Նոյեմբերի 22-ին Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը կանցկացվի «Հայաստանի տարրեր» խորագրով համերգային ծրագիրը` Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետի, դուդուկահարներ Ջիվան Գասպարյան ավագի և կրտսերի, Գևորգ Դաբաղյանի, Նորայր Քարտաշյանի (բլուլ) մասնակցությամբ: Ծրագիրը կուղեկցվի Աննա Ամասյանի ավազե պատկերներով:
Ծրագրի շրջանակում նոյեմբերի 20-ից մինչև 24-ը Մոսկվայում կկազմակերպվի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված ֆիլմերի («Thank you, հայրի′կ», «Եթե բոլորը», «Մոսկվիչ, իմ սեր») ցուցադրություն` «ПЯТЬ ЗВЕЗД» և «ՌԻՈ» ցանցի կինոթատրոններում:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19։00-ին Էրմիտաժում ( Սանկտ Պետերբուրգ) նախատեսված է Հայաստանի պետական կամերային «Հովեր» երգչախմբի համերգը՝ «Երգչախմբային մոզաիկա»։
Նոյեմբերի 23-ին, ժամը 19։00-ին Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում տեղի կունենա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ՝ «Կոմիտասը և ջազը. ներդաշնության միաձուլում» համերգը, որին կմասնակցեն «Հովեր» երգչախումբը և «Վահագն Հայրապետյան ջազ կվինտետը»։
Այս միջոցառումներին զուգահեռ Ռուսաստանի մի շարք քաղաքներում հյուրախաղերով հանդես կգան Հայաստանի պարի պետական անսամբլը, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Երևանի մնջախաղի պետական թատրոնները:
Միաժամանակ, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Ռուսաստանի 58 հայ համայնքներում «Հայաստանի օրեր» ծրագրի շրջանակում նոյեմբերի 1-ից անցկացվում են մշակութային բազմապիսի միջոցառումներ ( մինչև դեկտեմբեր նախատեսված է կազմակերպել 250 միջոցառում՝ փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ և այլն)։