Դեկտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Տավուշի մարզի 14, Գեղարքունքի և Վայոց Ձորի մարզերի երկուական սահմանապահ գյուղերին տրամադրվեցին 134 երաժշտական գործիքներ:
Հանձման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՀՀ Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետեր Գարիկ Բադալյանը և Հրայր Կարապետյանը, Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը, Վազաշեն համայնքի ղեկավար Յուրիկ Բադրյանը, Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, սահմանապահ համայնքների մշակութային կենտրոնների և երաժշտական դպրոցների տնօրեններ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Դեռևս անցյալ տարի հոկտեմբերին՝ լրագրողների համահայկական համաժողովի աշխատանքների ընթացքում հիմք դրվեց «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը, որը լայն տարածում գտավ, և որին մասնակցեցին նաև սփյուռքահայ բազմաթիվ դպրոցականներ: Շարժման շրջանակներում Բուենոս Այրեսի Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանի և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Հարավային Ամերիկայում, Նյու Յորքում, Փարիզում, Երևանում անցկացվեցին համերգներ: Համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով սեպտեմբերին գնվեց 300 երաժշտական գործիք, որի մի մասն արդեն հանձնվել է Արցախի երաժշտական դպրոցներին: Մյուս մասը որոշվեց հանձնել Հայաստանի սահմանապահ գյուղերին, և ահա այսօր փոխանցում ենք ձեզ»:
Նախարարը ներկայացրեց Սփյուռքի նախարարության՝ սահմանապահ գյուղերին աջակցության շարժում-ծրագիրը, որը մեծ թափ է ստացել հատկապես Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովից հետո: «Համաժողովի ընթացքում մենք դիմեցինք սփյուռքի հայկական համայնքներին, որպեսզի նրանք ևս սկսեն աջակցել սահմանապահ գյուղերի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային խնդիրների լուծմանը: Երեք գյուղ արդեն գտել է իր հովանավորին: Այսօր՝ Նոր տարվա շեմին, այս երաժշտական գործիքները թող սահմանապահ գյուղերի երեխաների համար դառնան խաղաղության, ոգևորության գործիքներ և զարգացնեն մշակութային կյանքը: Ժողովրդական գործիքների ուսուցումը խիստ կարևոր է, քանի որ ազգային, ժողովրդական երգն ու երաժշտությունը մեր մշակույթի հիմքն են» ,-ընդգծեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շեշտեց, որ 2018 թվականի ամռանը կայանալիք «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մարզային փուլերին մասնակցություն են ունենալու նաև սահմանապահ համայնքների լավագույն երաժշտական համույթները:
Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետերին նախարարը փոխանցեց մանկագիր Նունե Սարգսյանի՝ Գավառի և Գյումրիի բարբառների փոխադրված հեքիաթների ժողովածուների 400-ական օրինակ: «Բարբառները մեր մայրենի լեզվի կարևոր մասն են: Դրանք մեր հարստությունն են, որոնք սնում են նաև գրական լեզուն: Հեքիաթագիր Նունե Սարգսյանի գրքերը տպագրվել են նաև Արցախի բարբառով, շուտով լույս կտեսնեն արևմտահայերենով և կտարածվեն Սփյուռքում: Կարծում եմ՝ երեխաները առանձնակի սիրով կընթերցեն Գավառի և Գյումրու բարբառներով այս գրքերը»,-նշեց Սփյուռքի նախարարը:
Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարանների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին նվերների համար և նշեցին, որ դրանք կոգևորեն և մեծ հետաքրքրություն կառաջացնեն երեխաների և պատանիների շրջանում:
Համայնքների ղեկավարները կարևորեցին Սփյուռքի նախարարության՝ սահմանապահ գյուղերին աջակցության ծրագիրը և հույս հայտնեցին, որ այսպիսով կկարողանան սերտորեն համագործակցել սփյուռքի հայկական համայնքերի հետ:
Ճամբարակ համայնքի երաժշտական դպրոցի տնօրեն Արմինե Խեչոյանը նկատեց, որ համայնքում առկա է ազգային նվագարաններ դասավանդողների պակաս: Համայնքների ղեկավարներն այս առումով կարևորեցին նաև անվճար ուսուցման անհրաժեշտությունը:
Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարին և նախարարությանը և մաղթեց, որ սահմանապահ գյուղերում միշտ հնչեն ազգային երգն ու երաժշտությունը: Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավարը հորդորեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հաճախ հնչեցնել ժողովրդական երգեր:
Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ներկաներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: «Հայրենիքը սկսում է հողից, գյուղից, սահմանից: Խաղաղ պահենք երկինքը, հզորացնենք մեր բանակն ու սահմանները: Մաղթում եմ ցանկությունների և երազանքների իրականացում: Նարեկացին ասում էր՝ բարի խոհ, բարի խոսք, բարի գործ: Բարին մտածենք, ասենք ու գործենք»,-նշեց Հրանուշ Հակոբյանը
Հեղինակ՝ Հայաստանի հանրապետության սփյուռքի նախարարություն