Ի՞ՆՉԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՇՈՒՇԻՆ
Загрузка
X


Ի՞ՆՉԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՇՈՒՇԻՆ

Наследие / Архив / Ежедневник / 25.06.2019

Զորավար Անդրանիկը Կարինի (Էրզրումի) անկումից հետո նշանակվել էր արեւմտահայերից կազմված Հայկական առանձին հարվածող զորամասի հրամանատար: Հրաժարվելով ճանաչել Բաթումի պայմանագիրը` 1918թ. հունիսի 2-ին նա իր զորամասով հեռացավ Դիլիջանից՝ Պարսկաստանով անցնելու Միջագետք, միանալու անգլիական զորքերին եւ շարունակելու կռիվը Թուրքիայի դեմ:

Զորավարի ծրագիրն արագորեն տարածվեց ժողովրդի մեջ, ու մի քանի օրում մարտիկների թիվը բավական աճեց: Շուրջ 4000 մարտիկից ու 20000 արեւմտահայ գաղթականից կազմված տարօրինակ այս զորամաս-քարավանը, հունիսի 17-ին հասնելով Նախիջեւանի շրջան, իմացավ, որ երկաթգիծը հանձնվում է թուրքերին, որոնք շտապում են զորքեր ուղարկել Պարսկաստան` թիկունքից հարվածելու անգլիական բանակին: Զորավարի հրամանով պայթեցվեցին երկաթուղային կամուրջը, թունելները ու քանդեցին մի քանի կիլոմետր երկաթգիծ` առժամանակ անվտանգ դարձնելով նաեւ Պարսկաստանի անգլիական զորքերի թիկունքը, որոնց թվաքանակի եւ գտնվելու վայրի մասին հայերը ոչինչ չգիտեին:

Երեք օր անց Զորավարի անմիջական ղեկավարությամբ գրավելով Ջուլֆայի կամուրջը` զորամաս-քարավանը մտավ Պարսկաստան, որտեղ եւ առաջապահ ստորաբաժանումները հունիսի 22-ին ջախջախեցին թուրքական 4-րդ բանակի 36-րդ զորամասի գումարտակներից մեկը: Զորավարը հույս ուներ, որ Սալմաստում իրեն կմիանան 2000 վանեցի կռվող ու 7-8 հազար զինված ասորի, եւ այդ պատկառելի ուժով հնարավոր կլինի հասնել Բաղդադ: Բայց պարզվում է, որ թուրքական զորքերը գրավել են Սալմաստը, եւ Վանի գաղթականությունն ասորի բնակչության հետ չորս օր առաջ հեռացել է դեպի Ուրմիա: Միջագետք տանող ճանապարհը Սալմաստի անկումով փակվել էր, եւ հունիսի 23-ին անցնելով հարձակման, զորամասը գրեթե գրավեց Խոյը: Եվ երբ օգնության հասած թուրքական հեծելազորը հրետանու աջակցությամբ փորձեց անցնել հայկական զորամասի թիկունք, գաղթականությունն այնպիսի խուճապի մատնվեց, որ խառնեց անգամ զորամասի մարտակարգերը: Հայերը, շուրջ 70 զոհ տալով, վերստին նահանջեցին Ջուլֆա:

Հետագայում եւս` խոշոր մարտերի ժամանակ գաղթականները մատնվելով խուճապի, մեծապես դժվարացնում էին զորամասի գործողությունները: Իսկ թուրքերը քաջ գիտենալով, որ Անդրանիկը Հայաստանի Հանրապետության կառավարությունից որեւէ օգնություն չի ստանում, առավել համարձակ էին ու ամեն գնով ձգտում էին ոչնչացնել զորամասն ու նրան ապավինած գաղթականությանը:

Հունիսի 24-ին Անդրանիկին միացան Վանի գնդի որոշ ստորաբաժանումներ: Շոգից ու համաճարակից խուսափելու համար զորամասը, գրավելով թուրքաբնակ Յայջին եւ հրկիզելով Ջուլֆայի կամուրջը, շարժվեց դեպի Նախիջեւան:

Հուլիսի 7-ին իմացվեց անգլիական զորքերի, իսկ Բաքվի ուղղությամբ` Ստեփան Շահումյանի ղեկավարած ուժերի խոշոր հարձակման եւ Եվրոպական ճակատում դաշնակիցների հաջողությունների մասին: Թեեւ ստացվող լուրերը գոտեպնդող էին, այսուամենայնիվ իրավիճակը տագնապալի էր: Բաքվին տիրելու համար թուրքական հրամանատարությունը մեծ ուժեր էր կենտրոնացնում` արգելելու Անդրանիկի ու Շահումյանի զորքերի միացումը:

Եթե թուրքերը մտնեին Նախիջեւան, տեղի թաթարները հայերից անմիջապես վրեժխնդիր էին լինելու նախորդ տարվա գարնան ինքնապաշտպանական կռիվների համար: Միաժամանակ օգնության խնդրանքով Զորավարին դիմեց նաեւ Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը: Թուրքական զորքերը Գանձակին տիրելուց հետո պատրաստվում էին արշավել Բաքվի վրա, որի պաշտպանների մեծ մասը ղարաբաղցիներ էին: Բաքվի կապվելը Ղարաբաղին հուժկու հարված կլիներ թուրքերին, իսկ հայության համար կստեղծվեր ամուր թիկունք: Բայց Զորավարը որոշեց մնալ կոտորածների վտանգի ենթակա Նախիջեւանում:

Հուլիսի 13-ին Ապրակունիսում կայացած խորհրդակցությունը որոշեց տեղի մուսավաթական ուժերը զսպելու նպատակով զինաթափել ողջ բնակչությանը: Հայտարարվեց զինվորական դրություն, ողջ իշխանությունը կենտրոնացվեց Անդրանիկի ձեռքում, նա Ստեփան Շահումյանին ուղարկեց իր նշանավոր հեռագիրը` հուսալով բոլշեւիկյան Ռուսաստանի զինական օգնությամբ կասեցնել Արեւելահայաստանն ու Ղարաբաղն օղակող թուրքական մահաբեր բանակների ընթացքը:


Ավետիս Ահարոնյանը վկայում է. «Երբ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Կ. Պոլսում էր, շաբաթ չէր անցնում, որ Էնվեր փաշան մեզնից հաշիվ չպահանջեր Անդրանիկի շարժումների մասին… Պարզ էր, որ Անդրանիկի սպառազինված սպառնալիքը Զանգեզուրում նեղում ու ջղայնացնում էր թուրք հրամանատարին, որ առաջխաղացման համար իր թիկունքն ապահով չէր զգում»:


Հուլիսի 19-ին թուրքական զորքերը հրետանային հզոր աջակցությամբ գրոհեցին Նախիջեւան քաղաքը: Տեղ հասնելով` հայկական զորամասի ստորաբաժանումները հնարամտորեն այնպես դիրքավորվեցին, որ թուրքերը հայկական դիրքերի փոխարեն սկսեցին թաթարական թաղերը ռմբակոծել: Թեեւ քաղաքում վերջին պահին ցուցաբերվեց հերոսական դիմադրություն, Նախիջեւանի ճակատագիրը վճռված էր. տեղի ազգային խորհուրդն ինքնապաշտպանության համար ոչինչ չէր արել, իսկ թշնամին ուներ կենդանի ուժի եւ հրետանու խոշոր գերազանցություն: Երեկոյան թուրքական զորքերը մտան նաեւ Ջուլֆա եւ Նոր Ջուղա: Ապա սկսվեց Ապրակունիսի գաղթը:

Նախիջեւանի անկումից հետո զորամաս-քարավանը բռնեց Ղարաբաղի ճանապարհը: Զինվորներից ոմանք արդեն գաղտնի ճանապարհներով անցել էին Շուշի, շատերն էլ ձգտում էին գալ Երեւան, իսկ Անդրանիկը հորդորում էր չմոռանալ Արեւմտահայ դատն ու գաղթականությանը, հիշեցնում, որ Բաթումի պայմանագրի համաձայն` Հայաստանը կարող է ունենալ միայն մեկ դիվիզիա, եւ արեւմտահայ զորամասն իսկույն կզինաթափվի, ինչը կվտանգի գաղթականների ֆիզիկական գոյությունը: Զորավարը հայտարարում էր, որ Կովկասից կհեռանա միայն դաշնակիցներից հաստատուն երաշխիքներ ստանալու դեպքում, ինչի հույսը դեռ ուներ:

Օգոստոսի 3-ին զորամաս-քարավանը մտավ Գորիս: Թեեւ տեղի պատվիրակները եւս Անդրանիկին խոստացել էին զորամասն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, բայց իրականում ոչինչ էլ չտվեցին:

Օգոստոսի 27-ին, ճնշելով Որոտանի հունի երկայնքով «շարված» թուրքական գյուղերի դիմադրությունը, զորամասը շարժվեց դեպի Սիսիան:

Սեպտեմբերի 12-ին Անգեղակոթում կայացավ Սիսիանի բոլոր հայկական եւ ռուսական գյուղերի ներկայացուցիչների ժողովը, որը միաձայն որոշեց չընդունել թուրքական գերիշխանությունը եւ Զորավարին խնդրեց մնալ` խոստանալով 22 գյուղերի ուժերով զորամասն ապահովել ամեն ինչով, ինչպես նաեւ սկսել 20-25 տարեկանների զորակոչ: Սեպտեմբերի 23-ին վնասազերծվեցին դեպի Սիսիան արշավելու դեպքում թուրքական բանակի համար ընտիր հենակետերի վերածված թուրքական երեք գյուղեր:

Սեպտեմբերի 27-28-ին Գորիսի վրա երեք ուղղությամբ հարձակում սկսվեց, իսկ Խոզնավարն ընկավ: Որպեսզի արեւմտահայ գաղթականությունն այլեւս նահանջելու տեղ չունենա, թուրքերն ամբողջովին փակեցին Գորիս-Սիսիան ճանապարհը: Հաջորդ օրը, ճնշելով թուրքական Աղուդի եւ Վաղուդի գյուղերի դիմադրությունը, զորամասը շարժվեց դեպի Գորիս, իսկ առաջացող թուրքական ուժերը, իմանալով զորամասի մոտենալու մասին, արդեն տասնհինգ վերստ նահանջել էին:

Անորոշ ու սպասողական վիճակ էր. թուրքական բանակը, զգուշանալով զորամասի հետ բախումից, ձեռնպահ էր մնում վճռական գործողություններից, իսկ Զորավարը փորձում էր Գորիսում ամուր ինքնապաշտպանություն կազմակերպել, ինչը տեղի ազգային խորհրդի անկարողության պատճառով բավական դժվար խնդիր էր: Բացի դրանից, նկատելի հուսալքություն էր առաջացրել նաեւ Բաքվի անկման լուրը: Իսկ Նախջեւանի կողմից տագնապալի ու հակասական լուրեր էին գալիս` պարտադրելով վերադառնալ վտանգված Սիսիան:

Ապահովելով գաղթականության նահանջը` զորամասը շարժվեց դեպի Սիսիան: Նույն գիշեր սուրհանդակը Երեւանից բերեց Թուրքիայի ու Գերմանիայի լուրջ անհաջողությունների եւ թուրքական զորքերի` Կովկասի ուղղությունից Կ. Պոլսի պաշտպանություն տեղափոխելու մասին լուրերը: Գորիս-Շուշի-Եվլախ գիծը լրիվ հայկական դարձնելու հեռանկարն այլեւս իրական էր:

Հոկտեմբերի 16-ին զորամասը վերստին բռնեց Գորիսի ճանապարհը: Շուտով տեղ հասան նաեւ Ղափանի ներկայացուցիչները եւ, հայտնելով կռվելու որոշման մասին, Զորավարից խնդրեցին մնալ Գորիսում: Անդրանիկը սկսեց Շուշիի գրոհի նախապատրաստությունը:

Նոյեմբերի 29-ին հայկական զորամասը գրոհեց Զաբուղ եւ Հագարու գետերի մերձակայքի (ներկայիս Քաշաթաղի շրջան) լավ ամրացված շուրջ 20 թաթարական գյուղ-հենակետերը, որտեղ կային նաեւ թուրքական ուժեր:

Դեկտեմբերի 1-ին կատաղի մարտերից հետո ողջ շրջակայքը գերիշխող բարձունքի գրավումով ճանապարհը բացվել էր, Անդրանիկը բոլոր ուղղություններով զարգացնում էր հարձակումը, իսկ թուրքերը անկանոն նահանջում էին: Շուշիի ճանապարհն արդեն բաց էր: Այդ պահին ստացվեց Բաքվի անգլիական ուժերի հրամանատար գեներալ Թոմսոնի հեռագիրը, որով նա պահանջում էր անհապաղ դադարեցնել հարձակումը` նկատի առնելով Մուդրոսի զինադադարը: Անգլիական հրամանատարության հետ երկար ու ապարդյուն բանակցությունների արդյունքում զորամասը մնաց Զանգեզուրում եւ ցուրտ ու սոված ձմեռ անցկացրեց:

Մարտի 25-ին զորամասը ճանապարհ ընկավ դեպի Երեւան, իսկ ապրիլի 15-ին Էջմիածնում սկսվեց հիվանդ զինվորների զորացրումը:

Ապրիլի 23-ին զորամասի հրամանատարության վերջին խորհրդակցությունում որոշվեց զենքերը հանձնել Ամենայն Հայոց կաթողիկոսին, 15000 նիկոլաեւյան ռուբլի հատկացնել Հայաստանի անկախության համար նահատակվածների հիշատակին Հայաստանի ապագա մայրաքաղաքի հրապարակներից մեկում հուշարձան կանգնեցնելու համար, 5000 ռուբլի հատկացնել հանգուցյալ Ռոստոմի ընտանիքին, իսկ մնացյալ 40000 ռուբլին բաժանել Էջմիածնում մնացող հետեւակ զինվորներին:

***

Այսպես ավարտվեց ժամանակին որոշ պատմագիրների` անարդարացիորեն «Խոյի չհաջողված արշավանք» հորջորջված խելահեղ գործողությունը, որի շնորհիվ Կովկաս արշաված թուրքերի նկրտումները հօդս ցնդեցին, եւ հայկական մնացին Զանգեզուրն ու Արցախը, ֆիզիկական ոչնչացումից փրկվեց շուրջ 60000 հայություն` այդ ժամանակ մոտ 750.000 բնակչություն ունեցող Հայաստանի ավելի քան 8 տոկոսը: Այս արշավանքի շնորհիվ 1918-ի ամռանը, երբ թուրքերը ստիպված էին Սալմաստից դեպի Խոյ փոխադրել իրենց ուժերը, փրկվեց նաեւ Վանի 25000 գաղթականությունը, ինչպես նաեւ Ռեւանդուզի մոտակայքում գտնվող անգլիական մի զորախումբ, որը, օգտվելով Անդրանիկի մոտենալու պատճառով թուրքերի մեջ սկսված շփոթից, կարողացել էր ճեղքել պաշարման օղակը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, փոխգնդապետ

ZHAM magazine | www.zham.ru