90-ամյա Վիկտորյա Կուզիկյանը՝ ամերիկյան դպրոցի՝ ցեղասպանությունից հրաշքով փրկված նախկին աշակերտուհին, հուզմունքից ընդհատուն ձայնով հիշում էր իր կյանքի պատմությունը։ Նրա դուստրերը՝ Հասմիկն ու Քնարիկը, գեղեցիկ, բարեհամբույր կանայք, երբեմն մոտենում, ընդմիջում էին մեր զրույցը՝ մոր պատմածներից մի դրվագ հիշեցնելու համար: 1990 թվականն էր։ Ու հիմա հյուր եմ գնում նրա աղջկան՝ Քնարիկին, երբ տիկին Վիկտորյան այլևս չկա։ Տիկին Վիկտորյան հպարտանում էր իր ընտանիքով։ Աղջիկներից Հասմիկը ճարտարապետ է, Քնարիկը՝ կենսաքիմիկոս: Որդիները՝ Դավիթը և Վահանը ևս ուսյալ, համեստ ու աշխատասեր մարդիկ են, ինժեներներ: Նա ջերմությամբ էր խոսում դստեր՝ Հասմիկի ամուսնու՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Տեր-Ստեփանյանի մասին։ 1956 թվականից ի վեր նա, որպես սկզբունքային գիտնական, պայքարել էր Հայաստանի համար աղետալի վտանգների՝ Սևանի ջրամակարդակի իջեցման, սակավահող Հայաստանի սրտում՝ Արարատյան դաշտում ատոմակայան կառուցելու, Խորհրդային Միության ատոմակայանների ռադիոակտիվ թափոնները երկիրը սնող Արարատյան դաշտում թաղելու, 1988 թ. ահեղ երկրաշարժից հետո ավերակված Լենինական-Գյումրիի թաղամասերը սեյսմիկ առումով անկայուն տեղանքում կառուցելու ծրագրերի դեմ...
Չընդհատված զրույց Մաշտոցի պողոտայի՝ վաղուց հարազատ դարձած շենքի երրորդ հարկի աստիճանահարթակում ինձ դիմավորում է Վիկտորյայի դստեր՝ Քնարիկ Հովասափյանի որդին՝ Տիգրանը։ Նույն՝ 1990-ից ծանոթ շունչն է տիրում գիտության նվիրյալների այդ օջախում՝ խորհրդային շրջանի պարզ, անպաճույճ կահույք և մինչև առաստաղ հասնող գրադարակներ... Քնարիկ Հովասափյանը բարևելու համար դժվարությամբ է բարձրանում բազկաթոռից՝ արդարանալով, որ ոտքը վնասել է։ Անսովոր է տեսնել եռանդուն, գործունյա տիկնոջը բազկաթոռին գամված:
Ասես երեկ էր, որ վաղ առավոտյան դեպի պաշտպանության նախարարություն շտապող ավտոբուսում նստած կին զինծառայողները Մաշտոցի պողոտա հասնելիս մեկեն աշխուժանում էին. «Տեսե՛ք, կրկին նա է՝ Անգլիայի թագուհին...»։ Տղամարդիկ հակառակվում էին. «Ո՛չ, նա ավելի Մարգարեթ Թետչերին է նման»: Եվ քննարկում էին արքայավայել քայլող տարեց տիկնոջ ձյունաճերմակ լայնեզր գլխարկը, ձեռնոցները, պայուսակը... փորձում գուշակել՝ ի՞նչ մասնագետ է, ո՞ւր է շտապում այդքան վաղ: Ու հիմա հմայիչ բժշկուհին, ում իր խորագիտակության և մարդկանց հանդեպ հոգատարության համար աշխատակիցներն ու հիվանդները սիրով մեր Մայր Թերեզա էին կոչում, նստած է իմ դիմաց մանկան պես անզոր:
— Դուք ձեր մոր դուստրն եք, համոզված եմ՝ հաղթահարելու եք այս դժվար վիճակը,– ասացի ես:
Դեմքը միանգամից պայծառացավ.
— Մա՜յրս, նա ուրիշ էր: Վաղ հասակում անցել էր դժոխքի միջով, չէր կորցրել լավատեսությունը, հարազատին ու օտարին օգնելու, սատարելու՝ ծնողներից ժառանգած բարեսրտությունը: Սակայն 1988 թ. փետրվարին Սումգայիթում հայերի հանդեպ կատարված ոճիրներից հետո ասում էր. «1915 թ. ցեղասպանության ծանոթ ձեռագիրն է, երկու եղեռնի ականատես եղա, շատ չէ՞ մի կյանքի համար...»:
Ականատեսի աչքերով
Վիկտորյա Կուզիկյանը ծնվել է 1900 թ. Անդրեասում (Ինտիրես): Մայրը՝ Հայկուհին, Շապին Գարահիսարից էր, հայրը՝ Պողոսը, Ակնից: Զորավար Անդրանիկը Հայկուհու հորաքրոջ տղան էր: Անդրեասից մինչև Շապին Գարահիսար՝ Անդրանիկ Օզանյանենց տուն, կառքով մեկ օրվա ճանապարհ էր: Անդրանիկը թուրքերի հետապնդումից խույս տալու համար հաճախ էր այցելում ազգականներին: Հետապնդողները հանկարծակի խուզարկում էին Հայկուհիենց տունը, որպեսզի բռնեն նրան: Անդրանիկը միշտ գիշերով էր գալիս, մի կարճ ժամանակ նստում, զրուցում Հայկուհու ծնողների հետ ու անհետանում խավարում... Այդ տարաժամ այցելությունները խոր տպավորվում էին Վիկտորյայի մտապատկերում: Առավոտները նրան թվում էր, թե ծնողների ու գիշերային այցելուի խորհրդավոր զրույցները երազում է լսել:
Արհեստավոր ծնողները գիտության հանդեպ պաշտամունք ունեին: Ամեն կերպ ջանում էին, որ իրենց զավակներն ուսում ստանան: Մինչև 12 տարեկան Վիկտորյան սովորեց բողոքական դպրոցում: Հետո մոր ազգականներից մեկը, տեսնելով աղջկա ընդունակությունները, Վիկտորյային տարավ Սեբաստիա՝ «Ամերիկյան ավագ դպրոցում» սովորելու: Բարձրագույն գիշերօթիկ դպրոց էր, տարեկան վարձը՝ 6 կարմիր ոսկի: Ավա՜ղ, ապագայի վառ երազանքները փլուզվեցին, փոշիացան. սկսվեց Առաջին աշխարհամարտը...
1914 թ. վերջերին Սեբաստիայում ծայր առան բռնությունները, իսկ 1915 թ. հայերի նկատմամբ բացահայտ հաշվեհարդար սկսվեց: Երրորդ կուրսը մաթեմատիկա առարկայից քննություն էր հանձնում, երբ դուռը բացվեց, և իրենց համաքաղաքացի ուսանող տղաները, Վիկտորյային դուրս կանչելով, ահաբեկված պատմեցին, որ թուրքերն իրենց ծնողներին սպանել են, և հիմա իրենք որբ են: Դասախոսն ընդհատեց քննությունը: Տղաների պատմածներից նա զարհուրեց: Անդրեասի ու շրջակա գյուղերի բնակչությանը թուրքերը բռնությամբ տարել էին սար և այնտեղից թափել ձորը: Հետո երկու կանայք, որ հրաշքով էին փրկվել, հայտնվելով դպրոցում՝ լրացրեցին եղերական իրադարձության մանրամասները. «Դիակներն այնքան շատ էին, որ ձորը լցվել էր...»։
Ամերիկուհին, որ Վիկտորյայից բացի ևս վեց հայ սանուհիների էր պատսպարում, արցունքն աչքերին լսում էր կանանց պատմածները: Հենց նրանցից Վիկտորյան իմացավ իր հարազատների հետ կատարվածի մասին: Ավագ հորեղբորը՝ Միքայելին, որ հիվանդ էր, հանում են անկողնուց և քարշ տալով տանում, գցում են գետը: Նրանց հետևից վազող Միքայելի կինը, տեսնելով ամուսնու խեղդվելը, ինքն էլ է նետվում գետը: Մյուս հորեղբորը՝ Վահանին, թուրքերը «մեծահոգաբար» հարցնում են. «Առաջինը քե՞զ, թե որդուդ սպանենք»: Հայրը թախանձում է առաջինն իրեն սպանել: Վիկտորյայի ծնողների և մյուս երկու հորեղբայրների մասին կանայք
ոչինչ չգիտեին, բայց նրանց պատմածները հույսի տեղ չէին թողնում:
Երզնկայից հետո ջարդեր սկսվեցին Սեբաստիայում, որոնց ականատես 15 տարեկան Վիկտորյան ահարկու պատկերները հիշելու է ամբողջ կյանքում: Ահա նրա պատմածներից մի քանի դրվագ.
— Մեր քոլեջի տղաներին բռնությամբ տանում են ձոր: Հերթով նստեցնում են մեծ քարի վրա և մեկ ուրիշ մեծ քարով գլուխները ջարդում, գցում մի կողմ: Միանգամից կմեռնեին, թե դաժան հոգեվարքով, նրանց հետաքրքիր չէր: Գազանի բնազդն էր գործում: Նաև խնայում էին փամփուշտները: Հրաշքով միայն մի փոքրիկ տղա է փրկվում: Մի քուրդ, ճանաչելով իր երեխաների ուսուցչուհու տղային, նրան պահում է, որ իր ոչխարներն արածեցնի: Որոշ ժամանակ անց այդ տղան հայտնվեց մեր քոլեջում և նկարագրեց, թե ինչպես են քարասպան եղել քոլեջի տղաները:
«Ամերիկյան ավագ դպրոցի» տղաները, որ լույսի ջահեր վառողներ էին լինելու, սպանվեցին, զոհ դարձան խավար, չար ուժին: Նրանց մահով կյանքը դատարկվեց: Իսկ մեր սիրելի ուսուցիչներին թուրքերը պարաններով կապկպեցին ու քարշ տվեցին Սեբաստիայի փողոցներով այնքան, մինչև շունչները փչեցին: Քրդերն սկսեցին թալանել մեռածների հագուստները:
Իսկ մենք՝ մի խումբ աշակերտուհիներ, ծվարած ամերիկացի ուսուցչուհու թևի տակ, սարսափահար սպասում էինք խուժանի գալուն: Մի իրիկուն նրանց ձայներն ավելի մոտիկից լսվեցին: Ուսուցչուհին առաջարկեց ամանները լիքը մոխիր լցնել և դնել պատուհանագոգերին, որ եթե ներս խուժեին, թափեինք գլուխներին, մոխիրը լցվեր աչքները: Թուրքերը եկան դպրոցի դարպասի մոտ, ձայնեցին, որ ուզում են ստուգել՝ նույն բակում գտնվող ամերիկյան հիվանդանոցում ռուս գերիներ կա՞ն արդյոք: Ամերիկացիները դուռը չբացեցին: Չլիներ հիվանդանոցի վրա ծածանվող ամերիկյան դրոշը, նրանք անպայման ներս կխուժեին և գուցե հայտնաբերեին դպրոցի գետնահարկում թաքնված հայ տղամարդկանց:
Մի երկուշաբթի առավոտ հրաման եղավ, որ Սեբաստիայի հայերը մեկ ժամում պատրաստ լինեն տեղահանության: Մեկ ժամ անց, թողած տուն ու ունեցվածք, կապոցներում մի կտոր հաց, ժողովուրդը ելավ տներից: Սեբաստիան ամայացավ... Միայն շներն էին ոռնում փողոցներում, և բառաչում էին արոտից վերադարձած կովերը: Աքսորից երկու ժամ չանցած՝ հայ զինվորները մեր դպրոց բերեցին ութ տարեկան մի աղջնակի, որին լլկել էին վեց թուրք լամուկ ու թողել-հեռացել: Մինչև բժիշկը կգար, երեխան մահացավ:
Վկաներ պետք չեն
Խժդժությունների առաջին իսկ օրերին ամերիկացիները դիմել էին կուսակալին, խնդրել, որ քոլեջի սաներին ու դասախոսներին չաքսորեն: Ավա՜ղ, միայն յոթ սանուհիներիս կարողացան պահել՝ որպես իրենց ծառա: Թեև մեր վիճակն էլ ապահով չէր։ Մի օր արաբայով մի թուրք հայտնվեց քոլեջի առջև, գոռաց.
— Հրաման ունեմ՝ հայ աղջիկներին տանելու:
Միսս Կրաֆմն ընդդիմացավ, գնաց բողոքելու վալիին: «Ես այդպիսի հրաման չեմ տվել», — ասել էր վալին: Նրանք միսս Կրաֆմին պատժել չէին կարող, քանի որ հայերի աքսորից առաջ Թուրքիայի ռազմական խորհուրդը նրան պարգևատրել էր շքանշանով՝ Էրզրումի բծավոր տիֆով հիվանդ թուրք զինվորներին խնամելու համար:
Ականատես լինելով իր նշանածի՝ քոլեջի դասախոս պրոֆեսոր Ռուբեն Ռաֆիկյանի սպանությանը՝ միսս Կրաֆմը միացավ աքսորի դատապարտված քոլեջի տղաներին ու աղջիկներին: Անվախ ու հպարտ ամերիկուհու կառքն անցնում էր սպանված հայերի դիակների վրայով: Երբ հասան Մալաթիա, թուրքական կառավարությունն արգելեց ամերիկուհուն շարունակել ճանապարհը: Իրենց գործած նախճիրներին վկա պետք չէր, մաքրում, թաքցնում էին կատարվածի հետքերը:
Մեկ ամիս միսս Կրաֆմին պահեցին Մալաթիայում՝ գերմանացի դեսպանի տանը: Դեսպանը կառավարությանը հայտնել էր, որ ամերիկուհին օրագիր ունի, հայերի ջարդերի մասին գրառումներ է կատարում: Երեք տարի շարունակ թուրքերը քրքրում էին ամերիկուհու իրերն ու օրագիրը չէին գտնում: Այն արտաքուստ գրքի էր նման: Խուզարկությունների ժամանակ դարակներից գրքերն իջեցնելիս ես այնպես էի անում, որ օրագիրն աննկատ մնա: Անարդյունք փնտրտուքից կատաղած խուզարկուներն սկսեցին մեկ առ մեկ թերթել բոլոր գրքերը և հայտնաբերեցին օրագիրը: Միսս Կրաֆմը բողոք գրեց կառավարություն: Պատասխան եկավ, որ օրագիրն ուղարկվել է Պոլիս: Չզլացավ, ելավգնաց Պոլիս, դիմեց Ամերիկայի դեսպանին: Վերջինս հայտնել էր, որ օրագիրը բերել են, բայց իր աչքի առջև գցել են վառարանը:
Փրկվածները գտնում են իրար
Վիկտորյա Կուզիկյանը մեծ երախտագիտությամբ էր խոսում ամերիկացիների մասին, որոնք հնարավոր ամեն միջոց գործադրում էին` իրենց սաներին մահվան ճիրաններից ազատելու համար: Երբեմն նրանց հաջողվում էր, իրենց կյանքը վտանգելով, փրկել հայ որբերի:
— Հետագա տարիներին ամերիկացիների հիմնած որբանոցներում հայ մանուկներն ստացան ապաստան, սնունդ, ամենակարևորը՝ հոգու ջերմություն ու սեր: Որբանոցում ուսում առան, ապա Ամերիկայում խորամուխ եղան գիտության, արվեստի և ուրիշ ոլորտներում, դարձան անվանի, ճանաչված մարդիկ: 1972 թ. մեկնեցի Ամերիկա՝ այնտեղ ամուսնացած քրոջս ու մյուս հարազատներիս այցելության: Բոստոնին մերձակա Պրովանս քաղաքում էի, որ սկսվեցին հեռախոսազանգերը: Ամերիկյան որբանոցի ընկերուհիներս էին, նաև որբանոցում իմ խնամած սաները: Զանգեցին անվանի վիրաբույժ-մանկաբարձ օրիորդ Ռոյը, հրապարակախոս, հասարակական գործիչ տիկին Զապելը՝ Նյու Յորքից, տիկին Աղավնին և նրա ամուսինը՝ գրող Անդրանիկ Շահենը՝ Կալիֆոռնիայից, որը նույնպես որբանոցի սան էր եղել: Հրավիրում էին իրենց տները, կարոտալի խոսքեր ասում: Հենց նրանք էլ հայտնեցին, որ քոլեջի անգլերենի ուսուցիչ ամերիկուհի միսս Ռոյը Սեբաստիայից մեկնելիս իր հետ Ամերիկա է տարել գարահիսարցի Աղավնի Սուրբլուսյանին, պահել հարազատ աղջկա պես ու մահից առաջ նրան կտակել ամբողջ ունեցվածքը՝ առանձնատուն, այգի...
2017 թվական, Երևան
Երևանի վրա իջնում է երեկոն: Խնդրում եմ ընտանեկան ալբոմից մի քանի լուսանկար ընտրել՝ տպագրելու համար: Մենք թերթում ենք ալբոմն ու ըմպում տիկին Քնարիկի նկարիչ որդու՝ Տիգրանի եփած համեղ սուրճը։
Դիտում եմ Տիգրանի նկարները։ Մորն առանձնապես սրտամոտ է նրա նկարած՝ եղեռնից փրկված ծերունու դիմանկարը:
— Այդ ծերունու կերպարն ինձ հարազատ է, — ասում է տիկին Քնարիկը, — մորս է հիշեցնում, նրա ապրած դժվարին մանկությունը, 1915 թ. ցեղասպանության սարսափները:
Հետո ավելացնում է.
— Գիտեք, ես հավատում եմ, որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: Նրանց առաջադեմ մտավորականները գնալով ավելի հաստատակամ եմ բարձրաձայնում այդ մասին: Թուրք գրողները ցեղասպանության հենքի վրա բարձրարժեք գեղարվեստական վեպեր են գրում, ինչ-որ բան փոխվում է:
• • •
Հերիքնազ տատս, ում եղեռնից փրկել էր Զորավար Անդրանիկը և գաղթականների խմբի հետ հասցրել էր մինչև փրկարար սահմանը, հաճախ էր կրկնում. «Լա՛ո, հայի դժվարը մեկ այսօր է, մեկ էլ ամեն օր»: Ուրեմն լինենք հայրենիքի սահմանը պահող զինվորի կողքին, օտար ափերում չփնտրենք ապահովություն, որպեսզի մեր պատմության մեջ չկրկնվի 1915 թվականը, Սումգայիթը, Բաքուն...Օտարությունը փուշ է, հայրենիքը՝ վարդ. վաղուց, շատ վաղուց գրել է հայ տաղերգուն...
Զրուցեց Ասպրամ Ծառուկյան, Երևան, «Ժամ» ամսագիր, աշուն 2017 թ.