դուրս չեկավ, քառասուն ռուբլով պակաս, — ասում է Արշավիրը, ես սփրթնեցի և ցնցվեցի տեղումս, — խնդրո´ւմ եմ, ստուգեք նորից, հաշիվը ճիշտ չէ։ Ես մի կոպեկ ավելորդ ծախսում չեմ ունեցել։ Որքան ստացել, ըստ այնմ էլ կատարել եմ ծախսումները։

Նորից քննվում ու ստուգվում է ամբողջ գնումներն ու ծախսումները։ Այս անգամ էլ քառասուն ռուբլի ավել է դուրս գալիս։ Շավարշյանը այլայլվում է, կրկին նոր հաշվարկում են կատարում․կոպեկ առ կոպեկ ճշտորեն ստուգելով, տեսնում են նույն դրամի քանակը սխալմամբ կրկնվում է։ Վերջին ստուգումը շատ ճիշտ հաշվումներով լիովին համապատասխանում է ստացված  կատարած առնելիքների հաշվի քանակին, կոպեկ առ կոպեկ հավասարապես։ Այն ժամանակ Զորավար Անդրանիկը, ձեռքը մեկնում է Շավարշյանին՝ վեր կենալով․

-Շնորհակալ եմ ձեզնից, ձեր ազնիվ ու ճիշտ կատարած աշխատանքների համար։ Ես, ըշտե, վարժապե´տ, շիտակություն, ճշմարտություն սիրող մարդ եմ։ Ես, որ բան ներել չեմ կարող անկախ դիմացինիս դիրքից, բնույթից։ Իմ բնույթս այսպես է։ Ճշմարիտ հուզականությունը իմ տարերքն է։ Դե՛հ, ըշտէ, այսուհետև մեր ճանապարհները տարբեր ուղղությամբ են ընթանալու — ասաց նա — դու, այսուհետև, գրիչդ ձեռքդ առ դեպի դպրոց գնա՝ գիտություն ուսուցանելու մեր երիտասարդներին, իսկ ես զենքը ձեռքիս մեր ժողովրդի կյանքը պաշտպանեմ, սուր ճոճելով ազգ փրկեմ։

Արշավիր Շավարշյանը շտաբում իմանում է, որ Ա․Ջամալյանը Անդրանիկի բանակում նույն աշխատանքը կատարելու ընթացքում անփութության պատճառով թերություն է թույլ տվել։ Անդրանիկը զինվորների ներկայությամբ Ա․Ջամալյանին գետին է գցում ու մտրակում, ասելով․ «Անսիրտ ինտելիգենտ, ազգային դրամները անզգուշորեն ես ծախսել»։

Տղամարդու դիմանկար (Անդրանիկ), հեղ․` Սարգիս Խաչատուրյան, 1917 թ.

Շավարշյանը 1915 թվի նոյեմբերին վերադառնում է Էջմիածին իր աշխատանքները Գևորգյան ճեմարանում շարունակելու համար։ Մեր սիրելի լեգենդար հերոս Անդրանիկը անվեհեր, առանց վարանելու, արծվի նման նետվում էր թշնամու բանակների մեջ և մտրականման քաշում նրանց։ Ահա ժողովուրդը իր լեգենդար հերոսին ինչպես է երգում։

Ինչպես արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ

Թնդացնում ես աշխարհը քո անունով։

Մեր երգ ու պարծանք Անդրանիկ

Թշնամին, երբ լսում է քո անունը

Օձերի պես սողում է իր բունը

Մեր երկրի թագ ու պարծանք Անդրանիկ։

Իմ հիշողությանս մեջ մնացած մանկական հասակիցս լսված երգերից ազատագրութան և հայ ազգի ճնշվածության վերաբերյալ․

Խաղաղ դաշտի որդիք,

Լեռները ելնենք արոր

Գութան մոռնանք, հրացան առնենք,

Եվ մեր արդար դատը արյունով վարենք։

Մեր կյանք, մեր մահ թող լինի ազատ

Ճնշված հայի որդիքն հարազատ»։

Հեղինակ՝ Արմինե Շավարշյան, «Ժամ» ամսագիր, Երևան, 2019 թ.