2019 թ. Հունիսի 7-ին Բարտենբախում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք եւ հանդիպում, որի ընթացքին Բարտենբախի ավետարանական համայնքի ներկայացուցիչները Եկեղեցու բանալիները հանձնեցին Բադեն-Վյուրտբերգի հայ համայնքին: Արարողությանը հրավիրված էին քաղաքական եւ եկեղեցական պատվո հյուրեր, ինչպես նաեւ բողոքական եւ հայկական եկեղեցիների ծխականներ: Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի նախագահ Պերճ Թաքեսյանը հյուրերին ողջունեց, մատնանշելով, որ սա ուրախ օր էր ոչ միայն իր, այլեւ համայնքի անդամների մեծամասնության համար, որոնք երազում էին սեփական եկեղեցի ունենալ:
Էկումենիկ արարողության ընթացքում, որը ուղեկցվում էր ավետարանական եւ հայկական հոգեւոր երաժշտությամբ, բողոքական համայնքի ատենապետ Վոլֆգանգ Այխմյուլերը եկեղեցու բանալին հանձնեց համայնքի ամենահին եւ Սուրբ Խորհանի երկարամյա սպասավոր Արման սարկավագ Փիլիպոսյանին:
Գերմանահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե Եպիսկոպոս Իսախանյանը, Վյորթեմբերի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոս Ֆրանկ Օտֆրիդ Յուլին եւ Գոթինգինգենի քաղաքապետ Գվիդո Թիլը հանդես եկան ողջույնի խոսքով: Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը շնորհակալություն հայտնեց ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներին եւ Բադեն-Վյուրթեմբերգի կառավարությանը վստահության եւ ինքնության պահպանումը ապահովելու հնարավորության համար եւ կոչ արեց տեղական համայնքներին հասարակության շահերին նպաստել էկումենիկ համագործակցության զարգացմամբ: «Հույսս այն է, որ այստեղ տեղում զարգացած գերմանա-հայկական բարեկամությունը ոչ միայն Բարտենբախում կառուցի փոխըմբռնման կամուրջներ, այլ նաեւ այդ կամուրջները հասցնի մինչև Հայաստանին: Օրինակ, զարգացման ծրագրերի ոլորտում համագործակցության միջոցով», — ասաց Գերմանահայոց թեմի առաջնորդը:
Այնուհետեւ Գերհարդ Շթայնբախը (Բարտենբախի ավետարանական եկեղեցու քահանա) եւ Տիրատուր քհն․ Սարդարյանը (Բադեն-Վյուրտբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ) խոսեցին եկեղեցու էկումենիկ անցյալի եւ ապագայի մասին: Բարտենբախի հին եկեղեցին գոյություն ունի ավելի քան 600 տարի: Առաջին անգամ այն հիշատակվել է 1404-ին Սուրբ Օթմարի եւ Մարիայի Մատուռ անունով:
Եկեղեցին քանդվել է Երեսունամյա պատերազմի ընթացքում: Նույն տեղում 1651 թվականին կառուցվել է ներկայիս եկեղեցին: Իսկ երբ 1974 թ. ավետարանական համայնքը կառուցեց նոր համայնքային կենտրոն, եկեղեցին մնաց թափուր: 1983 թվականից ի վեր եկեղեցին հանձնվում է հայ համայնքին եւ օծվում որպես Սուրբ Խաչ հայ առաքելական եկեղեցի։ 2018-ի դեկտեմբերին հայ համայնքը դարձավ եկեղեցու սեփականատերը։
Եկեղեցին այժմ խիստ վերանորոգվության կարիք ունի, որպեսզի շարունակի լինել աղոթավայր, ուր կկատարվեն արարողություններ ու ծեսեր: Այս նպատակով Բադեն-Վյուրտբերգի հայ համայնքը դրամահավաք է սկսել։ Հունիսի 6-ին այս նպատակով Առաջնորդարանը կատարեց առաջին քայլը եւ նվիրաբերեց 10․000 եվրո, որը համայնքի փոխանցեց Գերմանահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե Եպիսկ․ Իսախանյանը: Եկեղեցու վերանորոգությունից հետո այն բաց կլինի նաեւ միջեկեղեցական արարողությունների եւ մշակութային ծրագրերի համար։
www.zham.ru