Մոտ 60 ուսանող է հեռացվել կամ հեռացել ՀՅԴ Հայաստանյան կառույցից։ Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության (ՆԱՈւՄ), արդեն նախկին անդամների հրապարակած հայտարարությունները:
Իրենց կուսակիցներին ներքին կարգով հղած նամակով (որ անհայտ անձանց կողմից հրապարակվեց եւ ուսանողներին կուսակցությունից հեռացնելու համար պատրվակ հանդիսացավ) այս երիտասարդները բացատրել են թե ինչու եւ ինչ հանգամանքների տակ ՆԱՈւՄ-ը մերժել է ՀՀ ՀՅԴ Գերագույն մարմնի թելադրանքները ընդունելու։
Հրապարակված նամակում եւ այնուհետ իրենց հարցազրույցներում ՆԱՈւՄ-ի մեծամասնությունը հանդիսացող (մոտ 60 ուսանող) հայտարարել են, թե ինչ պատճառներով նրանք մերժել են ընդունելու պարտադրվող մի շարք որոշումներ, այդ թվում` ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականի պահանջը եւ այդ պահանջով ակցիաներին մասնակցելը, Ռոբերտ Քոչարյանին որպես քաղբանտարկյալ ընդունելը եւ երկրում «պարտիզանական» եղանակով կամ ոգով իրավիճակներ փոխելու թելադրվող հրահանգները։
Նրանք նույնպես մեղադրել են ՀՅԴ-ի հայաստանյան ղեկավարությանը կուսակցության ազգային եւ սոցիալիստական հայացքներից շեղվելու եւ ուլտրա աջ կուսակցության վերածվելու մեջ։ Այդ բոլոր հարցերում, ուսանողները պատասխանատվության սլաքը հիմնականում ուղղում են ՀՅԴ նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ով թեեւ, ըստ ուսանողների, այսօր կուսակցական ոչ մի առանձնահատուկ պաշտոն չի զբաղեցնում, սակայն, ինչպես անցնող 20 տարիներում, նույնպես եւ այսօր կուսակցությանը պարտադրում է իր ցանկությունները։
ՀՅԴ-ից հեռացած ուսանողներից ոմանք ակնկալել էին, որ արտերկրում ՀՅԴ մասնաճյուղերը զորակցեն իրենց տրամաբանական պահանջներին, հավանաբար տեղյակ չլինելով, որ արտերկրում իրենց կուսակցության կողմից անգամներ կիրառվել են նույնանման եւ դեռ ավելի ծանր «մաքրագործումներ»։
Այս առիթով արժի հիշել 60-ական եւ 70-ի սկզբին Իրանում աշխատող եւ ավելի քան 70 անդամ ունեցող Ուսանողական կոմիտեության ցավալի ճակատագրի մասին։
Առանձին Կոմիտեություն լինելով այդ ուսանողական մարմինը իր ներկայացուցիչը ուներ Իրանում ՀՅԴ-ի կենտկոմում։ Կոմիտեության ներկայացուցիչը ներկայանում էր այդ կուսակցության Ընդհանուր ժողովներում նորովի տեսակետներ հրապարակելով եւ համակրանք շահելով։
Առաջադիմական եւ ազգային կեցվածքների շնորհիվ կուսակցության մեջ հետզհետե ավելի էր աճում Ուսանողական կոմիտեության հեղինակությունը, այդ պատճառով էլ ՀՅԴ բյուրոն երկարատեւ եւ աղմկալից քաշքշուկներից հետո ամբողջովին կազմաքանդեց եւ լուծարեց այն։
Այդ թվականից սկսյալ ՀՅԴ-ն բոլորովին արգելեց (կուսակցության մեջ) Ուսանողական առանձին «կոմիտեությունների» գոյությունը, նրանց վերածելով սահմանափակ լիազորություններ եւ ուժ ունեցող «միությունների», որոց ձայնը կարելի էր խեղդել հեշտությամբ։
Սակայն ավելի դավաճանականը եւ հակազգայինը այն էր, որ այդ կազմալուծված դաշնակցական կոմիտեության անդամների ազդեցիկ տարրերի ցուցակը ՀՅԴ-ի կողմից փոխանցվեց Իրանի Շահի նողկալի անվտանգության կազմակերպությանը` Սավաքին։
Այդ ուսանողներից ոմանք հայտնվելով Սավաքի տեսադաշտում տառապեցին երկար տարիներ, ոմանք հեղափոխական պայքարի ընթացքում բանտարկվեցին կամ զոհվոցին, եւ ոմանք էլ ի տես կուսակցության ապազգային վերաբերմունքին, ոչ միայն ՀՅԴ-ից այլ ընդհանրապես հայությունից հեռացան։
Ուսանողների միասնությունը խաթարելու համար, գաղափարական եւ քաղաքական տարաձայնություններին կազմակերպչական անգրագետ «լուծումներ» տալու մեջ հմուտ ՀՅԴ-ը մի քանի ուսանողների էլ պահեց կուսակցության մեջ, նրանց մեկուսացնելով եւ ծաղրի առարկայի վերածելով։
Ի միջիայլոց, 80-ականների սկզբին, նույն ճակատագրին արժանացավ նաև Թեհրանի «Ռոստոմ» երիտասարդական միությունը, վերջինս ու նրա վարչությունը երկու անգամ լուծարքի ենթարկվեցին և անդամների 80 տոկոսը հրաժարվեց կուսակցությունից:
Բայց եթե Սփյուռքի հայրենազրկության տխուր պատմության մեջ ՀՅԴ-ի այսօրինակ չարագործություններին զորակցողը եղան օտար պետությունները, Հայաստանում, ըստ էության, այդ դերը կատարում են, վերջին 20 տարիների հայ օտարամետ թալանչիները։
Ցավով բայց նաեւ ուրախությամբ ողջունում եմ ՀՅԴ-ից հեռացված կամ հրաժարված մեր սիրելի ՆԱՈւՄ-ականներին։ Մաղթանքս այն է, որ նրանք չսահմանափակվեն միայն ՀՅԴ-ի կործանարար գործունեությունը բացահայտելով, թեեւ դա շատ անհրաժեշտ աշխատանք է եւ իրենց բացարձակ իրավունքն ու պարտականությունը։ Բայց նաեւ հուսամ, որ նրանք կմնան ինքնուրույն, անվհատ կգտնեն ե'ւ ուժ ե'ւ հնարք, հայրենասիրական եւ առաջադիմական գաղափարների շուրջ կազմակերպվելու։
Այդ գործում, անտարակույս նրանք առանձին չեն մնալու։
Մովսես Քեշիշյան
«Արաքս» շաբաթաթերթի խմբագիր, Թեհրան
movses_k@yahoo.com