Օգոստոսի 13-ին Էջմիածնում գտնվող «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում մեկնարկեց «Վրձինների համբույրը» խորագրով «Մաչանենց 2019» միջազգային արվեստի սիմպոզիումը: Սիմպոզիումի նպատակն է նպաստել հայ և արտասահմանցի արվեստագետների միջմշակութային երկխոսությանն ու փորձի փոխանակմանը։
«Մաչանենց» միջազգային արվեստի սիմպոզիումին այս տարի մասնակցեցին 26 արվեստագետ 7 երկրից: Իսկ 5 տարվա ընթացքում «Մաչանենց» սիմպոզիումին մասնակցել է 23 երկրից 250 արվեստագետ։ «Մաչանենց 2019» միջազգային արվեստի սիմպոզիումի բացման օրը «Հայ միասնության խաչ» ԲՄԿՀ-ում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում սիմպոզիումի մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսք հղեցին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի և «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը և 2019թ.-ի սիմպոզիումի գործընկեր ՀՀ նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանը։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին տրվեցին հատուկ կավե սալիկներ, որոնց վրա նրանք պետք է թողնեին իրենց համբույրի հետքը։
Միջոցառումն ամփոփվեց «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի հիմնով, որի հեղինակն է սիմպոզիումի հավատարիմ մասնակից, նկարիչ, քանդակագործ Պավել Մունտիևը։ Երեկոյան սիմպոզիումի մասնակիցները շրջեցին քաղաքով, ծանոթացան տեղի ճարտարապետությանը, այցելեցին Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սբ․Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիներ: Կայացան ծանոթացման և հայկական մշակույթը ներկայացնող խաղեր սիմպոզիումի մասնակիցների հետ: Սիմպոզիումի շրջանակներում մասնակիցները ներկայացրին իրենց երկրների մշակույթները: Կայացավ հայկական ազգային երգերի և պարերի վարպետության դաս «Մաչանենց բենդ»-ի կողմից: Մասնակիցները շրջայց կատարեցին Երևանում, այցելեցին Մատենադարան: Այցելեցին Գառնու տաճար, Գեղարդի վանական համալիր: Մշակութային այց կատարվեց դեպի Զվարթնոց տաճար և Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան։ Սիմպոզիումի օրերին տեղի ունեցավ մշակութային երեկո, որի ընթացքում ելույթ ունեցավ Ռոբերտ Աբրահամյան և «Էջմիածին» վոկալ-գործիքային համույթը: «Մաչանենց 2019» միջազգային արվեստի սիմպոզիումի վերջին օրը՝ օգոստոսի 20-ին, «Հայ Միասնության Խաչ»-ում տեղի ունեցավ «Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ հոբելյանական սիմպոզիումի ցուցահանդեսի բացման արարողությունը։
Միջոցառումը սկսվեց Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով։ Երեկոյի ընթացքում «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի մասնակիցները ստացան վկայականներ Հայաստանի նկարիչների միության և «Հայ Միասնության Խաչ»-ի կողմից, իսկ սիմպոզիումի գործընկերները պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Մասնակիցների շուրթերի հետքերով հիմնվեց «Անթարգման համբույր»-ի պատը, որտեղ յուրաքանչյուր անձ կարող է ավելացնել իր «համբույրը»:
5-րդ սիմպոզիումի հոբելյանական տորթը կտրելու պատիվը տրվեց «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի բոլոր տարիների հավատարիմ մասնակիցներ Պավել Նիկոլաևին և Իրինա Մաքսակովային։ Իսկ վերջում հյուրերը շրջեցին պատկերասրահում` ծանոթանալով սիմպոզիումի ընթացքում ստեղծված արվեստի գործերին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և աշխատակիցները, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիում 2019-ի գործընկեր Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը և աշխատակիցները, «Գաթա» բենդի մենակատար բարեշնորհ Արդրանիկ սարկավագ Մանուկյանը, մտավորականներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: