Ավետիս Ահարոնյանը Անդրանիկի մասին
Загрузка
X


Ավետիս Ահարոնյանը Անդրանիկի մասին

Наследие / Архив / Ежедневник / 25.06.2019

Զորավարը Սոֆիայում, 1912 թ․

Պատմում է Ավետիս Ահարոնյանը․

«Բախտավոր ու զարմանալի մարդ էր Անդրանիկը։ Իր կենդանության ժամանակ իսկ՝ իր կյանքը հմայիչ առասպել էր, ինչպես Գարիբալդիի կյանքը, որին նա այնքան նման էր։

Մտավորական, թե ռազմիկ, հեղափոխական, թե սովորական որեւէ անձ նրա մասին խոսելիս փնտրում էին միշտ արտահայտության տարբեր, ավելի անուշ, ավելի մտերիմ ձեւեր, ինչպես մայրը կաներ իր զավակի հանդեպ։

Մեր ժողովրդի բոլոր խավերի համար Անդրանիկը դարձած էր անքննադատելի եւ լուսավոր մի դեմք, որ արեւի պէս ճառագում էր արդարության ու ազատության ծարավի հոգիներուն։

Անդրանիկը սոսկ հեղափոխական մարտիկ չէր, նա Հայոց աշխարհի ըմբոստացումն էր, հայ տրորված, անարգված հողի վիթխարի աղաղակը։

Իր ձեռքի շարժումը լայն էր, տիրական, հայացքը՝ անխարդախ ու կախարդիչ, խոսքը՝ անկաշկանդ ու միշտ հրամայական, ձայնը՝ իշխանական ու անփութորեն հզոր, հակառակ իր թովիչ քաղցրության։

Գեղջուկ էր իր ապրուստի եղանակով, իր նիստ ու կացով, իր ուտել-խմելով, իր հոգեկան պարզությամբ, բայց ի սպառ զերծ գեղջկական գծուծ նյութապաշտությունից եւ մանավանդ ժողովրդի քծնող ստրկամտությունից, նրա համբերատար ոգուց։

Սքանչելի մանկական ծիծաղի հետ՝ անհնարին ցասումն ուներ, որպէս ամպրոպային Արամազդ։ Հախուռն ու հանդուգն էր իր վճիռների մեջ, խիզախ՝ գործերի ու շարժումների մեջ։

Կուռք է Անդրանիկը, որ մեր ժողովուրդն է կռել, կոփել ու քանդակել համապատասխան իր դարավոր իղձերի, ձգտումների, ամբողջ իր իդեալին, արդարության ու իրավունքի ծարավ իր հոգու պահանջներին։

Նրան լսելիս մարդ զգում էր, որ համայն հայությունն այս անզուգական մարդու կրծքի տակ է ամփոփված, ինչպես ճուտերը թուխսի թեւերի տակ»։

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ, «Հայրենիք» օրաթերթ, օգոստոս 30, 1973 թ.

ZHAM magazine | www.zham.ru