Հարևանության մշակութային նրբերանգները
Загрузка
X


Հարևանության մշակութային նրբերանգները

Наследие / Ежедневник / 19.12.2020

 

Դադիվանքի վանական համալիրը վերջին պատերազմական գործողություններից հետո հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Եվ անմիջապես հարևան երկիրը հայտարարեց, թե վանական համալիրը ոչ թե հայկական է, այլ աղվանական` ուդիական, անգամ ուդի քարոզիչ նշանակեց։ 

Եվ այս դեպքը եզակի չէ. տասնամյակների ընթացքում բազմաթիվ հայկական մշակութային հուշարձաններ հարևան երկրներում փորձ է արվում ներկայացնել որպես ոչ հայկական` աղվանա-ուդիական, վրացական, բյուզանդական։ Այդ մասին վկայող բազմաթիվ փաստեր, լուսանկարներ, աշխատություններ կան։ Իսկ հուշարձանների մի մասն էլ պարզապես ոչնչացվում է կամ վնասվում, ինչպես Շուշիի Սուրբ ամենափրկիչ եկեղեցին, որը հրթիռակոծվեց հոկտեմբերի 8-ին։

Հայկական հուշարձանները որպես այլ ժողովրդի մշակույթի կոթող ներկայացնելու նպատակը դրանք հայկականությունից զրկելն է, «Ժամ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

«Այդ հուշարձանների` հայկական լինելու փաստը բազմիցս ապացուցված է. Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հավաքել, հրատարակել է։ Լուսանկարներում պարզ երևում է, որ եկեղեցու արձանագրությունը 100-150 տարի առաջ կար, իսկ հիմա չկա, խաչքարի վրա խաչը ջնջված է, բարավորի վրա խաչային հորինվածքը եղծված է, և այդպես շարունակ»,– նշեց նա։

Պետրոսյանը համոզված է, որ դա նպատակաուղղված գործողություն է.

«Խնդիրն այն չէ, որ դրանց` հայկական լինելու մասին բավարար ապացույցներ չկան, դա ուղղակի մշակութային եղեռն է, որի նպատակը հենց հայկականությունից զրկելն է, այդ մշակութային ժառանգությունը վերափոխել, վերանվանել, վերաօգտագործել այնպես, որ դրանց հայկականության հետքերը չերևան։ Սա գլոբալ քաղաքականություն է, դա Հայոց ցեղասպանության շարունակությունն է»,– նկատեց նա` ավելացնելով, որ նա, ով դա անում է, գիտե, թե ինչ է անում, ունի իր զինանոցը, իր ստրատեգիան, ոչնչացման ու վերափոխման իր մեխանիզմները։

Ցանկության դեպքում կարող ես ամեն ինչ վերափոխել ու ներկայացնել այնպես, ինչպես քեզ է հարմար, նշեց Պետրոսյանը և բերեց Տիգրանակերտի օրինակը, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Օրեր առաջ մի լրագրող մտել էր Տիգրանակերտի` մեր պեղած եկեղեցու մեջ։ Ցանկացած մարդ կհասկանա, որ դա եկեղեցի է. արևմուտք–արևելք է, արևմտյան մուտքով է, արևելքում խորանն է և այլն։ Կանգնել և ասում է` ցանկացած մարդ կարող է հասկանալ, չէ՞, որ սա մահմեդական բաղնիք է։ Խորանը նա համարում է բաղնիքի սրահը, իսկ սարկոֆագները, որտեղ կմախքներ կան, ներկայացնում է որպես ջրամաններ։ Հիմա ի՞նչ պատասխանես նրանց»,– ասաց նա։

Անդրադառնալով Վրաստանի հայկական հուշարձաններին, որոնց մի մասը ներկայացվում է որպես վրացական, նա նշեց, որ Վրաստանն իրեն հռչակել է իբրև ժամանակակից, արևմտյան գաղափարներ դավանող երկիր, որ այնտեղ մշակութային ժառանգությունը պատկանում է Վրաստանի ժողովրդին` անկախ ազգությունից, բայց իրականում պատկերն այլ է։

«Ես մի քանի անգամ շատ ծանր խոսակցություն եմ ունեցել իմ վրացի կոլեգաների հետ, ասել եմ, որ ձեր հռչակած այդ մոտեցումը գործնականում այդպես չէ. ի՞նչն է ձեզ ստիպում ջնջել հայերեն արձանագրությունները հուշարձանների վրայից։ Նրանք ասում են. «Գիտե՞ք ինչ, դա որոշ անհասկացող մարդկանց արածն է, դա պետության քաղաքականությունը չէ»։ «Բայց,- ասում եմ,- ինչպե՞ս է այդ ամենը համատարած»»,- նշեց նա։

Նույն` հարևան երկրներում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի մասին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ժամ»–ի հետ զրույցում նկատեց, որ Թուրքիայում քեմալիզմի շրջանում ձևավորվել է հայկական ատելության քաղաքական ծրագիր, ինչի հետևանքով հանրության համար անընդունելի են դառնում հատկապես հայկական մշակութային հետքերը: Այդ երկրի թուրք ժողովրդի ինքնությունը կառուցված է այլատյացության, մասնավորապես հայատյացության վրա։ Հայատյացությունը Մուստաֆա Քեմալի թուրքական էթնիկական ճարտարապետության կարևոր գործիքներից մեկն էր:

«Կովկասյան թուրքերի՝ ադրբեջանցիների ինքնությունը փոխկապակցված է օսմանյան թուրքերի ինքնության հետագա զարգացումների հետ, և այդ ինքնության ձևավորման քաղաքական ճարտարապետությունը կրկնում է ավագ եղբոր փորձը»,- զուգահեռներ տարավ նա։

Թուրքիայում, նրա խոսքով, ողջ քրիստոնեական մշակութային ժառանգությունը համարվում է բյուզանդական, այդ թվում բյուզանդական է ներկայացված նաև Անի քաղաքը: Նրանք իրենց համարում են բյուզանդական մշակույթի հետնորդներ։ Եվ իսկապես բյուզանդական կայսրության բազմամիլիոն հույները, հայերը, ասորիներն իսլամացել-թրքացել են, բայց բյուզանդական ժառանգորդներ են, այլ տեղից չեն եկել:

«Թուրքիայում այս քաղաքականությունը միայն հայերի դեմ չէ, ներառված են նաև հունական, վրացական, ասորական մշակութային արժեքները: Պարզապես մենք տեսնում ենք հիմնականում հայկականը: Այնտեղ այնպես է կառուցվում, որ ամեն ինչ պիտի համապատասխանի իրենց պատմության սեփական ներկայացման տրամաբանությանը»,– նշեց նա:

Ադրբեջանում էլ, նրա խոսքով, որպես աղվանների հետնորդ և սերունդ «նշանակել» են միայն ուդիներին և այդպիսով աղվանական մշակութային ժառանգությունից զրկում են աղվանական մահմեդականացած ժողովուրդներին՝ լեզգիներին, աղուլներին, ռուտուլներին, ծախուրներին, հափթիներին և այլոց:

Խառատյանը կարծիք հայտնեց նաև, որ Հայաստանում շատ չի խոսվում հարևանների մշակութային ժառանգության մասին. «VII դարից սկսած` հայ և վրաց եկեղեցիների միջև տևական պայքար է եղել, և նույնիսկ այսօր կա Կովկասում քաղկեդոնիկ և հակաքաղկեդոնիկ դավանական պայքար: Երկու երկրներում էլ կան թե՛ քաղկեդոնիկ, թե՛ հակաքաղկեդոնիկ կրոնական կառույցներ, եղել են հետևորդներ: Միջնադարում բոլոր հակաքաղկեդոնիկներին հայ են անվանել, բոլոր քաղկեդոնիկներին՝ վրացի»:

Ազգային մշակույթը պահպանելու, չկորցնելու ուղիների վերաբերյալ «Ժամ»–ի հարցին ի պատասխան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նկատեց, որ ամենաապահով տարբերակը կենսունակ հայրենիք ունենալն է, որտեղ ժողովուրդն ապրում է հուշարձանների շրջակայքում, դրանք պահպանում և գուրգուրում է, մշակույթը կենդանի է պահում և սերունդներին փոխանցում։

«Հայկական հետքի նպատակադրված աղճատման կամ իսպառ ոչնչացման դեմ, կարծում եմ, կարող է արդյունավետ գործել մշակութային դիվանագիտությունը կամ փափուկ ուժը: Ընդ որում՝ այն պետք է պրոակտիվ կամ «նախահարձակ» ուժ լինի: Ցավոք, սա մենք դեռ չենք գիտակցում»,– նկատեց փոխնախարարը:

Նրա խոսքով` սա երկարատև, հետևողական աշխատանք է պահանջում, նաև՝ ֆինանսական մեծ ներդրումներ, այնինչ մշակույթին ընդհանուր առմամբ հատկացվում է պետական բյուջեի մի չնչին մասը միայն:

«Վստահ եմ, որ մշակութային ռազմավարության կարևորագույն վեմերից մեկը հենց մշակույթի քաղաքականացումը պետք է լինի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հաղթաթուղթը աշխարհի հզոր տնտեսություններ ունեցող երկրների ընկերակցության մեջ հենց հազարամյա մշակույթը և ժամանակակից արվեստները կարող են լինել: Անհրաժեշտ է մշակույթի նկատմամբ վերաբերմունքի պետական կարծրատիպերը կոտրել»,– համոզված է նա:

Խաչատուրյանը ևս նկատեց, որ հայկական հուշարձանների մշակութային պատկանելության մասին միջազգային գիտաժողովներում և հեղինակավոր գիտական հանդեսներում խոսվել և գրվել է ոչ միայն հայ, այլև օտար մասնագետների կողմից, այսինքն գիտական առումով ամեն ինչ ապացուցված է։

Անդրադառնալով մշակութային կոթողները ոչնչացնելու, յուրացնելու, դրանց ազգային պատկանելությունը շահարկելու հարցում միջազգային կազմակերպությունների և դատարանների դերին` Հրանուշ Խառատյանը կարծիք հայտնեց, որ մշակութային խեղաթյուրումների կամ ոչնչացման համար կարելի է դիմել միջազգային դատարան, բայց դա պետք է ապացուցել:

«Պետք է ապացուցել, որ այս կամ այն կոթողը ավերվել է մտածված, ոչ թե ժամանակի ընթացքում, անտերության պատճառով, կռիվների ժամանակ, քրեական տարրերի, ոսկեխույզների պատճառով և այլն: Մենք կարող էինք դիմել դատարան, օրինակ, Նախիջևանի խաչքարերի ակնհայտ ծրագրային ոչնչացման դեպքում, բայց չենք դիմել»,– փաստեց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Նախիջևանում ոչնչացրել է միջնադարյան 89 եկեղեցի, 5840 նախշազարդ խաչքար և 22,000 պատմական տապանաքար, ինչը վկայող ապացույցներ, լուսանկարներ և տեսանյութեր կան։ Իսկ Արցախում այս պահին գույքագրված է շուրջ 5000 հուշարձան։

Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ–ին կամ մյուս միջազգային կազմակերպություններին, ապա դրանք ատյան չեն, ընդգծեց Համլետ Պետրոսյանը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետությունների համաձայնությամբ ստեղծված մարմին է, և այնտեղ ցանկացած հարց քվեարկությամբ է անցնում, էլ չեմ ասում գաղտնի, ծածուկ ներդրումները, կաշառումները և այլն»,– նշեց նա` ավելացնելով, որ միջազգային հումանիտար մշակութային կազմակերպություններն աշխարհաքաղաքականության ջատագովներ ու հետևորդներ են, իսկ հայությունը չի կարողանում կազմակերպվել, դառնալ կարծր քաղաքական հանրույթ` արժանի պատասխան տալու համար։

Նա գտնում է, որ հայերը պետք է սառնասրտորեն հասկանան, որ իրենք ծանր վիճակի մեջ են, որովհետև փոքր ժողովուրդ են և զանազան աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմում են հայտնվել, ինչպես որ էին մինչև այդ էլ։

«Մշակութային պատերազմն ավելի գլոբալ շահերի պատերազմի դրսևորումներից մեկն է, հնավոր չէ պարտվել պատերազմում և շահել մշակույթում»,– նշեց նա։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրետակոծման հարցով ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նամակ էր հղել տարբեր կազմակերպություններ, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ։ Նամակներին ի պատասխան` ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտնել է մտահոգություն, ինչպես միշտ, տեղեկացրեց Նարինե Խաչատուրյանը: Այդ կազմակերպությունը նաև կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային հումանիտար իրավունքով, մասնավորապես, «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայով և դրա երկու (1954թ. և 1999թ.) արձանագրություններով ստանձնած պարտավորությունների կատարմանը` կանխել վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգությանը:

«Ընդհանրական, մեծ հաշվով անհասցե հերթական կոչ: Նաև պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել կողմերին հանձնառությունների և պարտավորությունների կատարման համար»,– տեղեկացրեց փոխնախարարը:

Ու նաև Հայաստանի չորրորդ հարևանի մասին. հայկական Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը դեկտեմբերի 17-ին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` Հայաստանի և Իրանի համատեղ հայտի հիման վրա։ Իսկ Ս. Թադեոս առաքյալի վանական համալիրը, Սուրբ Ստեփանոս նախավկայի և Ծործորի հայկական վանական համալիրները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում էին դեռևս 2008թ.-ից` «Իրանի հայկական վանական համալիրներ» անվամբ:

 

Տիգրանուհի Ներսեսյան, «Ժամ» ամսագիր