Մարսել Շուպբախը ֆրանսիացի կինոգործիչ է, Շվեյցարիայում ու աշխարհի տարբեր երկրներում նկարահանած քառասունից ավելի բազմաբնույթ շարժանկարների հեղինակ: Երկար տարիներ աշխատել է «Temps présent» («Ներկա ժամանակը») պարբերականում ու շվեյցարական ռադիո-հեռուստատեսությունում։ Այժմ ազատ ստեղծագործող է։ Նրան միջազգային համբավ են բերել «Ինչպես Բեժարը» և «Կարլայի ցանկը» լիամետրաժ վավերագրական շարժանկարները։
1993 թ-ին Մարսել Շուպբախը եղել է Հայաստանում, Արցախում ու Ադրբեջանում, «Մեկս մյուսի համար» խորագրով վավերագրական շարժանկար է նկարահանել ընդհանրապես ազգամիջյան հակամարտությունների, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակության թեմայով։
Այդ մասին է ներկայացվող հարցազրույցը։
— Շատ քիչ։ Ինձ՝ Արևմտյան Եվրոպայի բնակչիս համար Կովկասը երկար ժամանակ եղել է անծանոթ ու անհասանելի տարածք՝ հատկապես նախկին ԽՍՀՄ-ի փակ սահմանների քաղաքականության պատճառով։ 1993 թվականի իմ այցելությունն առաջինն էր։ Այդ ուղևորության ընթացքում համոզվեցի, որ, չնայած հեռավորությանը, մշակութային առումով մենք չափազանց մոտ ենք իրար։
— «Մեկս մյուսի համար» շարժանկարի համար երկու ճանապարհորդություն եմ կատարել։ Առաջին անգամ հակամարտության գոտում եղել եմ 1993 թ-ի օգոստոսի 14-ից 28-ը, որի ընթացքում լրատվական հաղորդումներ եմ պատրաստել, շփվել իմ ապագա շարժանկարի հերոսների, զրուցակիցների հետ։ Երկրորդ անգամ արդեն «Մեկս մյուսի համար» շարժանկարը նկարահանելու նպատակով հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի կեսերը եղել եմ Վրաստանում, Աբխազիայում, Հայաստանում, Ադրբեջանում ու Արցախում։
— Ի սկզբանե շարժանկարը ԿԽՄԿ-ի (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) պատվերն էր, նպատակն էր` ցույց տալ, թե կոմիտեի ներկայացուցիչներն ի՞նչ գործունեություն են ծավալում հակամարտությունների գոտում։ Այն նպաստելու էր նաև ԿԽՄԿ-ի ապագա ներկայացուցիչների ձևավորմանը։ Կովկասի, հատկապես Աբխազիա-Վրաստանի ու Արցախի հակամարտությունները մեզ հետաքրքրում էին, որովհետև ԽՍՀՄ-ի կազմալուծման հետևանքով բռնկված նոր բնույթի ազգամիջյան բախումներ էին։ Ընդ որում, այդ բախումներն այնքան լարված էին, որ հատկապես ԿԽՄԿ-ի գործունեության համար բացառիկ բարդություններ ու դժվարություններ էին հարուցում։ Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ մեր նպատակը ոչ թե հակամարտող որևէ կողմին սատարելն էր, այլ իրավիճակների խրթինությունն ու խճճվածությունը, ինչպես նաև պատերազմի հետևանքով ստեղծված անընդունելի պայմանները, անմեղ զոհերի կորուստը ներկայացնելն էր։ Պատերազմների համար, ի վերջո, ամենաանպաշտպան խավն է ամենաթանկը վճարում։ Հենց այս մարդկանց պաշտպանելու և նրանց տառապանքները մեղմելու համար են միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները գործունեություն ծավալում միաժամանակ ճակատի երկու կողմերում։
— Ցավոք՝ շատ քիչ բան... Եկել էի «Մեկս մյուսի համար» շարժանկարը նկարահանելու, անընդհատ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ էի, առանձին տեղաշարժվելու, շրջագայելու հնարավորություն չունեի։
— Ամենաանմոռացն ինձ համար Բաքվից ոչ հեռու՝ Գոբուստանի բանտից մոտ քառասուն հայ ռազմագերիների ազատ արձակման օրն էր։ 1993 թ-ի օգոստոսին՝ իմ առաջին ուղևորության ժամանակ էր, ես դեռ կադրեր էի սևեռակում և լուսանկարում, ուստի հետս ոչ թե տեսախցիկ, այլ լուսանկարչական սարք ու թուղթ էի վերցրել։ Իրավիճակը չափազանց լարված էր, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն ամեն ինչ անում էին, որ իրենց առաքելությունը հաջողությամբ ավարտեն։ Սակայն պարզվեց, որ ռազմագերիներին ազատ արձակելու համար ինքնության վկայականներ են անհրաժեշտ, իսկ նրանք, բնական է, լուսանկարներ չունեին։ Ես, ուրեմն, հերթով բանտախցերը մտա ու, քանի որ հետս բավականաչափ թուղթ չէի վերցրել, սկսեցի գերիներին փոքր խմբերով լուսանկարել։ Իմ լուսանկարների շնորհիվ ռազմագերիները նույն օրն իսկ ինքնության վկայականներ ունեցան և ի վերջո ազատ արձակվեցին։
Այդ լուսանկարների մի մասը հրապարակելով «Ժամ» պարբերականի էջերում` հույս ունեմ, որ ռազմագերիներից ոմանք կճանաչեն իրենց ու կարձագանքեն, միաժամանակ խմբագրությունը կպահպանի ինձ համար շատ թանկ՝ լուսանկարների հեղինակային իրավունքը։
— Ինչպես և նախատեսված էր՝ շարժանկարը նախ օգտագործվեց ԿԽՄԿ-ի ապագա ներկայացուցիչների նախապատրաստության համար, այդ առումով խիստ օգտակար եղավ, հատկապես, եթե նկատի ունենանք, որ շարժանկարում իմ հարցերին պատասխանող ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն իրենց ձեռքբերումների ու ձախողումների մասին անկեղծ արտահայտվելու, հիմնահարցեր արծարծելու հնարավորություն ունեցան։ Այնուհետև շարժանկարը, հասկանալի է, լայնորեն տարածվեց շվեյցարական հեռուստատեսության միջոցով։
— Իհարկե՛, շատ։ Կուզեի հատկապես հանդիպել Գոբուստանի բանտում լուսանկարված ռազմագերիներից գեթ ոմանց, իմանալ՝ ինչով են հիմա զբաղվում։
Զրուցեց Գրիգոր Ջանիկյանը, Երևան: Լուսանկարները՝ Marcel Schupbach: Երևան, «Ժամ» ամսագիր, աշուն 2017 թ.Ժամ» ամսագիր, աշուն 2017 թ.