Ներկայացնում ենք Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր և Դավիթ Տարեգիր» («Արևիկ» հրատ., Երևան, 2017) գրքի գրախոսականը:
Հեղինակ՝ Արուսյակ Սահակյան, 2017
(Պոեմ նեոդյուցազնական)
Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր և Դավիթ Տարեգիր» պոեմը1 գրականություն է, պոեմի վերլուծությունն ու, առավել, արժևորումը գրականագիտության խնդիրն է: Ես գրականագետ չեմ, բանագետ եմ, մասնավոր՝ վիպագետ, և իմ խնդիրը պոեմի վիպագիտական զուգադրումն է, վերլուծություն էլ չէ, որովհետև այն «Սասնա ծռեր» վեպի գրական մշակում էլ չէ: Հեղինակը հստակ բնորոշել է գրական տեսակը՝ պոեմ նեոդյուցազնական: Հենքը «Սասնա ծռերն» է, և նոր դյուցազներգություն է, մեր ժամանակի ծնած պահանջի և նոր դյուցազնացման մասին է: Մեր ժամանակին հենարան էր պետք, և Սասնա տուն ու ծուռ ընտրյալ հենարան-դիմհար է.
«…որովհետև ուրիշ էլ ո՞ր մի տեղ կային
այդքան արբշիռ ու լիաթոք ու անսաստ,
և՛ հիազարհուր, և՛ խիստ մարդկային
հողե հերոսներ, հողե դյուցազուններ…», էջ 8:
Սա ելակետ է, այն ավելի քան ճշգրիտ է և վիպական առաջնային գաղափարն է. հայոց բոլոր ժամանակները ծնել են դյուցազնի պահանջ, սկսած Հայկ դյուցազնից: Այս ելակետով՝ դից-ազն-աստվածազն-աստվածազարմ-աստվածատոհմ իրակությունը (կատեգորիա) վիպական է: Հեղինակն իրեն կոչում է Դավիթ Տարեգիր, և եթե նաև մեր ժամանակների տարեգիր, նրա բացարձակ իրավունքն է, թե հայոց ժամանակների ո՞ր դյուցազուն-ազգազնին կվերցնի իրեն ուղեկից, առավել, ուղենիշ: Ինչու՞ Փոքր Մհերին. Սասնա դյուցազնատոհմի վերջին սերունդն անժառանգ է և անմեռ, փակված է Ագռավու քարում, տարին մեկ դուրս է գալիս և սպասում է վերջին դուրս գալուն: Տարին մեկ դուրս գալը թվում է Մհերի կարգած պայման, վերջին դուրս գալը Մհերից դուրս պայման է, ի վերուստ է դրված Մհերի առջև: Դավիթ Տարեգիրը վերցնում է Մհերի տարին մեկ դուրս գալու պայմանը, ապացուցված երկրային է. երկրորդ պայմանը երկրայինից դուրս է, և հեղինակի առաջադիր խնդրից էլ դուրս է: Սա «Սասնա ծռեր» վեպի կնճռոտ շերտն է, որին պետք է անդրադառնալ ո՛չ թե մերօրյա գիտելիքի շրջանակում, այլ այն ճշմարտության դաշտում, որ հազարամյակները փակել են իրենց գիտելիքի դռները և նախ՝ հայոց երկնամերձ լեռնաշխարհի երկնադետ մտքին հասանելի աստղագիտական բարդ գիտելիքի դռները, որոնք տիեզերական են և թվում են անգամ անթվագրելի: Բոլոր դարերում աշխարհի մեծերն են թակել առասպելի դռները, այսօր նաև տեխնիկական առաջընթացի միջոցներով կարողանում են բացել գիտելիքը, և մասնակի է բացվում նաև մասնագիտական տարածքում: Առավել ևս՝ հեղինակի խնդիրը չէ վիպագիտական խնդիր և գաղտնագիր լուծել, նա իր խնդիրներն ունի: Հեղինակը տարին երկու անգամ է դուրս բերում Փոքր Մհերին, սա հեղինակի շփոթը չէ. պատումների մեծ մասը Մհերի դուրս գալը դնում է Համբարձմանը, կան պատումներ՝ Վարդավառին, եզակի պատումներ՝ տարին երկու անգամ՝ Համբարձմանը և Վարդեվառին: Ժողովրդի հիշողությունն առ այսօր պահում է հնագույն տոն-ծիսակարգը: Ինչ էլ լինի անունը՝ նախաքրիստոնեական (Վիճակ, Կաթնապրի, Վարդավառ) և քրիստոնեական (Համբարձման, Պայծառակերպության), երկու տոնն էլ առ այսօր պահում են քննելի բազում շերտեր. հենց թեկուզ այն, թե Փոքր Մհերն ինչու՞ է Համբարձմանը կամ Վարդավառին ժայռից դուրս գալիս: Եվ հեղինակը գիտե, որ Փոքր Մհերն առեղծված է, անհասանելիի գաղտնիք.
«…իր մեծ գաղտնիք՝ Մհերն իր մեջ առած.-
Մհերն էլ, իր մեծ հարցերը իր մեջ –
մնաց գաղտնիք՝ գաղտնիքի մեջ հարած», էջ 11:
Այն, որ «Սասնա ծռերի» ստեղծման հազարամյակի տոնակատարության առիթով հայ վիպագիտությունը ժամանակի ստիպմունքով թվագրում է Արաբական խալիֆաթի շրջանով2, մերօրյա վիպագիտությունը մերժում է, բայց գրականագիտությունը դեռ համառում է, նաև՝ հանրակրթական դպրոցի գրականության դասագրքով (8-10 դդ.)3: Դավիթ Տարեգրի մեղքը չէ, որ Մհերին իր գործով և ժայռում փակված կյանքով հաշվում է հազար տարի, նաև՝ անտեղյակ հազար տարվան, մինչև վերջին հարյուր տարվա արյունագիր եղեռն: Սա վիպական չէ. վեպը գիտե, թե Փոքր Մհերն ինչո՞ւ է դուրս գալիս և ի՞նչ է տեսնում: Հեղինակի լուծումը գրական է և երկու ելակետով է, որոնք նաև մերօրյա պահանջն են:
Նախ. Փոքր Մհերն ինքն է դուրս գալիս Ագռավու քարից, և սա պոեմի առաջին տողն է, թեպետ պայմանը դեռևս չի գործում. «ցորենը չի դարձել քանց մասուր մի, գարին չի դարձել քանց ընկուզ մի»: Ըստ էության՝ հեղինակն է ժայռից դուրս բերում Մհերին. նորի՛ց հայացունց ժամանակ, նորի՛ց մարտադաշտ տարածապաշտ-նվաճողի և հայրենապաշտ-ազատագրողի, և՛ զոհասեղան է, և՛ դյուցազնացում ազատապաշտի. սա վիպական է և վեպի առաջադիր գաղափարն է: Վեպի կառուցվածքային պայմանը ներկայանում է հիմնական թեմայով. երկու հակոտնյա-թշնամական երկիր, տևական բախում երկու երկրի միջև, բախումը հասնում է կռվի իրադրության և հաղթանակը նշանավորում է ինքնիշխան պետության վերականգնում2: Սա կրկնվող դյուցազնացման ինքնությունն է, և հեղինակը դյուցազնացման մեջ ավելի քան ինքնահաստատ է. Փոքր Մհերը պիտի ապրի այսօրվա մեջ, օրն ապրեցնի իրենով և ապրեցնի դյուցազնաբար: Ապացուցված ինքնության համեմատ է, որ մերօրյա շեշտադրումն ընգծված ցավոտ է. և նորի՛ց մի նժարին հերոսացում է, մյուս նժարին՝ ինքնաուրացում: Մհերի բողոքն իր բաժին բախտի դեմ, որոնածն ու չգտածը, պիտի թվա, թե Մհերի մորմոքն է.
«Ինչու՞ ինքը, զարմը յուր պապ Մեծ Մհերի՝
մնաց յուր հորից, Դավթից անճանաչ,
…Չկարողացավ ինքը պապու նման,
և կամ հոր նման – կռվել ու սիրել,
նրանց նման՝ ինքը՝ լինել ամբողջական,
…երբ պիտի մարմի՛նն իրեն առաջնորդե՛ր,
և սու՜րը պիտի Սասնա աշխարհ դատեր,
…և ապրեր Սասնա հերոսին վայել,
և զարկեր, սիրեր, նորից զարկեր, տիրեր,
և Սասնա հերոսի փառք վայելեր… -
Ոչ թե՝ բանն աշխարհի փիքր աներ ու ըռկեր (խռովեր),
…- և ապարդյուն փնտրում էիր մեկին,
որ քեզ կդառնար – խոհակից ու ընկեր», էջ 9-10:
Հեղինակի մորմոքն է, բանաստեղծական է և վեպի ասելիքի մեջ է. դուրս է հանում Մհերին, որ դառնա նրան խոհակից-հոգեկից, թո՛ղ որ Մհերը չհասկանա սասունական իր ինքնությանն անհարիր տեսած ու լսած, թո՛ղ որ անգիտակ լինի այսօրվա աշխարհի անարդար ընթացքին: Ապա՝ դյուցազնացումը որքան պարտադիր, նույնքան փխրուն է. վեպը բերում է բացարձակ գաղափարներ, որոնք որոշակի ժամանակից դուրս են և բոլոր ժամանակների մեջ են: Վեպը համախոս է պատմությանը, անթվակիր պատմություն է, որ քայլում է թվակիր պատմության հետ կողք-կողքի: Այսինքն՝ վեպը ճշգրիտ թվագրելն էլ երկրորդական է: Եվ ահա՛ բացարձակ գաղափարներից մեկը, որն ելակետ է. այնտեղ, որտեղ չկա արդարություն, չի կարող լինել ազատություն: Արդարություն՝ և ոչ միայն դրսաշխարհում, այլև և առաջին հերթին, հայոց աշխարհում: Ժամանակի և պատմության ինքնակրկնելիության օրենքով՝ իրականությունն ինքն է պարբերաբար կրկնվում և կրկնվում է ասես նույնությամբ5: Եվ մեծագույն ցավը. նորի՛ց փախուստ է ազգ-ինքնությունից, որ ինքնափախուստ է: Սանասարն ու Բաղդասարը իրենց մոտ եկած 40 տուն աղքատների տներն էին շինում, հետո նոր միայն իրենց բերդը, Սասնա Դավիթն արգելեց իր հոր ոսկին դուրս տանել Սասունից, դռները պոկեց, գերի հարս ու աղջիկ դուրս հանեց, Մելիքի դեմ կռիվ գնալուց առաջ հրաժեշտ տվեց Սասնո մայրերին ու քույրերին, հնագույն ավանդով՝ նոր ժամանակի ազատամարտիկ-ֆիդային չէր ամուսնանում – ամեն մի հայուհի իր քույրն էր, շալակն առնում էր իր պատանքացուն ու սարերն ելնում, Սասնա դյուցազնուհին դյուցազնին հավասար հզոր էր, տղամարդու շորերով ծպտված երեք օր մենամարտում էր դյուցազնի հետ, դյուցազնին հավասար կարգված էր ազգ-պետության պահապան…այսօր օտարամուտ բարքեր, որ հայոց ինքնության ոսկին են դուրս տանում հայոց երկրից… որ «քարից հաց քամող հայը» հացից քար է քամում, հարստություն շալակում, «թագավորական» պալատ, հյուրանոց-ռեստորան է շինում, և հայն անտուն է իր երկրում… և անմատչելի հայուհին ելել է փողոց… Եվ նորի՛ց օտարն է զգում իրեն տանտեր, և ազգի տունը քանդելու առաջին միջոցը տոհմիկ ավանդները քանդելն է6:
Մերօրյա պատկերներ, որ այսօրվա ապրողին կարող են թվալ անհարկի մանրամասն, անգամ հոռետես-անլույս, մանավանդ՝ իբրև բանաստեղծական քերթված: Ապրողն էլ գիտե, որ իրականությունն ինքն է հազարադեմ հոռի, ուրեմն և՝ աններելի հազարապատիկ: Գիտե, տեսնում է, լսում է և չի ուզում տեսնել, լսել, այս իրականությունն իր ինքնությանը ներհակ է:
Հեղինակի հարցադրումը հստակ է. հնօրյա պատկերնե՞ր, թե՞ մերօրյա քաղաքակրթական առաջընթացի պատրանք, եթե մարդը չի ուզում մնալ մարդ, ինչ մարդուն է վայել: Եվ Մհերի համար ո՞րն է զարմանահրաշը. վեպի առեղծված դարձած գիտելի՞քը, որ Վանա ծովից էր իր ապուպապ Սանասարը հանել հրեղեն-թևավոր Քուռկիկ Ջալալին, թե՞ «օդում թռչող փայլուն թռչունները, որոնք «ինքնաթիռ» էր պապիկն անվանում», էջ 34: Այսօրվա դյուցազնացումը բանաստեղծական հիանալի շպար է, և Դավիթ Տարեգիրն այսօրը շպարելու պետքը չունի. այսօրը նույնպես պատմություն է: Պատմությունը դասագիրք և կամ պոեմ չէ, որ կարդաս կամ չկարդաս. պատմությունը նաև դառնագույն դաս է, ծագումնաբանություն է, զարկերակ է, որ տրոփում է կամ չի տրոփում: Հեղինակը Փոքր Մհերին դուրս է բերում իբրև հավերժ տրոփող զարկերակ: Եվ Մհերը չպիտի հավատա իր տեսածին ու լսածին, դասը խիստ դառն է.
«Կոզբադնի ծոռնե՞րն են՝ նորեն եկած ի հայտ:
Իմ հեր Դավիթ Սասնուց քշեց սրանց նախնուն՝
կոտը գլխին ջարդեց : -
Չորս թոռանն էլ իր այն՝
բևեռեցի դռան ես կողմերում – ջուխտ-ջուխտ:
Այսքան ժի՞ր են հիմա, որ նորից նույն գործով,
նույն բռնությամբ՝ մարդկանց նեղություն են տալիս:
…Գնա՛նք, պապի՛կ, գնա՛նք: Սիրտս նորեն ելավ», էջ 36:
Փոքր Մհերի ողբը հորն ու մոր գերեզմանի վրա. ասես անարդար աշխարհն իրենից էր սկիզբ առել: Որբություն ու ողբ… բայց սա՛ չէ վեպի գաղափարը, և վիպական չէ, հեղինակի լուծումն է և գրական է: Դավիթ Տարեգիրը գիտե, որ որբությունն ասես դարձել է Սասնա չորս սերնդի ճակատագիր. Սանասարն ու Բաղդասարը ծնվում են Բաղդադում (կան պատումներ՝ Ասորեստանում), ծնվում են Ծովինարի անապական հղիությունից (խմած երկու բուռ ջրից) և մեծանում են Բաղդադի խալիֆի (Սենեքերիմի) որդեսպան որբության մեջ, Մեծ Մհերի և Արմաղանի մահվան գնով (երդում-երդմնազանցություն) ծնված Դավիթը մեծանում է Մսրում, Մելիքի (ով ծնվել էր Մեծ Մհերի և Մսրա թագուհու կապից, երդում-երդմնազանցություն) եղբայրասպան որբության մեջ, Փոքր Մհերին պահում են Խանդութի հոր տանը, Դավթի սպանությունից (ապօրինի կապից ծնված իր աղջկա ձեռքով. երդում-երդմնազանցություն) և Խանդութի ինքնասպանությունից հետո Մհերը որբ է Սասունում (Ձենով Հովանը, Դավթի հետ Մհերի կռվի, իր կնոջը հավատալով կամ այլ պատճառով, Սասնա տան դուռը փակում է Մհերի առջև): Որբությունը վիպակա պայման է (հենքը նաև պատմական է. հայոց մեծագործ թագավորները գերի կամ պատանդ են օտար արքունիքում, Գրիգոր Լուսավորիչը գերի է օտար երկրում), և պայմանն իր խորքային գաղափարն ունի: Հեղինակն ի՛ր գաղափարական հենքն ունի. կարելի է իրեն որբ զգալ նաև իր տանը և տվյալ իրականության մեջ, երբ մարդ մնալու ներքին օրենքը չի գործում: Բայց և՝ ո՛չ մի որբություն, Սասնա ծռերն ըմբոստ են, նաև հեղինակն է ըմբոստ, նաև իրականության ընդերքն է ըմբոստ, միշտ է ըմբոստ եղել և չի եղել երբեք ստրկահոգի… և սա Հայկյան ըմբոստությունն է: Փոքր Մհերի «մեծ հարցերը», որ դարեդար էին և կուտակ-կուտակ, հեղինակի հարցերն են, և ինքը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը, եթե «ժամանակը պարբերաբար իր շավղից դուրս է սայթաքում».
«Այո՛, ի՛մ Մհեր, դու մենակ էիր,
Քեզնից հետո էլ – քեզ նմաններ եղան,
Որ տեղ չունեին այս աշխարհում մենիկ,
խորթ ու օտար այս աշխարհում չքմեղանք:
Այդպես եղել է, այդպես պիտ լինի,
և ժամանակը, շավղից դուրս սայթաքած՝
քեզ նմաններին պիտի հանի գոս հնից –
բայց նորում էլ տեղ չունեք դուք անկասկած.-
…և ձեր հարցերի հանդեպ անպատասխան,
- և լոկ ձեր հուշը կապրի դարեր ի վեր,
և կդառնաք դուք ասք, պատմություն ու մատյան», էջ 11:
Դավիթ Տարեգրի խնդիրն է «շավղից դուրս սայթաքած ժամանակի» մեջ տարեգրել հայոց ողջ պատմությունը՝ գործերով և ուղենիշ ազգամեծերով՝ Գրիգոր Լուսավորչից մինչև Խաչատուր Աբովյան Լուսավորիչ, Ավարայրից մինչև Սարդարապատ, մահգուժ էջերից մինչև ազգագուժ եղեռն… և, ի հեճուկս ամենքի ու ամեն ինչի, հայոց մեծերը դարձել են ու կդառնան երկնառաք «ասք, պատմություն ու մատյան»: Այսօրվա դյուցազնացումը, որն ըստ էության հնարավոր չէր անգամ պատկերացնել, արդեն իսկ ա՛սք է: Դավթի մահաբեր զարկից հետո Սասնո թշնամիք չվերջացան… Դավթի կռիվ-զարկը եկավ հասավ Հայաստան-Արցախ.
«- ազատամարտն է մեր այնտեղ թնդում,
այնտեղ են հնչում մեր կոչերն անվեհեր,
մեր կռիվն անդարձ, մեր մարտը վերջին,
որից այն կողմ – մեզ կա լոկ հաղթանակ,
…Մեր նոր Սասունն է, մեր նոր Ջոջանց Տուն…», էջ 23:
«…պարզ ու տոհմական, հայաբույր ու ճերմակ,
մի անուն, մի անվանում, որ համարձակ
պիտի թևի հայոց բովանդակ երկնի տակ», էջ 25:
Աշխարհի «ջոջերի» դեմ կռիվը չի վերջանա. առաջին էջում «ջոջանցը» փոքրատառ է, սասնցու ջոջից շա՜տ է տարբեր, Սասնա Ջոջի հակոտնյան է: Այս ջոջը տարածապաշտ-նվաճողն է.
(«ջոջանց, որ ջոջեր չէին Սասնա տան,
բայց մորեխի պես – կալած Հայաստան,
մորեխի պես, որ նստում է արտում,
և ամայացնում ծաղկուն հող ու տուն)», էջ 3:
Եվ Մհերը տևաբար «ծաղկուն հող ու տուն ամայացնելու» պատճառն էլ գիտե.
«պաշտպանվու՜մ էին միշտ որովհետև՛,-
և կռվից հետո նորից լեռնանում էր…», էջ 8:
Հայի պատմության մեղքն այն էր, որ պաշտպանվում էր և չէր հարձակվում, որ չէր նվաճում ու տիրում, որ սիրում էր և չէր ատում ու կոտորում, որ դեմն ելնողին իր նման մարդ գիտեր, և սա՛ էր հայի ամենամեծ սխալը: Տարեգրելը պա՛րտք է. այսօր էլ հնագույն «ջոջ», թե նորագույն «գերհզոր» - ոչի՛նչ չի փոխվել… «քաղաքակիրթ» (և «քաղաքակիրթը» տարբերում էր իրեն այլ ժողովուրդներից և «բարբարոս» էր ասում), թե «բարբարոս-քոչվոր»՝ բոլոր ժամանակներում են եղել նվաճող-տարածապաշտ և փառամոլ, ով իրեն աստված էր հռչակում7: Եվ մեկ դարի մեկ կայսրն էլ նմուշօրինակ է՝ սկսած Բելից: Եվ հայը՝ սկսած Հայկից, տարբեր էր Բելից… Այդու և՝ աղավաղել են և այսօր էլ աղավաղում են պատմությունը հայոց8.
«…և տարեգրում եմ պատմությունը մեր,-
որ չաղավաղվի գալիք դարերում… էջ 22,
…բայց էլի ստի շարանն են շարում,
և ստի լեզվով – մեր սրի դեմ կռվում,
և մեր արյունը դարձնում են ջուր,
մեր շահած մարտը – թուղթ ու պայմանագիր,
…Չենք կարողանում մենք լեզվի կռվում
արյամբ շահած մեր մարտն ամրապնդել…», էջ 38:
Վեպից որևէ շեղում հեղինակի մեկնաբանումն է, և իր իրավունքն է: Հեղինակի խնդիրն է ցույց տալ Մհերին այսօրվա լավի ու վատի հակակշիռը և հաշվեկշիռը, և սա վիպական է.
«մենք պիտի անցնենք նոր Հայաստանով,
որտեղ լավ բաներն արվում են ի հայտ,
իսկ վատ բաները – տակից ու տանու,
և հակակշռում են այդ երկուսն իրար…», էջ 26:
Եվ հեղինակը Մհերի հետ ժամանակը պիտի տանի ետ, դեպի Սասնա տուն, դեպի հաշվեկշռի տոհմիկ գաղափար, որ պատմության քառուղիներում դառնում է «անցնելիք ճամփա»:
«Իմ աշխարհում գոնե՝ մի բան կար լավ.-
չէինք թողնի երբեք՝ բարին դառնար խարջդար (հարկատու):
Ես ուզեցի նորեն – դառնալ Սասնո աշխարհ:
Ինչքան էլ ուշանար Աստծո դատ ու ատյան՝
միշտ էլ Աստծո սուրը կիջներ չարի գլխին:
Գնա՛նք, պապի՛կ, եթե այս է նոր Հայատան,
ուրեմն՝ դեռ անցնելիք ճամփա ունենք մենք խիստ», էջ 36:
Ապագան իր մեջ ամփոփած Փոքր Մհերի հետ հեղինակը պիտի գծի անցնելիք ճամփան. սա վիպական է: Բարու ու չարի, լույսի ու խավարի, արարի ու ավերի, արդարի ու անարդարի հակակշիռը հավերժող է, և հաշվեկշռի խնդիրը վեպն է դնում իր առջև և լուծում՝ երկրայինից մինչև երկնային չափում: Եվ դա՛րձ, ուրե՛մն, դեպի տոհմիկ ուղենիշ, հաշվեկշիռը պահելու տոհմիկ ուղի: Տոհմիկ ուղուց ամեն մի շեղում կտանի-կհանի այնտեղ, ուր հեղինակի ցույց տված մերօրյա իրականությունն է: Եթե ժամանակը պարբերաբար ինքնակրկնվում է, նաև պարբերաբար պահանջում է որոնել ուղի: Եվ ապացուցված է, որ զանգվածային, թե մասնակի տեղաշարժ, բռնագաղթ, թե արտագաղթ, դրված է կշեռքի միևնույն նժարին, մյուս նժարին՝ հայոց պետականության չգոյությունն է9: Եվ վերջնաշվում – նաև մենք և մեր իսկ ձեռքով ենք աղավաղում մեր պատմությունը, և խնդիրը բնավ էլ փորհացը չէ. պատմությունը հայի գնալու և այլոց մտքի անդաստանը շենացնելու դառն դասեր ուներ10: Եվ Շեքսպիրը, ով իր ապրած դարով առավել մոտ էր առասպելաստեղծ մտքին (հնագույն միտք ու գիտելիք շողարձակում է նրա տողերում), ճշգրտորեն գծում է շավղից դուրս սայթաքած ժամանակի ուղիղ ընթացքը.
«…իմ հիշողության գրատախտակից*
Կջնջեմ բոլոր փուչ ու աննշան պատահարները,
Գրքերի բոլոր ասացվածները, ամեն ձև ու դեմք,
Անցյալի ամեն տպավորություն,
Որ պատանությունն ու դիտողությունն այնտեղ գրել են,
Եվ քո պատվերը կապրի մեն-մենակ
Ուղեղիս գրքի և հատորի մեջ`
Առանց խառնվելու ավելի ստոր ուրիշ նյութի հետ»11:
Անցյալից միակ վերցնելիքը նախնիք են՝ հեռավոր ու մոտավոր, Շեքսպիրի մտքով և Համլետի բերանով, հոր հետ մտովի զրուցելիս: Ահա՛ «Սասնա ծռերը». Ծովինարը, իր եղբայր Թորոսը (Քեռի), Սանասարի կին Դեղձուն Ծամը (Մեծ Մամիկը), Խանդութը (մայրական գիծ), Ձենով Հովանը (հայրական գիծ), Արտատեր պառավը, Քուռկիկ Ջալալին կարգված են չորս սերնդին ուղեկից, որ հաղորդակցեն նրանց տոհմական անքննին զորություններին՝ Կաթնաղբյուր, Պողպատե սյուն, Թուր Կեծակի, զենք-զրահ, աղոթք-երդմնաբանաձև «Հացն ու գինին, Տեր Կենդանին…», Սուրբ Նշան: Հավերժ ուղեկից են, անմեռ են, և նախնիք մահ չունեն: Այդպես և «Ողորմիսը», որով սկսվում և ավարտվում է վեպը կամ վեպի չորս ճյուղն առանձին-առանձին. սա մեռած նախնիներին ողորմի տալ չէ, առավել՝ ողբ չէ, դյուցազուն նախնիներին մեկ առ մեկ հիշելը և խնկարկելն է: Նախնին հավերժող պատգամ է: Փոքր Մհերի բերանով հեղինակը խնկարկում է Սասնա նախնյաց հիշատակը և ուժ-օգնություն է խնդրում.
«Իմ հերահոտ ու հերագութ պապեր,
– հազար օղարմի ձեր ապուպապին,-
Դուք, Մհեր իմ պապ և Դավիթ իմ հեր,
հազար օղորմի ձեր հիշատակին,
ելե՛ք, մի՛ քնեք, կանգնե՛ք ինձ սատար», էջ 58:
Փոքր Մհերի գուրզը լույս է տալիս, առանց իրեն էլ տունն ապահով է, և լույսն արդար է.
«Էսաց.- Ջավահիր քար գո իրիսին (ահա երեսին).
Ինչ արիվ դպնը, լուս կը տա,
Մարդ չըն քըշի վար իմ տռան (չեն քշում իմ դռան վրա).
Ինչ հիրիկուն կը կա (իրիկունը որ գալիս է), էսաց,
Մեղրե մոմեր կը վառին,
Էլի լուս կը տա, չըն կ՛ըշխի քշի» (չեն համարձակվում քշեն):
«Սասնա ծռեր», Ա հատ., էջ 118:
Լույսը բարի է, և բարին լույս է, «Բարի լու՛յս», հայը ողջունում է առավոտյան, «Գիշե՛ր բարի» հրաժեշտին պատասխանում է «Լու՛յս բարի», «Լուսը լուսացավ, Բարին շատացավ, Օրհնյա՜լ է Աստված» (գութաներգ): Հեղինակի բանաստեղծական պատկերում «լուսե երազանքի» շող ու շաղախ կա հայի ներսում, և լույսը սեր է.
«…և մեր տեսակը նորից գտնում իրեն,
և նորից իր հին տեսակին է դառնում,
և հայն սկսում է իր տեսակը սիրել,
և իր տեղը ճշտել այս անճիշտ աշխարհում,
և այս ճշտումի մեջ անագան –
մասնակից են և՛ մեր լուսե մեռելներ,
և՛ մեր մարտնչող լուսե մանկունք,
և՛ մեր հերոսներ, որ վեր են հառնել
և կանգնել են մեր կողքին այդ լուսե մանկանց,
և չկա արդեն անցյալ ու ներկա,-
այլ՝ կա մի լուսե երազանք, որ հանկարծ
մարմին է առնում որպես մերձ ապագա…», էջ 25:
Եվ ահա՛ խնդիրներ, ուր «չկա արդեն անցյալ ու ներկա», Դավիթ Տարեգիրն առաջադրել և փայլուն լուծել է: Աստվածազարմ. զարմն ու տոհմիկը նրա համար բացարձակ արժեք է, և այս բացարձակի մակարդակում զարմ-տոհմիկը քննարկում է որպես ինքնին արժեք: Ինքնին արժեքը դուրս է իրականությունից և նույն իրականության պահանջով ջնջում է սահմանը և՛ պատմական չափման մեջ, և՛ դյուցազնի ու ռանչպարի միջև: «Փոքր Մհերի և Դավիթ Տարեգրի հանդիպում Ջրվեժում». Դավիթ Տարեգիրն իրեն կարգում է «որպես պահակ իր տոհմատանը»: Խնդիրների լուծման համար գտել է ուղի, որը և՛ ճշմարտապատում է, և՛ վիպական է. նորօրյա ամեն մի պատկեր վիպական կերպարից մինչև պատկեր: Հեղինակի մոտ զուգադրումը գտնված եղանակ է, և հյուսվածքի մեջ դառնում է բանաստեղծական գյուտ.
«…և քառագագաթ ալմաստն Արագած,-
որ ողջունում էր Փոքր Մհերին հուշով –
հին, քան ազնորդու զարմն էր քառահատված», էջ 15:
Եվ ահա՛ Մասիսը՝ Մհերի աչքով և ասես նրա առասպելաստեղծ մտքով.
«…Օ՜, ինչպե՛ս էին ձյուներն անում աչքով,
ինչպե՛ս էին պեծին տալիս հազարաստղունք,
մանրիկ ադամանդներ, թափված իրարու քով՝
ասես մի երկնային կրծքից հազարաստինք:
…այս մեկն ուրիշ էր՝ մի վեհություն վսեմ,
կարծես հավերժից եկող հորդոր ու կամք:
…դոփում էին հոգում - ձիեր ամեհի,
խրխնջում վայրի - և ուզում դուրս գայթել,
սլանալ, թռչել լեռան լանջերն ի վեր,
շոշափել փորով – ճերմակ ձյուները այն», էջ 29-30:
Պատկերները և՛ բանաստեղծական են, և՛ հագեցած են վիպական շնչով, և՛ ասես մտքի սլացք էլ չեն, պահի թելադրանք են: Եվ բառեր, որ բանահյուսական մտքին են հատուկ. ժողովուրդը չի ասում նկարագիր, ասում է բնութք (բնավորություն, որ նույն բնություն բառն է), չի ասում լեռ, ասում է սար, չի ասում ժայռ, ասում է քար, չի ասում լիճ, ասում է ծով. «Ծամերըդ քաշած Վանա ծովեն», երգատող է, և վիպական կուտակում է: Հեղինակի համար վեպի բառով վեպի հետ շնչելը գյուտ չէ, ներքին պահանջ է. ասենք՝ «հերահոտ», և զուգադրմամբ՝ նաև հերագութ, և բարբառային բառը բառանախշ չէ, սեղմ ու տարողունակ ասելիք է, հեղինակն այս ասելիքի գինը գիտե, և խոսքակառույցն ասես ինքն իրեն է դառնում հնօրյա-հնաբույր:
«Նեոդյուցազնականը», իբրև գրական տեսակ, ներկայանում է գաղափարների խտացում որպես, այն ևս՝ գրեթե բոլոր միջադեպերում: Ինչպե՞ս է հեղինակը կառուցում այս միջադեպը.
«…հայոց հազարամյա ցավերի մորմոքի…
կրակից մի կայծ էլ վառվում ահա,
պեծին է տալիս – իմ Ջրվեժ գյուղում,
որտեղ բնակվում եմ որպես պահակ՝
իմ տոհմատանը, իմ հուշերի գրկում:
Կոտայք աշխարհում է այս բնիկ գյուղը,
իսկ ապուպապով – խոյեցի ենք եղել,
Երկու հարյուր տարի առաջ թողել հեռու հողը,
և մոտիկ Շահաբ12 գյուղն ենք հիմնադրել:
Շահաբ, այսինքն - Արքայական Ջուր,
Որ սնուցել է ոչ միայն մարմին,-
այլև հոգիներ – կարոտ, անրջուն,
թեև՝ ռանչպար են եղել այդ մարդիկ:
Չորս բանաստեղծ է եղել իմ տոհմում,
որ և՛ քարտաշ էին, և՛ հյուսն, և՛ քահանա.-
ես էլ, առայժմ – վերջինն եմ այդ չորսից,
և թե՛ տարեգիր եմ, թե՛ խոսքի հմա…», էջ 21-22:
Այս մեկ միջադեպը պոեմի վիպական ամբողջ ասելիքի խտացումն է, և տող առ տող կարելի է զուգադրել «Սասնա ծռերի» և՛ կառուցվածքին, և՛ ասելիքին:
Ժողովրդական բանավոր «Սասնա ծռերը», թե հայ պատմագրության մեջ հինգ գրավոր վեպերը, որ բանավոր ակունքի հիմքով են, տեղային են. սա վիպական ժանրի առաջնային առանձնահատկություն է: Պատմական և տեղագրական հիմքով վեպ, վիպերգ («Կարոս խաչ», «Նարեկացի», «Մոկաց Միրզա» և այլ), նաև որոշակի երգատեսակ, ասենք՝ հայրենը, կարող են լինել բացառապես տեղային: Հեղինակը սրա գինն էլ գիտե, իր խոյեցի լինելն էլ է նշում՝: Վեպի ծուռը Սասունցի է. ո՛վ գիտե, ո՞ր հնագույն ավանդով ազգընտիր մեծն ազգանուն էր վերցնում իր ծննդավայրը – Խորենացի, Կողբացի, Փարպեցի, Շիրակացի, Տարոնացի, Աղթամարցի…
Տեղային բնորոշումը նշանակում է պատմել-վիպասացության, երգել-երգասացության ավանդ և ավանդի բանավոր փոխանցում ու տարածում որոշակի վայրում: Հեղինակը Սասնա տունն այդպես էլ ընկալում է՝ որոշակի տուն-տոհմ որոշակի վայրում, և երբ Մհերին տանում, ցույց է տալիս վայրեր, պատմության կտրվածքով բացատրում է՝ սկսած Մասիսից, պետք չէ զարմանալ Մհերի անգիտությանը. Մհերին դուրս է բերում տեղայնացում Սասունից և շրջել է տալիս այսօրվա համայն Հայաստանում: Զարմանքը վեպի մակարդակում, անշու՛շտ, տեղին է: «Սասնա ծռերի» ընդգրկած վայրերը – Սանասարի, Մեծ Մհերի նվաճած երկրներ, որոնց հնագույն անունները դեռ պետք է պարզել, եզակի պատումներ, որ Բաղդասարն է հիմնում Բաղդադը (Բաղդադը Բաղդասարի անունից է) և նստում թագավոր, և կամ Ռուստամ Զալը Բաղդասարի սերնդից է, որ քամուց արագավազ Դավիթը նախաճաշն ուտում է Սասուն, ճամփին մսուր շինում, հասնում Հալեբ, Հալեբի բերդը շինում, ընթրիքն ուտում Սասուն, նույն կերպ Քեռի Թորոսն է (Թևաթորոս-թևավոր անվամբ) Սասուն-Բաղեշ-Էրզրում իր նախաճաշ-ընթրիք թռիչք-քայլքով, Փոքր Մհերն ամենուր է, հոր մահվան վրեժն է լուծում, կռվում է Մսրա Մելիքի թոռների և այլանուն թշնամյաց հետ: Թշնամիք այլանուն եկել են, գալիս են և կգան: Աշխարհի շեղ ընթացքը շտկելը մեկ ազգի առաքելություն չէ, ամեն ազգ իր ուղենիշն ունի: Հայոց մտքի կերտած հակակշիռ-հաշվեկռի լծակը վերերկային չափման մեջ է, հայն արդյո՞ք կարգված է պահապան կշեռքին, որ պահպանի հաշվեկշիռը… և հայի ստանձնած դաժան դերի առումով՝ դարերի փորձության մեջ դարձավ առաքելություն: Աշխարհն այլ ճամփով է գնում, մեր ճամփան է ծուռ, և ծուռ ու շիտակ մե՛նք պիտի ջոկենք.
«բայց ամենամեծ խորհուրդը հայուն,-
որ յուր բնութքին շատ է սազական –
այն է, որ պիտի իր ներսը հայի…», էջ 26:
Վեպն ստեղծման և պահպանման ավանդով տեղային է, իսկ բացարձակ գաղափարներով վեպը համազգային է: Դավիթ Տարեգիրը հանում է Մհերին ժայռից, տանում իր տուն, Շահաբ և Ջրվեժ, իր չորս սերունդ տոհմը զուգադրում է Սասնո չորս սերունդ տոհմին, նաև պահում է տեղայնացումը, և իր գյուղն ու բոլոր վայրերը նոր դյուցազնականում վիպականանում են: Այս ենթատեքստում մեկ բառն անգամ նշանակում է պատմականանալ. «Կոտայք աշխարհում է այս բնիկ գյուղը», «աշխարհ» բառը տանում է Սասուն-Տարնո, Վասպուրականի, Ռշտունիքի (վիպաստեղծման-վիպապահպանման բնօրրան), Բարձր Հայքի, Արարատյան աշխարհներ: Ինքնությունն աշխարհ է, և չկա տեղայնացում.
« – Փոքր Մհերի համար՝ չկար տեղանք անգո,
դառնում էր ճանապարհը՝ գոյ, առնում մարմին ու միս,
զգում էր, որ այդ վայրերն իրեն խորթ չեն,
կարծես մանկությունից գիտեր քար ու գուղձ,
– որ երևում էին փոքր-ինչ տարբեր,
բայց հարազատ էին սրտին ու հոգուն:
Շուրջն էր նայում՝ իսկը տիրոջ իրավունքով», էջ 45:
«Չորս բանաստեղծ է եղել իմ տոհմում, որ և՛ քարտաշ էին, և՛ հյուսն, և՛ քահանա». այս զուգադրումն ընդգրկում է վեպի չորս ճյուղն իր չորս դյուցազնով: Եվ անշու՛շտ թե մեր օրերի Տարեգիրն էլ հմա է, ինչպես Քեռի Թորոսն էր հմա, որ երկնաքարն էր նրան տեսուհարազատ, և Դավթի սոլ ու թուր երկնապողպատից պիտի հալեր, ինչպես Ջոջ Մհերի Պողպատե սյուն-փորձաքարն էր երկնաքար, ինչպես Ձենով Հովանն էր աստղագուշակ, եթե Սասնա աստղը փոքր-ինչ խավարեր, ձեն կտար Դավթին, և նրա ձենը յոթ սարից այն կողմ կանցներ: Դավիթն իր միամտությամբ էր իջել ձիուց (միամիտ-Մեկ Աստված-Մեկ Միտք) և ո՛չ անաստված նենգի փորած հորն ընկել և կլսեր «ձենն հերանական», դուրս կգար հորից, Պստիկ Մհերին՝ որպես դյուցազնական սերմ, կպահեին Կաղզվանում (Կապուտկողում) յոթ փակի տակ, կլսեր նույն ձենն հերանական և կդառնար Սասուն: Ձենով Հովանը նախնյաց ձայնը (միտքը և ոգին) Սասնա սերունդներին հասցնող ահռելի-անլռելի ձայնն է… Եվ կարելի չէ, որ նախնյաց ձայնը լռեր, կձայներ Դավիթ Տարեգրի ձայնով, կարելի չէ, որ Մելիքսեթ քահանան ու Վարդապետը չձայներ Պարգև սրբազանի ձայնով… Եվ կարելի չէ, որ Արցախի նոր դյուցազնամարտին հին դյուցազնանունները չվերակերպավորվեին և չվերակետվեր ինքնիշխան պետություն… Եվ կարելի չէ, որ չծնվի նոր դյուցազնավեպ, թող որ գրավո՛ր. բանավորը վիպասացի հետ լռեց XX յոթանասունականին: Վիպասացը վեպի տրոփող զարկերակն էր: Մահկանացու վիպասացը լռեց և Աստվածատուր բնօրրանը հավերժ կխոսի.
«…և վիշտն այդ Մասսին – նոր վեհություն է տալիս,
ասես բիբլիափառ մի խորհախորհուրդ ծեր –
որդուն մի խորհուրդ է տալիս բիբլիաբառ,-
և ճերմակ յուր թագագլուխն ահա սառցե
մի պատգամ էր կարծես – Մհերի համար,
…և պիտի գլխեմ ես՝ պատգամն այդ աներեր,
և փորս քսեմ – Մասսա ձյուներին,
և սերմս թափեմ – այդ ձյուների մեջ», էջ 33:
Բանավոր վիպաստեղծ-վիպասացն էլ չի լռի, հարկա՛վ, կողք-կողքի կնստեն, հուշիկ կզրուցեն բանաստեղծ քառատոհմի հետ՝ իբրև հար տրոփող զարկերակ…
Հայ միտքը չէր կարող զուգահեռ չանցկացնել Համլետի և Փոքր Մհերի միջև, այն ևս՝ ժամանակի տիեզերական չափման առումով: Եվ միայն: Զուգահեռի հիմքը Համլետի զրույցն է՝ թագի համար հորեղբոր կողմից սպանված հոր ուրվականի հետ.
«Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜, բախտ իմ դժխեմ,
Ինչու՞ ծնվեցա, որ հենց ե՛ս ուղղեմ», Շեքսպիր, Երկեր, էջ 35:
Համլետը չի ուզում տեսնել ու լսել («Բառե՜ր, բառե՜ր…»). իրօրյա իրականությունը ներհակ է իր ինքնությանը: Իրականությունը կարող է նույնը լինել, ուղենիշերն են տարբեր: Հոր ոգին լույսի կամար տեսնելը և հոր ուրվականը տեսնելը – սրանք տարբեր գիտելիքներ են: Մհերը կգնա հորն ու մոր գերեզման, որ զրուցի, և հորն ու մոր ձայնը վերևից կլսի.
«Խերի՛կ, վի՛ր իլի, վի՛ր իլի,
Սասման տնեն բեբար (անմաս, անբաժին) իմ մնացի,
Քու անուշ խոսքերուդ կարոտ մնացը,
Էնքան մընակ (մինակ) աշխար կացը (մնացի):
Մերի՛կ, վի՛ր իլի, մերի՛կ, վի՛ր իլի,
Շատ ման իմ էկի աշխար, շիվար (շվար, խեղճ) իմ ման էկի:
«Սասնա ծռեր», Ա հ., Պետ. հրատ., 1936, էջ 241-242:
Ասծու հրամանքիվ ձեն ընկավ խոր գերեզման,
Գերեզմնից ձեն էլավ, ասաց….»: Նույնը, էջ 45:
Պետության, հորից-որդի հզոր և օրինական ժառանգի նույն խնդիրն է՝ մեկ այլ ազգի և հայոց կարգած ուղենիշով: Ներքին կռիվ և հաշվեկշռի ներքին խախտում, քաղացիական բախում և եղբայրասպան կռիվ վեպի խնդիրը չէ: Մեկ այլ ազգի իրականության մեջ գահակալական կռիվ, հայրասպան ու եղբայրասպան արյունոտ էջ և ժառանգի իրավազրկում պատմական դարավոր և կրկնվող եղելություն է: Ժառանգ-հետնորդի իմաստով՝ «Սասնա ծռեր» վեպում դյուցազուն երեք սերունդ չի մեռնում մինչև չծնվի հաջորդ սերունդը. նախորդ սերունդն է նախապատրաստում հաջորդի ծնունդը և տեսնում է ժառանգին: Սա առասպելաստեղծ մտքի կերտած ծնունդ-մահ-ծնունդ եռամիասնությունն է: Վիպասացները Սասուն տեղանվանն իր նախնական հիմքի հետ կապ չունեցող ստուգաբանություն են տալիս.
«Քարե սան սուն եք զարկե,
Ըդրա անուն տ՛էղնի Սանսուն, Սասուն»:
«Սասնա ծռեր», Բ հատ., Ա մաս, Պետ. հրատ., 1944, էջ 14:
Այս հետագա մեկնության հիմքը ժառանգի մասին ժողովրդի ունեցած գիտելիքն է. ժառանգը տան սյունն է, և առանց սյուն-ժառանգի տունը կանգուն չէ, Սանասարն իր ծունկն է դիմհար տալիս սանը, և այս ուղենիշով՝ հաջորդ սերունդը պիտի մեծանա նախորդի ծնկան վրա:
Կերպարը գրական տերմին է. վեպում չկա կերպար, կա առաքելություն (միսիա): Սա վեպի բարձրակարգ գաղափարներից առաջնայինն է. Սասնա չորս սերնդից ամեն մեկն ունի իր հատուկ առաքելությունը: ա) Սանասարը և Բաղդասարը շինում են Սասնո բերդը (անտաշ ժայռով և արմատահան ծառով), փոքր գետի վրա, որ կտրում անցնում էր մեծահուն գետը և չէր խառնվում մեծ գետի ջրին, զորեղ ջրի ակունքում (զորեղ ջուր=հզոր ժառանգ) հիմնում են Սասնո պետությունը (բերդ=պետություն, հզոր ժառանգ=հզոր պետություն): բ) Մեծ Մհերը հզորացնում է պետությունը (ընդարձակած սահմաններով և շինարարությամբ): գ) Դավիթը վերականգնում է կորցրած ինքնիշխան պետականությունը: Վեպն իր առջև դնում և լուծում է պետության խնդիր, որը և ուղեկցվում է ազգի կարգած ուղենիշերով: Այս երեք կետերով և ազգի կարգած ուղենիշերով կերտվում է հայոց պետության նմուշօրինակը (մոդելը): Վիպական կառուցվածքի պահանջով պատմության շրջափուլերը կերտում են վեպ, և հայոց վեպերը կազմում են մեկ միակտուր վիպական շղթա՝ պատմական տարբեր շրջափուլերով13: Վիպական որևէ կետի պակասը կնշանակի, որ վեպ չի ստեղծվի, որքան էլ պատմության էջերն ազգային-ազատագրական պայքարի հերոսացումով լի լինեն. պայմանը պետություն հիմնելը, շենացնելը և վերականգնելն է: Պատմությունն է կարգում շրջափուլերը. Հայաստան-Բաբելոն («Հայկ ու Բել»), Հայաստան-Մարաստան («Վիպասանք-Տիգրան Մեծ»), Հայաստան-Պարսկաստան («Տրդատ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ», «Պարսից պատերազմ» և «Տարոնի պատերազմ»): Եվ վիպական շղթան հաճախ էր նորոգվում, և թշնամին միշտ ներկա էր:
Վեպը նորոգվեց նաև XIX դարակեսից մինչև XX դարասկիզբ. ազգային ազատամարտի նվիրյալներ, մեկ-մեկ ինքնիշխան՝ նստած «շավղից դուրս սայթաքած ժամանակի» գահին, և նաև որոշակի ժամանակից դուրս.
«և բորբոքում ենք, և վառում ենք կրակ
թշնամու ոտքի տակ և մեր հոգում…», էջ 12:
Եվ իր օրոք իսկ խորհրդանիշ դարձած Մեծն ինքնիշխանը՝ Անդրանիկ Զորավար, ով մի բուռ
ծռերով կրակ էր վառում թուրքի ոտքի տակ, գլուխը մահվան բարձին, ասաց. «Գործս կիսատ մնաց»:
Պատմական Հայաստանի նույն վայրերում, վիպասանական նույն եղանակով, վիպել-երգելու վիպասացության նույն տեղային դպրոցով ազգային-ազատագրական անհավասար կռվի դյուցազնացման շուրջ հյուսվեց նոր դյուցազնավեպ առասպելական նույն մոտիվներով (Մսե խաչ՝ Անդրանիկի թիկունքին, թուրքի գնդակ նրա վրա չի բանում, մտնում է Մեղրագետ, լողանում է, վերքը լավանում է, հզորանում է, նրա ձին թևավոր է): Անդրանիկին Սասունցի Դավիթ կոչեց ժողովուրդը, և փառանուն անուններով՝ Սերոբ փաշա և նրա կին Սոսե, Արաբո և Գևորգ Չաուշ, Քաջ Քեռի և Խրիմյան Հայրիկ – նորոգում էին «Սածնա ծռերի» տոհմածառը:
Եվ ապշեցուցիչ է փաստը, որ հայ ժողովուրդը վիպաստեղծ էր մինչև XX դարասկիզբ: Նոր դյուցազնավեպը մնաց անավարտ. վեպի պայմանը՝ կորցրած պետության վերականգնում, քանիցս ու նորից խախտվեց, և ձեռամբ «ջոջանց, որ Ջոջեր չէին Սասնա տան…»: Եվ «ջոջ» տարածապաշտի սուտ պայմանագիր և բնօրրանազրկում… Միջագետքի քաղաքակրթության ակունք Եփրատի և Տիգրիսի լեռնաշխարհ, առանձնահատուկ երկիր, ծագումնաբանություն, Բիբլիայից էլ առաջ Աստվածընտրյալ Մասսի կնիքով Ամբողջություն, որ կիսված է… Խնդիրը
պետք է որ լեռնաշխարհի աշխարհաքաղաքական դիրքը լիներ, որ դարձել էր ճակատագիր, բայց և մի ժողովուրդ, որ ափի մեջ էր պահում իր առանձնահատկությունը, և զոհասեղանը՝ սրբահոտ-արյունոտ էր, Սասնա ծռերի հայրենին՝ դյուցազնահոտ-վիպակերտ էր14: Նախնյաց երկրի ամբո՛ղջն էր Անդրանիկի Գործը, թուրքը սարսում էր նրա անունից անգամ, և… մնաց կիսատ… անքավելի մեղք է ո՛չ կույր ու խուլ աշխարհին, այլ հայությանն աշխարհասփյուռ.
«Եվ պատկերը այդ բիբլիական Լերան,
և պատկերը այդ ճերմակ խարույկի՝
աղաղակում էր աշխարհում դեռ չեղած
մի կորըստի մասին, մի չեղյալ ուխտի,-
որից ավելի մեծ – դեռ չէր եղել.-
ավելի մեծ կորուստ, քան կորուստ Մասսի՝
չէ՛ր կարող լինել նույնիսկ Հայոց Եղեռն,
որովհետև Մասիսն ազգը պիտի պահեր,
իսկ ժողովուրդը պիտի պահեր – Մասիս,
…շեղվեցին ժամանակ, գործողություն ու տեղ,
ու երբ հիշում ու պահանջում ենք հիմա –
այնպես էլ Մասսա սառցաթագն է բյուրեղ
հիշում ու պահանջում արդարություն – ի մահ:
Եվ հավասարակշռում են այդ երկուսն իրար,
Քանզի երկուսն էլ – ժողովուրդ ու Մասիս –
նույն զորությունն ու նույն խորհուրդն են իրավ,
և չի կարող զրկվել ամբողջն իր կես մասից…
– Թողնելն այս լեռը՝ հոգի թողնել է,
հոգի թողնելը՝ ուժ տալ է թշնամուն,
և պատիվ անուն ու մեր հողերը,
և Մեծ Եղեռնը՝ դառնում Մասիս անուն
և կանչում են մեզ՝ բա՛վ է, ոտքի ելե՛ք», էջ 32-33:
Եվ մեր աչքի առջև դյուցազնացման շրջափուլը նորոգվում է՝ Հայաստան-Արցախ-Ադրբեջան: Ազատամարտի մի բուռ դյուցազուններ՝ ջոկատ-ջոկատ՝ ազերի զորագնդերի դեմ, և Սասնա ծուռ, Անդրանիկ, Արաբո, Գևորգ Չաուշ անունով, ծռերի նույն ճամփան է, և պատմություններ
բազում դյուցազնացման-մարտիրոսման մասին, և դարձյալ բանավոր, երգեր-երգե՜ր բազում, և հորինողի անունը դարձյալ չի հիշվում… Դավիթ Տարեգիրը պահել է նաև պատմողական կառույցը. վեպը Վանում և Ռշտունիքում պատմվում էր և երգվում: Շուշին՝ նորից քաջաբե՜ր, հայոց գյուղերի չորս կողմ՝ Կաթնով աղբյուր է և ջրի զարմ քաջե՜ր.
«Շուշի՛, ցեխի մեջ ընկած խնձոր,
Շուշի՛, ոտնատակ տված ծաղիկ.-
…իմ երկրորդ Անի – Շուշի՜, Շուշի՜…», էջ 50:
«Իմ պապ Ջոջ Մհեր, էնոր պապ Կաթնով Աղբյուր,
Մենք ջրի զարմ ենք, մեր զորություն՝ ջրից է…», էջ 58:
Փոքր Մհերի և Դավիթ Տարեգրի զրույցի ավարտը, որը և՛ պատմական է, և՛ վիպական է.
«թե՝ ու՛մ դեմ ելանք ազգավ ձեռնամերկ,
բայց հոգով՝ արի, և հաղթ՝ մարտերում,
թե՝ ովքե՛ր եղան մեզ քիչ օգնական,
թե՝ ովքե՛ր եղան նորոգ թշնամի –
որ միշտ եղել են, որ հին ու նոր –
միշտ կան,
բայց կանցնեն որպես անապատի սույլ ու քամի», էջ 11:
Հակոտնյա երկրներ՝ անհիշելի ժամանակներից դեպի ժամանակի անսահմանություն: Փոքր Մհերն էր տեսնում, երբ ելնում էր ժայռից, ամեն անգամ (ըստ պոեմի) խռովում էր աշխարհից «Վանա Քարում էր փակվում»: Եվ նաև վեպն է ասում.
«Մհեր կ՛ըսը.- Աշխարք չար ի դհա,
Իս մըչ աշխրքի չըմ ա՛պրի»:
«Սասնա ծռեր», Ա հատ., էջ 118:
Դավթի որդի Մհերը ժառանգ չպիտի ունենա, և ժառանգի խնդիրը չորրորդ սերնդի դեպքում ունի այլ խորհուրդ: Նախ՝ պետության խնդիրները նախորդող երեք սերունդն իրականացրել և գաղափարներն արձանագրել էր իբրև կայուն արժեք: Վերջին սերունդը մեկ այլ բացարձակ գաղափար իր պետության և իր ազգի հարթությունից վեր բարձրացրեց մինչև տիեզերական և համամարդկային հարթություն: Երկիր մոլորակի արդար և անշեղ ընթացքը հավերժ էր. նրա ընթացքը արդարի և անշեղի հիմք է, բանալի է, գերակա պայման է, որ մարդու, մարդկության և ազգի հաստատած արդարությունը ներդաշնակ լինի Երկիր մոլորակի արդար ընթացքին: Փոքր Մհերը կարգված է հետևելու Երկրագնդի ընթացքին (որ ժամանակն իր շավղից դուրս չսայթաքի), հսկի արդար հողի (Երկրագնդի) վրա մարդու (մարդկության) արդար ապրելու իրավունքը… մինչև առեղծվածային ժամանակների գալուստ և անիմանալի պայմանների իրականացում: Մհերը դուրս է գալիս Սասնո երկիրը պահելու շրջագծից և մտնում է Երկիր մոլորակը պահելու շրջագիծ, և Երկիրը պտտվում է տիեզերքում, ինչպես բոլոր մոլորակները: Այսու և՝ խնդիրը Դավթի անեծքը չէ. Մհերի ընկալումով էլ, ըստ պոեմի, հոր անեծքը դարձավ իրեն օրհնանք.
«բայց հոր անեծքը դարձավ մի օրհնանք,
որ իմ ազգին ես էսօր օգուտ մի տամ», էջ 58:
Նաև սա չէ վեպի ասելիքը. Դավթի անեծքը Մհերին (հոր անեծքը որդուն) – համաշխարհային տարածում ունեցող առասպելական մոտիվ է. մոտիվն այլ զարգացում ունի հայոց վեպերում (Արտաշեսի անեծքն իր Արտավազդ որդուն) և բերում է այլ գաղափարներ: Բացի սա, Դավիթը նախապես գիտեր Մհերի ճակատագիրը և գիտեր նրա ծնված օրից.
«Աստված իտու, Դավթին մեկ տղա իլավ (ելավ, ծնվեց):
Տղեն որ ծնվավ, ինու (նրա) ձեռ խփված էր:
Դավիթ ձեռ իտու (տվեց), ուր տղի ձեռ բացեց:
Դավիթ իշկաց (նայեց)՝ մեկ պտուղ էրուն (մեկ կաթիլ արյուն) մըջ ինու ափան էր:
Ըսաց.- Ա՛յ որդի՛, քար քի մուտ տա (քարը քեզ մուտք տա).
Խող չկենա պախի քի (հողը չկարողանա պահի քեզ)»: Ա հատ., էջ 690:
Մհերի ճակատագիրը գրված էր նրա ափի մեջ, և Դավիթը կարդում է.
«Էնոնց տղե մ՛ կ՛էլնի:
Ինչ տղեն կը լողցընեն,
Քաղաք քաղքով չըն կանա
Էնու ձեռք բանան:
Խեր (հայրը) կը գա, զձեռ կը բանա.
Մընչ ափան գրուկ ա (գրված է)՝
«Դու անմախ որտի ես.
Քու գիր Հալաբն ա,
Քու տեղ Ակռփու քարն ա…»: Ա հատ., էջ 926-927:
Այն գուշակությունը, ինչը բերում է Դավիթ Տարեգիրը Քեռի Թորոսի հետ կապված՝ հատուկ աղոթքով Մհերի խուփ ափը բացելը, պատումների մեծ մասում կապվում է Դավթի հետ: Նաև Խանդութը, ով նախապես գիտե, և նրա խորհուրդը Մհերին համակ գաղտնագիր է.
«Հիշա՛ իմ զխացն ըն գինին, Տեր կենդանին,
Մարութա Բարձր Աստվարածին,
Խաչ Պատրազին վար Մհերը աջ թիվին.
Քեշը զթուրն ը Կեծակին,
Կը զարկիս Խրաբա կապանին,
Հա՛մ կը կտրի ըզէրկաթ, ըզօսկին,
Տու կ՛էրթաս խատ քու խացին»: Ա հատ., էջ 243:
Մհերը գնում է Ոստանա կապան (Խրաբա կապան)15, Քուռկիկ Ջալալին կապվում է, ասաց.
«Հիշա իմ խացն ը գինին, Տեր կենդանին,
Մարութա Բանձր Աստվարածին,
Խաչ Պատրազին վար իմ աջ թիվին»:
Զարկից, կտրից ըզարծաթ, ըզօսկին,
Բլավից մանչ խող ու քարին (շուռ տվեց հող ո