ՊԻՏԵՐԱՊԱՏՈՒՄ. փրկե՛ք Կոմիտասին
Загрузка
X


ՊԻՏԵՐԱՊԱՏՈՒՄ. փրկե՛ք Կոմիտասին

Наследие / Ежедневник / 24.08.2019

Իսահակովյան տաճարին կից մի պուրակում, շատրվանով մի ջրավազանի շուրջ կիսանդրիներ են շարված, Գոգոլի, Գլինկայի, Լերմոնտովի և մեկ ուրիշի, այժմ չեմ հիշում, թե ում: Նստել շունչներս տեղն էինք բերում երկար քայլելուց հետո: Սովորությանս համաձայն՝ միշտ հաց ունեմ գրպանումս, որ աղավնիներին, ծիտիկներին կերակրեմ, որոնք ամենուր կան: Անցա գործի: Մի աղավնի, որ Գոգոլի գլխին էր թառել և ննջում էր, ըստ երևույթին ինքն էլ ծրտել էր Գոգոլի գլխին, որը այտով մեկ հոսել էր մինչև ծնոտը: Նա էլ նկատեց, թռավ եկավ մյուսներին միացավ, և նրան էլ փշրանքներ հասան: Հաջորդ իսկ օրը նույն տեղով անցնելիս նկատեցի, որ Գոգոլի տրամադրությունը տեղն էր, կարծես բաղնիքից նոր դուրս էր եկել, ինքը մաքուր, մազերը սղալած՝ ինչպես սազական է մեծ գրողին: Լերմոնտովի հայացքը Գոգոլի կողմն էր և կարծես գոհ էր իր գրչակից ընկերոջը նույնպես մաքուր տեսնելով: Գլինկան և մյուսը նույնպես, ճիշտ է մի քիչ մտահոգ տեսք ունեին, բայց մաքրությունից փայլում էին:

Հիմա այս լուսանկարում, որ դուք տեսնում եք, կգուշակե՞ք թե ով է, որտե՞ղ է այն գտնվում, կիսանդրի՞ է, թե հասակով մեկ արձան, և ո՞ր երկրում կամ քաղաքում է գտնվում: Չեմ բացառում, որ ճանաչողներ էլ լինեն, բայց ձեզ խնայեմ ու միանգամից ասեմ՝ ԿՈՄԻՏԱՍՆ է, մեր 150-ամյա պաշտամունքներից մեկը: Անունն էլ հայատառ չէր գրված կամ երկլեզու: Նշածս պուրակից ոչ հեռու է այն գտնվում և այնպիսի մի միջավայրում է տեղադրված, որ շուրջը աղավնիներ, ծիտիկներ, և ոչ էլ շատրվանով կամ առանց շատրվանի ջրավազան կա:
Լացելու չափ տխուր տեսարան էր ինձ համար, ներողություն խնդրեցի Կոմիտասից, - անզոր եմ,- ասացի, իրեն որևէ բանով օգտակար լինելու համար: Գլխահակ թողեցի ու հեռացա, հետ չնայեցի, ինչպես եկեղեցուց դուրս գալիս, երբ շրջվում ես ու մի վերջին անգամ նայում խորանին ու խաչակնքում:
Իսկ մեր հայ համա՞յնքը, եկեղեցի՞ն, այն հոգևոր սպասավորը, որ ինձ մեկ ժամ պատմում էր իրենց հայապահպան հերոսական աշխատանքի մասին…
Ո՞ւր եք, պիտերաբնակ համայնք, փրկե՛ք ԿՈՄԻՏԱՍԻՆ:

Հեղինակ՝ Թեմիկ Խալափյան, Երևան, 2019 թ.