Սիլվա Կապուտիկյան «ԾԱՂԿԱՆՈՑ»
Загрузка
X


Սիլվա Կապուտիկյան «ԾԱՂԿԱՆՈՑ»

Чтение на ночь / 16.01.2018

Մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ նրա տուն-թանգարանը (Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ) 7-17 տարեկան երեխաների համար կազմակերպում է «Ծաղկանոց» մանկական գիրք-ալբոմի նկարազարդման մրցույթը:

Սիլվա Կապուտիկյան «ԾԱՂԿԱՆՈՑ»

 

ԻՄ ԼԱՎ ԲԱԼԻԿ

 

Իմ լա՛վ բալիկ,

Ի՜մ Արայիկ,

Թո՜ղ խաղերդ,

Նստի՜ր մոտիկ.

Արի՜ կարդանք

Այս գիրքը նոր,

Քեզ համար եմ

Բերել այսօր:

Այս գրքի մեջ,

Նայի՜ր, ինչքան

Տեսակ-տեսակ

Բալիկներ կան.

Գոհար, Աշոտ,

Վահան, Սահակ,

Մեկը` խելոք,

Մեկը` անկարգ,

Մեկը` մաքուր,

Աշխատասեր,

Մյուսը` ծույլ,

Անմաքրասեր:

Մեկը փոքրիկ

Լալիկն է մեր,

Նա նոր պիտի

Մեծանա դեռ.

Մեկը մեծ է`

Քո հասակին,

Մեկն էլ` տղա

Մի ահագին…

Լա՜վ ճանաչիր

Դու բոլորին

Ու նմանվիր

Բարուն, լավին:

Դե, մո՜տ նստիր,

Փոքրի՜կ Արա,

Եվ ուշադիր

Ակա՜նջ արա…

 

 

ՄԵՐ ԼԱԼԻԿԸ, ՍԻՐՈՒՆԻԿԸ

 

                ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ

 

Տոտի՜կ, տոտի՜կ, տո՛տ արի,

Սիրո՜ւն բալիկ, մո՛տ արի.

Էլ սեղանաից մի՜ բռնի,

Էկ տեղումդ մի՜ կանգնի.

Արդեն կարող ես քայլել,

Մի քա՛յլ արա,

Մի քա՛յլ էլ:

 

Տոտի՛կ, տոտի՛կ, տո՛տ արի,

Մի՜ վախենա, մո՜տ արի.

Արի՛, արի՛,

Ա՜յ  այդպե՜ս.

Հո՜պ, ինձ հասա՞ր,

Շատ ապրե՛ս…

 

 

                ԲԱՅ-ԲԱՅ

 

Քուչին դռան մոտին` բա՜յ-բա՛յ,

Փիսոն ոտի տակին` բա՜յ-բա՛յ,

Տատին` բա՜յ-բա՛յ,

Մաման` բա՜յ-բա՛յ,

Մեր Լալիկն էլ` բա՜յ-բա՛յ, բա՜յ-բա՛յ:

 

                ԽԵԼՈՔ ԼԱԼԱՆ

 

Այն ո՞վ սիրուն կտոր բերեց.

                -Պապան բերեց,

Այն ո՞վ զիզի շապիկ կարեց.

                -Մաման կարեց:

Այն ո՞վ նախշեր վրան դրեց.

                -Տատին դրեց:

Այն ո՞ր խելոք բալան հագնի.

                -Լալա՛ն հագնի…

               

ՎԱՅ, ԱՅՆ Ո՞Վ Է

 

Վա՛յ, այն ո՞վ է, այն ո՞վ է,

Այս ինչքան էլ ձայնո՛վ է:

Լաց է լինում անդադար,

Ասում. ՙՄամա՜, հոպա՛ տար՚:

Ախր մաման ի՞նչ անի,

Մաման դեռ շատ գործ ունի:

Մաման պիտի տուն մաքրի,

Մաման պիտի հաց բերի:

Պիտի ճաշ տա հայրիկին,

Շապիկ կարի Լալիկին:

Իսկ Լալիկը տզտզում,

Թե` ՙՉէ՛, հոպա՜ եմ ուզում՚…

 

Չեղավ, այս մեր Լալիկը

Շատ անհամբեր բալիկ է:

Հենց ման գալը գալիս է,

Չի համբերում, լալի՛ս է…

 

ՄԵՐ ԼԱԼԻԿԸ ԼԱՑ ՉԻ ԼԻՆՈՒՄ

 

Լալա՜,

Մի՜ լա,

Լալա՜

Մի՜ լա…

ՙՀա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ…՚.

Այդ ո՞վ եկավ…

Ո՛ւյ, Քուչին է,

Հարցնում է.

ՙՁայն է գալիս,

Ո՞վ է լալիս,

Հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ՚:

-Քուչի՜, գնա՜, ի՞նչ ես մնում,

Մեր Լալիկը լաց չի լինում…

 

 

                ԼԱԼԱՆ ՀԱԳՆԻ, ՔՈՒՉԻՆ ՀԱԳՆԻ

 

Լալան ունի երկու տոտիկ`

Մե՜կ, երկո՜ւ.

Հարկավոր է երկու կոշիկ`

Մե՜կ. երկո՜ւ.

Կարմիր գույնով,

Փայլուն քթով,

Սիրուն կապով,

Պուպուշ բանտով,

Լալան հագնի

Կարգին-սարքին,

Հագնի գնա

Զբոսանքի…

 

Իսկ խեղճ Քուչին,

Սևուկ Քուչին,

Կուչ է եկել

Դռան տակին:

Դրսում ցուրտ է,

Ցեխ է հիմա,

Առանց կոշիկ

Նա ո՞ւր գնա…

Եկեք ասենք մեր հայրիկին`

Կոշիկ բերի մեր Քուչիկին:

 

Քուչին ունի չորսը տոտիկ`

Մե՜կ, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս.

Հարկավոր է չորսը կոշիկ`

Մեկ, երկու, երեք, չորս.

Կարմիր գույնով,

Փայլուն քթով,

Սիրուն կապով,

Պուպուշ բանտով,

Լալան հագնի,

Քուչին հագնի,

           Մեկտեղ գնան

Զբոսանքի՛…

                ՆԱՄԱԿ

 

Լալան թուղթ ու մատիտ բերեց

Ու հայրիկին նամակ գրեց.

ՙՀայրի՜կ, արի՜, արի՜, արի՜,

Աշխատանքից արի՜, արի՜,

Լալիկին բեր շատ խաղալիք`

Խնձոր,

Կոնֆետ,,

Բադիկ,

Տիկնիկ:

Տատիկին էլ փափուկ հաց բեր,

Ատամ չունի տատիկը դեռ:

Մայրիկին բեր փայլուն կոշիկ,

Եղբայրիկին` տետրակ ու գիրք,

Շնիկին` ձուկ,

Փիսիկին` մուկ,

Հավիկին էլ բեր շա՛տ գարի:

Հայրի՜կ, արի՜, արի՜, արի՜…՚:

Լալան գրեց երկար նամակ,

Տարավ դրեց սփռոցի տակ.

Հայրիկը գա`

Պիտի կարդա…

 

                ԻՄ ԲԱԺԻՆԸ ՊԱՀԵ՞Լ ԵՔ

 

Թուշն ու բերանը լիքը`

Ճաշ է ուտում Լալիկը:

 

-Հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ…

-Ո՞վ եկավ.

-Ես ձեր սևուկ Քուչի՛կն եմ,

Ես թավամազ պոչի՛կն եմ.

Պահապան եմ ձեր բակին,

Մոտ չեմ թողնում ոչ մեկին:

Շա՛տ եմ հոգնել ես գործից,

Մի քիչ ապուր տվեք ինձ.

Իմ բաժինը պահե՞լ եք…

-Մյաո՛ւ, մյաո՛ւ…

-Ո՞վ ես դու.

-Ես ձեր փափլիկ փիսի՛կն եմ,

Ձեր մոխրագույն Զիզիկն եմ.

Ժահպանում եմ մառանը,

Մոտ չեմ թողնում մկանը:

Շա՛տ եմ հոգնել ես գործից,

Մի քիչ մածուն տվեք ինձ:

Իմ բաժինը պահե՞լ եք…

 

-Կա՜ռթ, կա՜ռթ, կա՜ռթ, կա՜ռթ…

-Ո՞վ է այդ:

-Ես ձեր սիրուն հավի՛կն եմ,

Ձեր պուտպուտիկ Չալի՛կն եմ.

Բնում նստել եմ երկար,

Ձու եմ ածել ձեզ համար:

Շա՛տ եմ հոգնել ես գործից,

Մի քիչ գարի տվեք ինձ:

Իմ բաժինը պահե՞լ եք…

 

Դուռը բացեց մայրիկը,

Ու ներս եկավ շնիկը,

Ու ներս եկավ փիսիկը,

Ու ներս եկավ հավիկը:

 

-Այս մի թասը` շնիկին,

Այս մյուսը` փիսիկին,

Այս փոքրիկը` հավիկին,

Այս նախշունն էլ` Լալիկին…

 

ՉՈՓ-ՉՈՓ

 

Լալան հիմի չո՜փ-չո՜փ անի,

Տոտիկները հո՜պ-հո՛պ անի.

Ջուրը մտնի

Թութուշ-մութուշ,

Չո՜փ-չո՛փ անի,

Դառնա պուպուշ…

                ԲԱ ՄԵՂՔ ՉԵ՞ՆՔ

 

Մենք Լալիկի տոտիկներն ենք,

Երկու թմբլիկ ոտիկներն ենք,

Բայց Լալիկը`

Չար բալիկը,

Հանեց գուլպան ու կոշիկը,

Մնացել ենք բոբիկ այսպես,

Կարմրել ենք ցրտից, մի տե՜ս…

Ա՜յ դու Լալիկ,

Ա՛յ չար բալիկ,

Մե՛զ լսիր դու,

Բեր հագցրու

Մեր նախշունիկ գուլխաները,

Մեր սիրունիկ կոշիկները.

Բա մենք մեղք չե՞նք.

Ցրտից սառչենք…

 

                ԻՆՁ ԷԼ, ԻՆՁ ԷԼ

 

Մաման լվաց ծորակի մոտ

Մեր Լալիկի ձեռքը կեղտոտ:

Բերանն ասաց.

-Ինձ էլ լվա,

Տե՜ս, մածուն է քսվել վրաս:

Դնչիկն ասաց.

-Բա ի՞նձ, բա ի՞նձ,

Ախր կեղտոտ եմ բոլորից:

Քթիկն ասաց.

Ի՜նձ էլ, ի՜նձ էլ.

Աչիկն ասաց.

-Ի՜նձ էլ, ի՜նձ էլ:

 

Մաման լվաց ծորակի մոտ

Մեր Լալիկի դեմքը կեղտոտ:

Ու տես, հիմա

Փայլփլում են դեմքի վրա

Եվ բերա՜նը,

Եվ դնչի՜կը,

Եվ քթի՜կը,

Եվ աչի՜կը…

 

                Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ

 

Հապա նայեք մեր Լալիկին,

Պայուսակը բռնել ձեռքին,

Մամայի մեծ չուստը հագել,

Տատիկի լայն շալը կապել,

Առավոտ շուտ ելել ոտքի,

Ո՞ւր է գնում.

               -Աշխատանքի՛…

 

                ՏԱՓԿՆՈՑԻ

 

Լալան ո՞ւր է,

Լալան ո՞ւր է,

Ձայն չի տալիս, ինչ էլ լո՛ւռ է:

Տեսնես այդ ո՞ւր է գնացել,

Թե՞ սենյակում թաք է կացել:

Պահարանի մե՞ջ է պահվել,

Վարագույրո՞վ է ծածկըվել,

Սեղանի տա՞կն է երևի:

Լալա, ո՞ւր ես, դե դո՛ւրս արի…

Վո՛ւյ, կորել է մեր Լալիկը,

Լաց է լինում խեղճ մայրիկը,

Ո՞վ կա այդտեղ, դե շուտ հասե՜ք,

Միլիցիոներ քեռուն ասեք,

Շուտ ամեն տեղ զանգահարեք,

Հայրիկին էլ լուր հասցրեք,

Ասեք` չկա մեր Լալիկը,

Լաց է լինում խեղճ մայրիկը…

 

Լալա՜, ո՞ւր ես, Լալա՜, դո՛ւրս եկ:

Վա՛յ, այստեղ է, տեսե՛ք, տեսե՛ք,

Ճի՛կ…

 

ԱՅՆ Ո՞Վ ԱՐԵՑ

 

Այն ո՞վ արեց,

Գետնին ընկած խնձորն առավ,

Առանց լվալ բերան տարավ:

-Լալան չարեց,

Խոզո՜ւկն արեց

 

Այն ո՞վ արեց:

Առանց գդալ մածուն կերավ,

Երեսն ամբողջ մածուն դառավ:

-Լալան չարեց,

Փիսո՜ն արեց:

 

Այն ո՞վ արեց,

Գոռաց, ճչաց առավոտին

Ու զարթնեցրեց քնած տատաին:

-Լալան չարեց,

Աքլո՜րն արեց:

 

Այն ո՞վ արեց,

Գետնից կեղտոտ խնձոր չառավ

Ու գդալով մածուն կերավ,

Չգոռգոռաց, աղմուկ չարեց,

Տատի քունը չխանգարեց:

-Լալա՜ն արեց,

Լալա՛ն արեց…

 

                ՈՐ ԱՅԴՊԵՍ Է

 

-Ես շաքար եմ, շաքար եմ,

Շաքարի պես քաղցր եմ:

-Թե շաքար ես, զգո՛ւյշ կաց,

Կուտի մկնիկը հանկարծ:

 

-Որ այդպես է, մկնիկ եմ,

Պստիկ եմ ու ճստիկ եմ:

-Թե մկնիկ ես, զգույշ կաց,

Կգա փիսիկը հանկարծ:

 

-Որ այդպես է, փիսիկ եմ,

Ճարպիկ ու ժիր Զիզիկ եմ:

-Թե փիսիկ ես, զգո՛ւյշ կաց,

Կգա Քուչիկը հանկարծ:

 

-Որ այդպես է, Քուչիկ եմ,

Փափլիկ-մափլիկ պոչիկ եմ:

-Թե Քուչիկն ես, զգո՛ւյշ կաց,

Կգա գայլուկը հանկարծ:

 

-Որ այդպես է գայլ եմ, գա՛յլ,

Ձեզ կբռնեմ անպատճառ:

-Թե որ գայլ ես, զգո՛ւյշ կաց,

Կգա որսորդը հանկարծ:

 

-Չէ՛, որսո՜րդ եմ իսկական,

Ունեմ մի մե՛ծ հրացան.

Չեմ վախենում ոչ ոքից,

Ես ուժեղ եմ ամենքից…

 

ԱՐԴԵՆ ԳԻՏԵՄ ՆԿԱՐԵԼ

 

                ԱՐԴԵՆ ՄԵԾ ԵՄ

 

Արդեն մեծ եմ ես, գիտե՞ք,

Էլ ինձ փոքրիկ չկարծեք,

Ոտքիս ծայրին թե կանգնեմ,

Մեր սեղանին կհասնեմ:

Այսօր հայրիկս ինձ էլ

Մեծի տետրակ է բերել,

Ու հետն էլ տուփ մի սիրուն,

Մեջը ներկեր գույնզգույն:

Էլ չարություն չեմ անի,

Էլ իզուր լաց չեմ լինի,

Էլ չեմ ուզի խաղալիք,

Խնձոր, շնիկ ու տիկնիկ:

Սուսիկ-փուսիկ կնստեմ,

Կնկարեմ` ինչ ուզեմ…

 

                ԵՐԿՈՒ ՏԻԿՆԻԿ

 

Երկու տիկնիկ եմ նկարել

Ու նույն ձևի շոր հագցրել,

Կարմիրով եմ մեկին ներկել,

Իսկ մյուսը կուչ է եկել,

Տզտզում է, չի սպասում.

ՙԵ՛ս էլ կարմիր շոր եմ ուզում՚:

Ա՜յ անհամբեր,

Լաց մի լինի,

Քե՜զ էլ պիտի

Ներկեմ հիմի:

 

                ՓՈՇԵԿՈՒԼԸ

 

Նկարել եմ ես հիմա

Մի փոշեկուլ մեքենա.

Տեսե՜ք, փայլուն ու նոր է,

Թմբուկի պես կլոր է:

Խողովակն էլ հապա տե՞ս,

Փղի կնճիթ է ասես:

Ամեն անկյուն, ճեղք ու ծակ

Հոտոտում է շարունակ

Սենյակի մեջ ման գալիս,

Փոշի գտնում, կուլ տալիս,

Հետո կանգնում է տեղում,

Դռդռում է, գոռգոռում,

Թե` ես պարապ ի՞նչ անեմ,

Փոշի բերեք` կլանեմ:

 

ԳՆԱՑՔԸ

 

-Տո՛ւ-տո՛ւ, բացեք իմ ճամփան,

Ես գնացք եմ իսկական.

Ունեմ շատ-շատ անիվներ,

Շոգեքարշ ու վագոններ:

Ռելսեր ունեմ ոտքիս տակ,

Գլխիս` երկար խողովակ:

Առատ-առատ ծուխ կանեմ,

Ուժեղ սուլոց կհանեմ,

Կնստեցնեմ ձեզ գոգիս,

Ուր որ ուզեք` կտանեմ…

 

                ԽՆՁՈՐԸ

 

Մայրի՜կ, նայի՜ր, ես այսօր

Նկարել եմ մի խնձոր,

Ներկել կարմիր ու դեղին,

Երկու տերև էլ ծայրին:

Խնձոր, խնձոր,

Մեղրածոր,

Բայց, մայրի՜կ ջան, չե՛մ տա քեզ.

Դեռ ճաշդ կեր, հետո նոր

Կտամ խնձորը ուտես…

 

                ՄՈՒԿԸ

 

Սա մի մուկ է մոխրագույն,

Նստել նայում է թաքուն,

Հսկում բոլոր տեղերը,

Թափ է տալիս բեղերը:

Բայց, ա՜յ ճստիկ, իմանա՛ս,

Պիտի խելոք դու մնաս.

Թե որ թաքուն բոլորից

Ուտես մթերքը նորից,

Կնկարեմ քո կողքին

Մի սև կատու ահագին…

 

                ՄՈՒԿՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

 

Նկարել եմ իրար մոտիկ

Մի մեծ կատու,

 Մի մուկ պստիկ…

Վա՛յ, ինչ սխալ բան եմ արել,

Որ իրար մոտ եմ նկարել.

Հանկարծ կատուն վրա կգա,

Խեղճ մկնիկի սևը կտա:

Քանի ուշ չէ, ջնջեմ խեղճին

Ու նկարեմ մյուս էջին…

 

                ԱՐՋՈՒԿԸ

 

-Արջո՜ւկ, արջո՜ւկ, իմ բրդոտ,

Ի՞նչ ես կանգնել այդպես մոտ.

Կուզե՞ս, ներկերս բերեմ,

Քեզ էլ այստեղ նկարեմ:

Բայց մոռացա՞ր, ա՜յ կեղտոտ,

Որ հենց այսօր առավոտ

Չլսեցիր մայրիկին,

Չլողացար մի կարգին…

Լա՛վ, արջուկ ջան մի՜ տխրիր,

Ի՞նչ ես այդպես շվարել.

Դե շուտ գնա մաքրվիր,

Արի, քեզ էլ նկարեմ…

 

                ՊԱՐՏԵԶ

 

Նկարել եմ մի լավ պարտեզ,

Պարտեզի մեջ` ծառեր պես-պես,

Ծառերի մոտ` մի ցանկապատ,

Ցանկապատից շուն է կապած,

Որ երբ մի օր Սոսը անկարգ

Մեր պարտեզը մտնի հանկարծ,

Շունը հաչի,

Սոսը փախչի…

 

                ՆԿԱՐԵԼ ԵՄ ՄԻ ՓԵԹԱԿ

 

Սա ծաղիկ է, սա` ցողուն,

Ծաղկի վրա` ժիր մեղուն:

Թերթերի մեջ է մտել,

Ծաղկի առատ հյութ գտել:

Իսկ անկյունում` ծառի տակ,

Նկարել եմ մի փեթակ:

Հենց որ մեղուն կշտանա,

Իր փեթակը կգնա,

Որ այնտեղ էլ աշխատի,

Համով մեղր պատրաստի:

 

ՄԵՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՅՐԻԿԻՆ

 

                ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ

 

Նրանք քույր ու եղբայրներ են`

Սոնան, Սուրիկն ու Սարիկը:

Հիմա արդեն մեծացել են,

Ո՞վ է ասում, թե փոքրիկ են:

Առաջվա պես էլ չի հոգնում

Տան գործերից խեղճ մայրիկը:

Հիմա նրան շատ են օգնում

Սոնան, Սուրիկն ու Սարիկը:

 

                ՏԻԿՆԻԿԻՍ ՀԱՄԱՐ

 

Նոր շոր եմ կարել տիկնիկիս համար,

Օձիքը` կլոր, թևերը` երկար:

Գրպանի համար նախշեր եմ արել,

Փեշի բերանն էլ շատ խորն եմ ծալել,

Որ երբ տիկնիկս բոյ քաշի էլի,

Ծալածը բացեմ, շորը երկարի…

 

                ՀՈԳԱՏԱՐ ՍՈՆԱՆ

 

Ժողով գնաց մայրիկը,

Տուն է եկել հայրիկը.

Շատ է սոված երևի,

Ինչպե՞ս պիտի համբերի:

-Հայրի՜կ, բակից շուտ եկել,

Տիկնիկիս ճաշ եմ եփել.

Մեջը ձու կա, մեկ էլ` բողկ,

Շատ է համով, ազնիվ խոսք:

Նստիր, բերեմ, որ ուտես,

Սա` տիկնիկիս,

Սա էլ` քեզ…

 

ՄԱՅՐԻԿԻ ՕԳՆԱԿԱՆԸ

 

Ես Վահա՜նն եմ,

Ես Վահա՜նն եմ,

Իմ մայրիկի

Օգնականն եմ:

 

Ջուր եմ բերում նրա համար

Անում եմ` ինչ ինձ է հարմար:

Վառարանի փայտ եմ ջարդում,

Հավաքում ու բերում եմ տուն:

Ինքս եմ մաքրում իմ անկյունը,

Միշտ կարգի եմ բերում տունը,

Զբաղեցնում եմ Լալիկին,

Չհոգնեցնի՛ թող մայրիկին:

 

Ես Վահա՜նն եմ,

Ես Վահա՜նն եմ,

Իմ մայրիկի

Օգնականն եմ:

 

                ԻՄԱՑԻՐ, ՈՐ ԴԺՎԱՐ Է

 

Փլավ ուտելն ինչ լա՛վ է,

Բայց եփելը դժվար է:

 

Բրինձ մաղենք` մաղ է պետք,

Անալի է` աղ է պետք,

Եփելիս էլ` հո գիտեք,

Կամ փայտ, կամ էլ գազ է պետք,

Վա՛յ, ցամաքեց, ջուր է պետք,

Շատ է անհամ, յուղ է պետք…

Մեկն էլ պիտի հետևի,

Որ փլավը չվառվի:

 

Մի քիչ փլավ որ եփենք,

Տես, թե ինչքա՛ն բան է պետք:

 

                ԱՅՍՊԵՍ  ԱՆԵՆՔ

 

Պահարա՛նը, պահարա՛նը,

Ո՞նց կլինի դրա բանը:

 

Պահարանը բա՜րձր է, բա՜րձր է,

Իսկ Սոնան էլ`ցա՜ծր է, ցա՜ծր է:

 

Փոշին եկել ու նստել է,

Պահարանը կեղտոտել է:

 

Ո՞վ կսրբի պահարանը,

Ո՞նց կլինի դրա բանը:

 

Ինչքա՞ն պիտի նա սպասի,

Մինչև Սոնան բո՛յ կքաշի:

 

Գնանք բերենք սանդուղքը մեր,

Որ Սոնիկը բարձրանա վեր:

 

Սրբի փոշոտ պահարանը

Թե չէ` վա՛տ է դրա բանը:

 

                ԵՂԲԱՅՐԸ

 

Ուշացել է մայրիկը,

Լաց է լինում Լալիկը.

-Բայ-բա՛յ, բայ-բա՛յ, քույրիկ ջան,-

Օրորում է Սոնիկը:

 

Երբ մոտեցավ Սուրիկը,

Սոնիկը թե` ձեռք մի՜ տուր:

Սուրիկը թե` հերի՜ք է,

Իմ քույրիկն է, շուտ ի՜նձ տուր:

 

Սոնիկը թե` դու գնա,

Լալան քեզ մոտ չի՜ մնա.

Դու տղա ես, իմացի՜ր,

Երեխան քո բանը չի:

 

Սուրիկը թե` սրա՛ն տես.

Եղբայրն ո՞վ է, դո՞ւ, թե՞ ես.

Թե Լալային նեղացնեն,

Պաշտպանն ո՞վ է, դո՞ւ, թե՞ ես…

 

                ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ԹԵ ԿԱՏԱ՞Կ Է

 

Այսօր ուրիշ է կարգը,

Ե՜ս եմ մաքրել հատակը:

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, ի՞նչ արիք,

Սենյակ ինչո՞ւ ոտք դրիք:

Տեղներումդ քարացե՜ք,

Նորից շարժվել չփորձե՜ք:

Ջուր չխմեք`

Կկաթի,

Հաց-մաց չուտեք,

Կթափվի՜:

Լուսամուտը չբացե՜ք,

Փոշի կգա, իմացե՜ք:

Ոչ ոք ուժեղ չշնչի,

Թե չէ` փայլը կկորչի:

Ի՜նչ է, մաքրել հատակը,

Կարծում եք, թե կատա՞կ է…

 

                ՄԵՐ ՓՈՇԵԿՈՒԼ ՄԵՔԵՆԱՆ

 

Երբ տուն բերին մեքենան,

Վրա հասավ մեր Սոնան:

-Ի՜մն է, ի՜մն է,- գոռգոռաց,-

Կաշխատեցնեմ ես ձեռաց:

 

Տատի՜, ոտքդ մի կողմ տար,

Դե, շո՜ւտ բացեք ճանապարհ,

Պիտի օգնեմ մայրիկին,

Մաքրեմ հատակը կարգին…

 

Աղմկում էր մեր Սոնան

Ու քարշ տալիս մեքենան:

 

Մեկ էլ` տատը.- Ա՜յ բալեք,

Ո՞ւր է մատնոցս, գտե՜ք:

 

Գործի գցած ձեռները`

Խառնվել են թոռները,

Ստուգում են մեկառմեկ

Ամեն անկյուն, ամեն ճեղք:

 

Բայց ի՞նչ մատնոց, էլ ի՛նչ ճար,

Թե դրել ես, արի տար…

 

Դու մի ասի, այս ցմփոր

Փոշեկուկն է մեղավոր:

 

Վա՛յ, ամո՜թ քեզ, փոշեկուլ,

Մարդ էլ լինի այսքան կո՞ւյր.

Փոշին ու աղբը թողել,

Դու մատնո՞ցն ես կուլ տվել…

 

Բայց մեքենան համարձակ

Չուզեց մնալ խոսքի տակ.

ՙՇըրը՜խկ՚,- բացեց նա թափով

Կափարիչը շտապով,

Ապա ասաց.- Սիրելի՜ս,

Ամեն մի գործ բռնելիս

Պիտի լինել խելացի.

Հարայ-հրոց պետքը չի:

Իսկ ես ինչի՞ ամաչեմ,

Մեքենա եմ, հո մարդ չե՞մ,

Ուր որ տանեք, ես կգամ,

Ինչ որ լինի, կուլ կտամ:

 

Ստացե՜ք ձեր մատնոցը,

Բայց իմացե՜ք ձեր գործը…

 

ԵՍ ՈՒ ՄԱՅՐԻԿՍ ՄԵԿՏԵՂ

 

Ես ու մայրիկս մեկտեղ

Հագցրեցինք քույրիկին,

Ես ու մայրիկս մեկտեղ

Ճաշ եփեցինք հայրիկին:

 

Երբ ավելի մեծանամ,

Մենակ կանեմ ամեն ինչ,

Մայրիկը շա՛տ է հոգնած,

Հանգստանա՜ թող մի քիչ:

 

ՇՈՒՏ ՄԵԾԱՆԱՄ, ԴՊՐՈՑ ԳՆԱՄ

 

                ՈՐ ՄԵԾԱՆԱՄ

 

Ես ամեն օր

Շուտ եմ զարթնում,

Մարզանք անում

Ու լվացվում:

Մայրս ինչ տա,

Ուտում եմ ես,

Ձկան յուղն էլ

Խմում եմ, տե՜ս:

Խմում եմ, որ

Շո՜ւտ մեծանամ,

Շո՜ւտ մեծանամ,

Դպրո՛ց գնամ:

 

                ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Այս ինչքա՛ն շատ են

Գրքերը այստեղ,

Բոլորն էլ լավ են,

Բոլորն էլ` շքեղ:

Իսկ ես չգիտեմ

Դեռ գրել-կարդալ.

Այսքան գրքերը

Ե՞րբ պիտի կարդամ…

-Մայրի՜կ ջան, մայրի՜կ,

Ինձ շո՜ւտ դպրոց տար,

Որ այս բոլորը

Հասցնե՜մ կարդալ:

 

                ՆԱՄԱԿ ՃԱՄԲԱՐԻՑ

 

Իմ սիրելի մայրիկ ջան,

Գրում է քեզ քո տղան,

Քեզ ողջո՛ւյն մեր ճամբարից,

Անտառներից, սարերից:

 

Դու, իմ մայրիկ թանկագին,

Մի՜ մտածիր իմ մասին.

Այստեղ լավ է և ուրախ,

Ես էլ առողջ եմ, անվախ:

 

Ընկերներիս հետ մեկտեղ

Շրջում եմ ես ամեն տեղ,

Գնում դաշտեր ու անտառ,

Բնության մեջ անդադար:

 

Ժիր երգում եմ ու խաղում,

Ծաղիկներ եմ ես քաղում.

Քեզ համար էլ հավաքել,

Մի լավ փնջիկ եմ կապել:

 

Ու երբ տուն գամ, կբերեմ,

Կբերեմ` քե՛զ նվիրեմ:

Ցտեսություն, ի՜մ մայրիկ,

Բարևներով` ԱՐԱՅԻԿ:

                ԲԺԻՇԿ ՊԱՊԻԿԸ

 

Մի անգամ հանկարծ

Ես հիվանդացա,

Երբ աչքս բացի`

Այնպե՛ս վախեցա.

Գործիքը ձեռքին,

Ակնոցը աչքին,

Բժիշկ պապիկն էր

Նստել իմ կողքին:

Բայց բժիշկ պապին

Ինձ ոչինչ չարեց,

Կանչեց մայրիկին

Ու դեղեր գրեց:

Դեղերն էլ, գիտե՞ք,

Դառ չէին իսկի,

Խմեցի մեկ-մեկ,

Լավացա կրկին:

Եվ այն օրվանից

Որտեղ էլ տեսնում,

Բժիշկ պապիկից

Էլ չե՛մ վախենում…

 

                ԻՄ ՏԱՏԻՆ

 

Ծերացել է իմ տատաին,

Մեջքը թեքվե՛լ է այնքան,

Ես ասում եմ տատիկին.

Մի՛ մտածիր, տատի՛ ջան,

Կմեծանամ ես շուտով

Եվ օդաչու կլինեմ.

Ուր որ գնում ես ոտքով`

Ինքնաթիռո՜վ կտանեմ…

 

ԱՅՍ ԲՈԼՈՐԸ

 

Լայն ու սիրուն

Մեր փողոցը

Ու զարդարուն

Մեր դպրոցը,

Իմ գրքերը,

Իմ ներկերը,

Ուրախ-զվարթ

Իմ երգերը,

Այս բոլորը,

Այս բոլորը

Ինձ բերել է

Հոկտեմբերը:

 

                ԲԼՈՒԶԻ ԳԱՂՏՆԻՔԸ

 

Բլուզն է փնտրում

Ռուբիկն անդադրում.

Կորե՛լ է, չկա

Բլուզը սիրուն:

Մանկապարտեզից

Ուշանում է նա,

Բայց առանց շորի

Ասեք, ո՞ւր գնա:

Հանկարծ անկյունում`

Պահարանի մեջ,

Կորած բլուզը

Նորից հայտնվեց:

Եվ ասաց.

                                    -Զո՛ւր ես

Այդքան փնտրում ինձ,

Ես ինքս եմ այդպես

Թաքնվել քեզնից:

Մայրդ ամեն օր

Ինձ լավ լվանում,

Մաքրում, արդուկում,

Քեզ է հագցնում:

Իսկ դու անխնամ,

Վատ ես պահում ինձ

Եվ ամեն անգամ

Կեղտոտում նորից:

Ես գոհ չեմ քեզնից,

Դու ինձ չե՛ս սազում,

Ես ուրի՜շ, ուրի՜շ

Ռուբիկ եմ ուզում…

 

Տխրեց, շա՛տ տխրեց

Փոքրիկ Ռուբիկը,

Արցունքով լցվեց

Սևուկ աչիկը:

Եվ ասաց խելոք.

                               -Ների՜ր ինձ, ների՜ր,

Սրանից հետո

Դու վստահ եղիր,

Որ քեզ խնամքով,

Լա՛վ պահեմ պիտի,

Էլ չե՛մ կեղտոտի,

Էլ չե՛մ պատռտի,

Միայն ինձ սիրիր

Ու ինձ մոտ մնա,

Ուրիշ Ռուբիկի

Բլուզ մի դառնա…

 

                ԻՄ ՄԱՄԱՆ

Իմ մամայի նման մամա

Չկա ամբողջ Երևանում,

Ա՜յ, այս տան չափ մի մեքենա

Ունի մամաս գործարանում:

 

Եթե նա իր ձեռքը շարժի,

Դը՛ռռ, կաշխատեն անիվները,

Իսկ կանգնեցնել երբ որ ուզի,

Թը՜խկ, կկանգնեն անիվները:

 

Աշխատում է մամաս այսպես,

Կտոր գործում արագ-արագ,

Ու բոլորն էլ ասում են. ՙՏե՛ս,

Ի՜նչ լավ մամա ունի Արան…՚:

 

Գիտե՞ք, երեկ ռադիո քեռին

Իմ մամային գովեց երկար,

Իսկ երբ այսօր թերթը բերին,

Մեջը նրա նկարը կար:

 

Իմ մամայի նման մամա

Չկա ամբողջ Երևանում,

Միայն մեկը մեր տանը կա,

Մեկն էլ` թերթի այս նկարում:

 

                ԹԹԵՆԻՆ

 

Կանաչում է օրեցօր

Մեր թթենին մեղրածոր:

 

Տերևները մեծանում,

Թութը հասնում, քաղցրանում:

 

Թութը` ինձ ու Արամին,

Տերևները` շերամին…

 

  &n