Наследие / Архив / Ежедневник / 19.06.2019
Վահան Տերյանը Լև Տոլստոյի թաղմանը, 9 նոյեմբերի, 1910 թ․
Երբ ես գնում էի Յասնայա Պոլյանա, Տոլստոյի թաղմանը ներկա գտնվելու, խորապես զգում էի, որ այդ մի սրբազան պարտականություն է, և այդ ուխտագնացությունը լցնում էր իմ հոգին արտասովոր հուզմունքով...
Մենք գնում էինք Լև Տոլստոյին թաղելու՜...
Ցուրտ ձմռան գիշեր է: Պատուհանի տակ սրտաճմլիկ աղմուկով հեկեկում է քամին: Կուչ ենք եկել վագոնում և բոլորս զգում ենք րոպեի խորհրդավորությունը...
Հուղարկավորների բազմությունը քիչ էր, հանդեսը համեստ, բայց ոչ պարզ:
Այդ ամենը չափից դուրս սովորական էր. այդպես կթաղեին ամեն քիչ թե շատ հայտնի գրողի, արտիստի, հասարակական գործչի: Այդ ամենը չափից դուրս սովորական էր-մինչդեռ Տոլստոյը նախ և առաջ և միշտ արտասովոր է, անհամեմատելի:
Ես ոչինչ չէի ասի, եթե թաղումը բոլորովին պարզ և անշուք լիներ-այնպես, ինչպես լինում է ամեն սովորական, հասարակ գյուղացու թաղում, սակայն այդպես չէր:
Իհարկե, թաղման հանդիսավորությունը և մեծությունը հարկավոր չէր Լև Տոլստոյին: Դա մեզ էր հարկավոր,նախ և առաջ և միայն մեզ,որպեսզի մի րոպե ևս դարձյալ հեռանայինք առօրյականից -զգայինք նորից ու նորից ,թե որպիսի ողբերգական և խորհրդավոր րոպե ենք ապրում-որպեսզի դրոշմվեր մեր հոգում այն,որ միացնում է մեզ ամենքիս,այն,որ քարոզում էր Լև Տոլստոյը... Որպեսզի հեռանայինք մեր հոգսերից ու առօրյականից, որպեսզի տեսնեիք, որ մենք ընդունակ ենք մեր ուսուցչին հարգելու համար մոռանալ ամեն ինչ – միանալու նրա անվամբ և ապրել նրա ոգու, նրա մեծության լույսի մեջ:
Ապրեինք ուրիշ, բարձր զգացմունքների և մաքուր խոհերի աշխարհում:
Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ, մինչդեռ պետք է մասնակցեր ամբողջ աշխարհը....
Հանդեսը ավելի քան սովորական էր, նման մյուս այդ տեսակ հանդեսներին, մինչդեռ Տոլստոյը միակն է և նմանը չունի:
Թաղման հանդեսին ներկա եղող գյուղացիների մեջ ես առանձնակի հուզմունք չնկատեցի:
Նրանք եկել էին թաղելու Տոլստոյին ոչ իբրև մի մարգարեի,այլ իբր իրենց ծեր «աղային», «բարի կալվածատիրոջը»: Մինչդեռ Տոլստոյը ամենից քիչ այդ րոպեին աղա կամ կալվածատեր կարող էր համարվել:
Այդպես Մարգարեն դարձել էր սովորական կալվածատեր: Միթե կարելի է այդպես թաղել Տոլստոյին...
Ռուս գրողների, հասարակական գործիչներիև գիտնականների մեծ մասը, ճնշող մեծամասնությունը բացակայում էր...
Ես տեսա նրա տանջված դեմքը: Այդ դեմքը այնքան փոխված էր: Այնքան նման չէր այն լուսանկարներին, որոնք մենք տեսնում ենք միշտ: Դա մարտիրոսի, սրբի դեմք էր: Նա լի էր լուսեղեն խաղաղությունով և պայծառ հանգստությամբ:Նրա վրա տխուր մտածությունները և խորը տանջանքը դրել էին իրենց կնիքը, սակայն այդ կնիքը չէր խավարեցրել այդ դեմքի վսեմ պայծառությունը:
Նրան թաղեցին աշխարհից հեռու, խաղաղ ու գեղեցիկ մի անտառակի մեջ, այն տեղում, որ ինքը Լև Տոլստոյը ընտրել էր իր գերեզմանի համար...
Միայն երբ դագաղը իջեցրին գերեզման, մեկը բարձր ասաց. «Великий Лев умер!»
Ամբոխը ծունկ չոքեց և երգեց «Вечная память»․
Ծանր էր և սրտաճմլիկ այդ տեսարանը...
Վահան Տերյան, 1910 թ․