Ռուբեն Մաթևոսյան. «Հավատարիմ մնացե՛ք ձեր արմատներին»
Загрузка
X


Ռուբեն Մաթևոսյան. «Հավատարիմ մնացե՛ք ձեր արմատներին»

Восьмая нота / 23.01.2018

 

ՀՀ ժողովրդական արտիստ, Սբ. Մովսես Խորենացի, Սբ. Մեսրոպ Մաշտոց և Սբ. Սահակ Պարթև շքանշանների դափնեկիր, անվանի երգիչ Ռուբեն Մաթևոսյանը  ծնվել է 1941 թվականին Սպիտակ քաղաքում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Դասավանդել է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Տարիներ շարունակ հայ ժողովրդական, աշուղական, երբեմն նաև էստրադային երգերը Ռուբեն Մաթևոսյանի ձայնով են ճանաչելի դարձել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Անցած ճանապարհի, ընտանիքի ու այլ հարցերի շուրջ է Ռուբեն Մաթևոսյանի հետ «Ժամ»-ի հարցազրույցը: 

— Գիտեմ, որ չեք ցանկացել երգիչ դառնալ, այսինքն, ինչպես ասում են՝ «երազանքի ճամփան» չի Ձեզ բերել երգարվեստ:

Ճիշտ եք: Երաժշտական աշխարհում լինելով՝ իրոք չեմ երազել երգիչ դառնալու կամ բեմ բարձրանալու մասին: Սակայն սիրում էի երգել, հաճույքով լսում էի մեր անվանի երգիչների կատարումները: Ընդհանրապես մանկուց կապված եմ եղել մշակութային կյանքին: Դեռևս փոքր հասակից մայրս է ինձ դեպի երաժշտություն ուղղորդել՝ 7 տարեկանից տանելով երաժշտական դպրոց, դաշնամուրի դասարան: Դպրոցում կազմակերպվող միջոցառումների ժամանակ ավելի շատ սիրում էի ասմունքել, քան երգել:

Սակայն երգարվեստում առաջին հաջողություններից հետո արդեն շարունակ ձգտում էի նոր երգեր ընդգրկել իմ երգացանկում: Բարեբախտաբար դա ինձ հեշտ էր տրվում. բավական էր ընթերցեի երգի բնագիրը և մեկ-երկու փորձից հետո արդեն պատրաստ էի ձայնագրման:

Երգել սկսելը, թերևս, հոգու պոռթկում էր, Աստծո կողմից տրված շնորհքի բացահայտման համարձակություն: 

— Հիշո՞ւմ եք Ձեր առաջին բեմելը:

Իհա՛րկե, ինչպե՞ս կարելի է մոռանալ: 1961 թվականի նոյեմբների 5-ն էր՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող տոնական հաղորդումը, որտեղ երկու երգ կատարեցի. Արամ Մերանգուլյանի՝ Ստեփան Շահումյանին նվիրված երգը և Ալեքսանդր Աճեմյանի «Լեռան աղջիկը»: Այդ ելույթը որպես երգիչ  «մկրտությունս» դարձավ: 

— Կա՞ն երգեր, որոնք ամենից շատ եք սիրել ու կատարել, և հատկապես ո՞ր երգով սկսեցին ճանաչել Ձեզ:

Դժվարանում եմ հստակ պատասխանել. 900-ից ավելի երգ եմ երգել: Եվ ամեն երգ կատարելիս սիրահարվել եմ հենց այդ երգին: Երգացանկիս բոլոր երգերն էլ ինձ համար լավագույնն են դարձել:

Առաջին ելույթներից սկսած իմ կատարումներն ուշադրության արժանացան թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Ինձ միանգամից ընդունեցին, հավանեցին ձայնս: Թերևս կդժվարանամ հիշել, թե հատկապես որ երգն ինձ ճանաչում բերեց: Գրեթե բոլոր երգերն էլ նշանավոր երաժշտական գործեր են եղել. Կոմիտաս՝ «Հորովել», Մակար Եկմալյան՝ «Լռեց», Արամ Մերանգուլյան՝ «Հիմա ով է», Գուսան Աշոտ՝ «Հայրիկ», Գուսան Շերամ՝ «Ոլոր-մոլոր», Գուսան Հավասի՝ «Զուր կերթաս», Գուսան Շահեն՝ «Ուխտ եմ արել», Սայաթ-Նովա՝ «Դուն են գլխեն», Ալեքսեյ Հեքիմյան՝ «Բարի արագիլ»...  Բոլորը հնարավոր չէ հիշել: 

— Երգարվեստում ո՞ւմ եք  համարում Ձեր ուսուցիչը:

Իբրև երգիչ կայացել եմ երգիչների այն ընտանիքում, որոնց կատարումները չափանիշ էին, իսկ մասնագիտական  խոսքը կշիռ ուներ: Նրանք ոչ միայն իմ ուսուցիչներն էին, այլև  կարճ ժամանակում ինձ հավասարի պես ընդունեցին: Դրանք հայ երգարվեստի մշտավառ անուններն էին՝ Գոհար Գասպարյան, Տաթևիկ Սազանդարյան, Ավագ Պետրոսյան, Լուսիկ Քոշյան, Վարդուհի Խաչատրյան: Աշխատանքային տարիներին գրեթե ամեն օր շփվել եմ Օֆելյա Համբարձումյանի, Հովհաննես Բադալյանի հետ, շատ եմ սիրել Արաքսյա Գյուլզադյանին, Շողիկ Մկրտչյանին, Վաղարշակ Սահակյանին: Իսկ Ռաիսա Մկրտչյանն ինձ համար հարազատ քրոջ պես է եղել, ում հետ 7 տարեկանից եմ ընկերության ճանապարհը բռնել:

Հովհաննես Բադալյանի հետ 45, իսկ Օֆելյա Համաբարձումյանի հետ 55 տարի աշխատել ենք միասին, ընկերաբար, առանց մրցակցության՝ ուրախանալով միմյանց հաջողություններով: Ինձ երջանիկ եմ համարում, որ Արամ Մերանգուլյանի նման մաեստրո եմ ունեցել: Շարա Տալյանն է ինձ համար մեծ պատվար ու հզոր վահան եղել: Ահա մեծանուն այս մարդկանց հետ եմ ճանապարհ անցել: Եթե նրանք չհայտնվեին իմ կյանքում, դժվար թե հասնեի այս ամենին: 

— Երբևէ մտածե՞լ եք Հայաստանից հեռու ապրելու մասին:
Երիտասարդ տարիներից աշխատանքի բերումով շրջել եմ շատ երկրներում և տարբեր մայրցամաքներում: Միայն ԱՄՆ-ում քսանութ անգամ եմ եղել: Արտերկրում ապրելու, աշխատելու բոլոր հնարավորություններն իմ առջև բաց են եղել, սակայն երբեք այդ մասին  չեմ մտածել: Կարելի է լինել աշխարհի տարբեր երկրներում, բայց ապրել միայն Հայաստանում: Այսպես եմ միշտ մտածել: Եվ դա միայն իմ ցանկությունը չէր. հանդիսատեսն էլ էր ուզում, որ իմ ձայնը Հայաստանից հնչեր: 

— Հաճա՞խ եք Աստծո հետ մենակ մնում:

Իհա՛րկե: Առհասարակ ճիշտ չեմ համարում հավատի մասին բարձրաձայնելը. դա ներքին զգացողություն է, Բարձրյալի հետ քո լուռ հաղորդակցումը վկաների կարիք չունի: Ես անբացատրելի կերպով կապված եմ Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այնտեղ եմ մկրտվել: 

Ինչպե՞ս եք համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Իրար օգնե՞լ են, թե՞ խանգարել:

Մեր ընտանիքը խաղաղ ու կանոնավոր է: Կինս մասնագիտությամբ հոգեբույժ է, երևի նաև դրա շնորհիվ է, որ նա միշտ կարողանում է հավասարակշռել մեր հույզերի ու դատողությունների դաշտերը: Երեք երեխա ունեմ, պարտական եմ նրանց՝ հորդորներս լսելու և իրենց կյանքը ճիշտ կառուցելու համար: Այս հարցում կնոջս և մայրիկիս դերակատարումն էլ անուրանալի է: Հիմա ափեափ վայելում ենք մեր դաստիարակության պտուղները:

Կարծում եմ՝ ուշադիր հայր եմ եղել: Փորձել եմ նրանց համար նաև ընկեր լինել: Չնայած ծանրաբեռնված աշխատանքին՝ միշտ նրանց հետ շփվելու ժամանակ եմ գտել:

Հորս չեմ տեսել,  ծնվել եմ նրա զոհվելուց երկու ամիս հետո, մայրս ինչ-որ առումով նաև հայր է եղել ինձ համար՝ տալով այն սերն ու հոգատարությունը, որ հայրս պիտի տար: Գուցե նաև դրանով է պայմանավորված  զավակներիս հանդեպ այդքան ուշադիր լինելս:

Չեմ կարող չխոսել նաև 5 թոռներիս մասին, որոնց անսահման սիրում եմ: Նրանց մեջ նաև Ռուբեն Մաթևոսյան կա:  Նա իմ բոլոր երգերը գիտի: 

— Պապիկի հետնո՞րդն է դառնալու:

— Ժամանակը ցույց կտա: Բայց շատ երաժշտական երեխա է: 

— Այժմ ինչո՞վ եք զբաղվում:

Աշխատում եմ Հայաստանի Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում` իբրև գեղարվեստական ղեկավար և մեներգիչ:  Հենց այս   խմբում եմ արել առաջին քայլերս: 

— Աշխատո՞ւմ եք, արդյոք, ժողովրդական երգի ասպարեզում երիտասարդների հետ:

— Ես միշտ սիրով պատրաստ եմ օգնել հայկական ժողովրդական երգարվեստում ուղղորդման կարիք ունեցող սկսնակ երգիչներին: Ասեմ, որ այս բնագավառում  հրաշալի, տաղանդավոր նոր սերունդ ունենք: 

— Որպես զրույցի ամփոփում՝ ի՞նչ կցանկանայիք ասել Ձեր երկրպագուներին:

Երկրագնդի որ անկյունում էլ ապրելիս լինեք, սիրե՛ք Հայաստանը, հայ երաժշտական մշակույթը:  Ճանաչե՛ք ու հավատարիմ մնացե՛ք ձեր արմատներին:

 

Զրուցեց Զրուցեց Գևորգ Չիչյանը, Երևան, «ԺԱՄ», աշուն 2017 թ.