«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Загрузка
X


«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Ежедневник / 15.08.2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ:  Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նոր թափով:  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի  Խոսրովի տեղամասում հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության 150 աշխատակից: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը և դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը: Օգոստոսի 15-ի առավոտյան աշխատանքներում ներգրավվել է  նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվելուց հետո շատ արագ է տարածվել, անմիջական գործողություններն արդյունքն չեն տվել թե´ տեղանքի, թե´ կլիմայական պայմանների առանձնահտկությամբ. «Մասնավորապես` լինելով պետական արգելոց, որտեղ օրենքի ուժով արգելված է որևէ գործողություն իրականացնելը / մասնավորապես խոտհունձը, հակահրդեհային բաժանարարների ապահվումը/ ժամանակի ընթացքում այստեղ ձևավորվել է մի միջավայր, որը հրդեհի տեսանկյունից բարձր ռիսկային դաշտում է գտնվել: Թեև կանխարգելիչ բազմաթիվ գործողություններ են ձեռնարկվել, սակայն հրդեհից խուսափել չի հաջողվել, ինչի հետևանքով պետական արգելոցի տարածքում, ինչպես նաև համայնքային նշանակության տարածքներում հրդեհը բռնկվել և շատ արագ տարածվել է: Ներկայում այն ընդգրկում է արգելոցի էական մասը, որը բնապահպանական առումով համարվում է չափազանց մեծ վնաս:Այն վնաս է հասցրել թե´ բուսական աշխարհին` հարյուրամյա ծառերին, թե´ կենդանկան աշխարհին: Տարածքի առանձնահատկությունը նաև այն է, որ պետարգելոցը գտնվում է էկոմիջանցքում: Եղած մարդկային, տեխնիկական հնարավորությունների սահմաններում բոլոր գործողությունները ձեռնարկվել են, սակայն տեղանքի առանձնահատկությամբ պայմանավորված անհնարին է եղել կանգնեցնել հրդեհը: Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ օդային տարածքից, որից հետո կհանգցվեն նաև մնացած հատվածները»:

ՀՀ բնապահպանության նախարարությունը  դիմում է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել, Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ ՀՀ  բնապահպանության նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում: