Աթենքում մահացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ Լեոնիդաս Լազոս-Սերեյանը։ Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հիմնովին կապված է Լեոնիդասի անվան հետ, որտեղ նրա եզակի ջանքերի շնորհիվ, 1991 թ․-ի ապրիլին Հունական խորհրդարանի ավելի քան 170 պատգամավոր ստորագրեցին Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը։
Հայկական Ժողովրդական Շարժումը Լեոնիդասի մահվան կապակցությամբ հաղորդագրություն է տարածել:
«Աթենքում կյանքից հեռացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանին, Արցախին և Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարին եռանդուն զորակցած, հասարակական, քաղաքական գործիչ, Հունաստանի դեմոկրատական շարժման նվիրյալ, Հունաստանի գնդապետների բռնապետական կարգերի դեմ հանդգնորեն պայքարած և այդ ընթացքում բազմիցս կալանավորված ու խոշտանգումների ենթարկված` Լեոնիդաս Լազոս-Սերեյանը։
Լեոնիդասը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 14-ին, Սկիատոս կղզում: Մայրը հայ է, հայրը` հույն:
Նա 1988թ-ին Սպիտակի երկրաշարժի օրերին Հայկական ժողովրդային շարժման (ՀԺՇ) կողմից Հունաստանում կազմակերպված «Հայաստանի զորակցության հանձնախմբի» հիմնասյուներից էր, Արցախյան հիմնահարցի պաշտպանությանը նվիրված Հայկական ժողովրդային շարժման կազմակերպած բազմաթիվ քաղաքական և գիտական խորհրդաժողովների ակտիվ մասնակից։
Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հիմնովին կապված է Լեոնիդասի անվան հետ, որտեղ նրա եզակի ջանքերի շնորհիվ, 1991 թ․-ի ապրիլին Հունական խորհրդարանի ավելի քան 170 պատգամավոր ստորագրեցին Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը։
Առողջական պատճառով Լեոնիդաս Լազոս-Սերեյանի վաղաժամ մահը մեծ կորուստ է, Հայաստանի և հայ ժողովրդի արդար իրավունքների հետապնդման և ՀԺՇ-ի համար։
Մեր խորին ցավակցությունը հանգուցյալի հարազատներին, պայքարի ընկերներին և համայն հայության։
Աթենք, 19 հունիսի 2019 թ․»