«Ոչ թե ազգային տիպաժներ, արդուզարդ, այլ ազգային նկարագիր, էություն...». Հովհաննես Զարդարյան
Загрузка
X


«Ոչ թե ազգային տիպաժներ, արդուզարդ, այլ ազգային նկարագիր, էություն...». Հովհաննես Զարդարյան

Наследие / Вернисаж / Архив / 05.09.2018

Սիրելի ընթերցողներ, «Ժամ» ամսագրի «ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ» նախագծում ներկայացնում ենք բացառիկ մի հարցազրույց նկարիչ Հովհաննես Զարդարյանի հետ, որը տպագրվել է «Սովետական արվեստ» ամսագրում, 1978 թվականին: Մեծ արվեստագետը վերլուծում է իր աշխատանքները, խոսում է արվեստի ներգործության ուժի, հայ կերպարվեստի զարգացուման բարդ ու հակասական ընթացքի... հոգևորի, գեղեցիկի, մարդկայինի մասին: Խոսում է հավասարակշռված, անկեղծ, շիտակ ու հասկանալի՝ լուսավորելով ու  գունավորելով մեր այսքան խճճված ներկան: 

 

ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ. Արվեստի էությունը՝ հումանիզմը...

ՄԱՍ Ա

Զրույց ՍՍՀՄ Գեղարվեստից ակադեմիայի թղթակից անդամ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի հետ

… Օրեր առաջ, ծննդյան 60-ամյակի առիթով, նկարիչն արժանացել էր Ժողովուրդների բարեկամության շքանշանի. շնորհավորական նամակներ, ձոներ, երկտողեր, հեռագրեր… Ու դրանց մեջ մեկը՝ Բյուրականից. «Սրտանց ողջունում և շնորհավորում են Ձեզ Ձեր նկարների պերսոնաժները՝ երիտասարդ աստղագետները»…

– Ես ինձ միշտ պատկերացնում եմ այնտեղ, նրանց կողքին…

Կատակում ենք.

 – «Տիեզերական» ոլորտներո՞ւմ…
 

Ժպտում է.

– Հավանաբար… ճիշտ է, ես ավելի «երկրային» գործերով եմ զբաղված, արդեն երրորդ տարին է՝ Գ. Խանջյանի, Ղ. Չուբարի և իմ աշխատանքների համատեղ ցուցահանդեսը ճամփորդում է աշխարհում. ԱՄՆ, Կանադա, Լեհաստան, Մերձբալթիկա, Միության ուրիշ վայրեր…

Իսկ եթե ավելի խորանանք՝ կա մեզ մերձեցնող ավելի էական մի պարագա՝ հումանիզմը: Ես ինձ թույլ եմ տալիս ասել՝ այո, հումանիզմը, մարդու, մարդկայնության հանդեպ սերն ու նվիրումն է իմ գործերի բուն իմաստը: Համենայն դեպս, ես դրան եմ ձգտում, դրանով եմ ապրում: Եվ անշուշտ իմ այդ տենչը յուրատեսակ արձագանքն է ու արտահայտությունը ժամանակակից գիտության և առաջադեմ արվեստի զարգացման միտումների:

 – Իսկ ավելի կոնկրե՞տ…
 

– Պետք չէ չափից ավելի «կոնկրետանալ», արվեստը նախ ընդհանրացում է, ոգու, էության բացահայտում: Նրա կոնկրետությունը հենց դա է: Եվ նրա ուժը, որի դեմ ոչ մի ռումբ, ոչ մի զորություն չի դիմանա: Մեր դարի խոշորագույն գեղարվեստական երևույթները՝ սոցիալիստական ռեալիզմի արվեստը, Չապլինը, Պիկասոն, իտալական նեոռեալիզմը, Վիլյամ Սարոյանը (և էլի nւրիշներ), ընդհանրացում – հայտնագործումներ են՝ հումանիզմի մեկնակետով: Ընդ որում, պարզ տեսանելի է մի իրողություն. մեծ արվեստը ծնվում է մեծ մտքերից, մեծ դրամայից, ուղղվում մեծ չարիքի դեմ և անպայման հաստատում է կյանքը: Ահա իր այդ կոնկրետությամբ արվեստը ժամանակի լիազորվածն է ու մեծ արարիչը, մարդկային խղճի ոգիացումն ու մարմնացումը՝ միաժամանակ:

Երբ Վ. Սարոյանը եկավ Բյուրականի իմ արվեստանոցը, ես պատկառանքով ու երկյուղով սպասում էի նրա խոսքին: Միայն մի բան ասաց.

– Այստեղ մեծ միտք կա… 

Անշուշտ նա նկատի ուներ իմ նկարների ընդհանուր միտումը՝ դարին, աշխարհի, մարդու գործերին հաղորդվել, դրանցով ապրել:

 – Գիտատեխնիկական հեղափոխության, լայն ինֆորմացիայի մեր դարում դա բնական է…
 

– Այո, այդ գործոնները մեծացնում, կարևորում են նաև արվեստի այդ ֆունկցիան:

 – Բայց ոմանց թվում է, թե հումանիտար գիտությունները, արվեստը այսօր ետ են մնում…
 

– Մարդու հոգին, էությունը չի կարող «ետ մնալ» նրա մտքից: Նոր միտքը ծնում է նոր արվեստի տենչ: Արվեստագետը մեր օրերում հենց այդ ներդաշնակության ձգտումով է ապրում:

 – Իսկ անցյալի ժառանգությո՞ւնը…
 

– Ինչ խոսք, անչափ կարևոր է, թե ինչ ես ժառանգում, ինչի վրա ես հենվում, ինչպես ես վերցնում, մարսում, օգտագործում եղած արժեքները: Մենք էլ, ահա, կառուցում ենք 21-րդ դարի հոգևոր հիմքերը, մենք էլ ժառանգություն ենք ստեղծում այդ դարի, ապագայի համար: Այո, իմպրեսիոնիստներից հետո մեր ասպարեզում անթիվ-անհամար քայլեր են արվել. որոնումներ ու հայտնագործումներ, էքսպերիմենտներ ու խիզախումներ, նաև բացասումներ, մերժումներ, շեղումներ… Հիրավի աննախադեպ թոհուբոհ և անսահման մեծ կուտակում: Այդ ամենը բարձրացնելու, իմաստավորելու համար մեծ արվեստագետներ են հարկավոր: Եվ նրանք կծնվեն: Կստեղծվի, կգա այդ մեծ ներդաշնակությունը, որի մասին վերը խոսք եղավ, նաև մեր բնագավառում:

Այո, դարի խորհուրդն է՝ հանճարեղ անհատից դեպի զարգացող, բարձրացող մասսան, իրենց հերոսական գործն անող մարդկային խմբերը: Բայց դա, ըստ իս, չի բացառում հանճարների հայտնությունը: Մանավանդ՝ արվեստում: Բոլոր դեպքերում, ստեղծագործող, ընդհանրացնող, իմաստավորող այն ուժը, որի կարիքն զգացվում է, ինքնին հանճարեղ պիտի լինի:

 – Այդ կապն ու ներդաշնակությունը, կարծես, ստեղծվում է այսօր…
 

– Այո: Վերցնենք, օրինակ, Մինասի արվեստը: Նրա աշխարհը գյուղն է, հայրենի բնությունը, բայց այնքա՜ն լայն, խորունկ, ընդգրկուն… Ընդհանրացման ուժով Մինասի արվեստը կարծես թե համազոր է գիտատեխնիկական հեղափոխության մեր օրերի թափին ու բնույթին: Նրա «Ծնողները» կտավի ոգին ժամանակակից մարդու էությունն է և ասես մեր ժողովրդի հազարամյա տառապանքի ու խոհերի անպաճույճ կերպավորումը:

 – Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր ստեղծագործությունը այդ առումով:
 

– Դե, ես ինքս ինձ դատավոր կամ գնահատող չեմ կարող լինել: Կասեմ միայն, որ արել եմ և անում եմ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտ, բայց իմը մարդու էության որոնումն է: Մարդկային մտքի և հոգու նոր ներդաշնակության, նոր պոեզիայի որոնումը: Բյուրականն այդ իմաստով ինձ շատ բան է տալիս, իմ այնտեղ գտնվելն օրինաչափ է, թեև, իհարկե, հատուկ մտադրությամբ չեմ ընտրել այդ վայրը և ինչ-որ «պլանավորված» շփումներ չունեմ գիտնականների հետ:

Փաստ է, որ, հատկապես վերջին շրջանում, «երկնագիտության» մարդկանց, նրանց «տիեզերական» աշխարհը հաճախ ու գնալով ավելի մեծ սիրով եմ պատկերում: Դա ասես իմն է, իմ էությունը, այն, ինչը որոնում էի իմ ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում: Կարծում եմ, որ դա որակ կդառնա - և, հուսով եմ, կպսակվի ինձ համար բաղձալի արդյունքով:

Վերջերս, օրինակ, սկսեցի «Համաստեղություններ» պատկերը: Աստղային համակարգություն, հավերժական շարժում, իրերի, կյանքի անվերջանալի ընթացք… Գտնել այդ ամենի երկրային-մարդկային ցոլքը, կոնկրետությունը, «բարոյական լիցքը», ասել է թե Բյուրականը իմ՝ նկարչիս ըմբռնմամբ: Եվ այդ տիեզերական-աստղայինը ինձ, ի վերջո, ներկայացավ մոր և մանկան կերպարանքով:

Անսովոր, նոր հղացում է, և դժվար է «բռնել». բազմաթիվ էսքիզներ եմ արել ու դրել մի կողմ, փակել, չեմ նայում, մտմտում եմ, խորացնում իմ մեջ, որոնում: Ու գիտեմ՝ մի օր կբացեմ, կշարունակեմ… Արել եմ նաև մի քանի կոմպոզիցիոն պորտրեներ՝ Վիկտոր Համբարձումյանի, Ֆեոկտիստովի, Հարոյի (Բրազիլիա), Այտմանի, Սյուզի Կոլինի (Ֆրանսիա), Շռամեկի (ԱՄՆ)… Եվ միշտ նույն մոտեցումով ու մտահոգությամբ, նկարելուց հետո՝ երկար, տքնաջան մշակումով: Իմ արվեստանոցը եկավ նշանավոր Մյոս Բաուերը: Չնկարեցի, բայց մեծ զրույց ունեցա հետը: Պարզվեց, որ այդ աշխարհահռչակ աստղագետը, որին Նոբելյան մրցանակ է շնորհվել գիտական մեծ հայտնագործության՝ «Մյոսբաուերյան էֆեկտի» համար, ամեն օր երկու ժամ… դաշնամուր է նվագում՝ Մոցարտ: Հիրավի, մոցարտյան ինչ-որ բան կար նրա մեջ, բանական-գիտականի և հոգևոր-զգացականի արտասովոր համերաշխություն: Դա իմ իդեալն է: Այն, ինչի պահանջը գնալով աճելու է…

Առհասարակ նկատել եմ, որ մեր գիտնականների մեջ հետզհետե զորանում է հոգևորի, գեղեցիկի, մարդկայինի տենչը: Եվ նրանց գործը բնավ էլ «չոր» չէ: Ա. Ալիխանյանը մի առիթով ասաց. կան լիրիկական, դրամատիկ, ողբերգական ֆորմուլներ… Այդպես էլ իրենք՝ գիտնականները: Նրանք հաճախ արվեստից ավելին են հասկանում և ավելին գիտեն, քան մեր արվեստաբաններից ոմանք…

 – Այնուամենայնիվ, արվեստը մասնագիտություն է, և դուք, ինչպես ասացիք, հավատում եք նրա առանձնահատուկ ուժին…
 

– Անտարակույս: Բայց գիտնականի հայացքը, ըստ երևույթին, այսօր տեսնում է և ինչ-որ մի բան, որին մենք՝ արվեստագետներս դեռ նոր պիտի հաղորդվենք: Իսկ դա անհրաժեշտություն է. այսօր «ընդլայնվում» են տիեզերքի, մարդու մտքի ու երևակայության սահմանները՝ թե՛ իրական, թե՛ հոգևոր-իդեալական առումներով: Եվ արվեստը - նաև կերպարվեստը - չի կարող անցնել դրա կողքով և չպետք է սոսկ իր «մասնագիտական թավայում տապակվի»: Իր նոր, վիթխարի խնդիրները նա կարող է լուծել հարստանալով, հագենալով մարդկության մտավոր-հոգևոր գործունեության բոլոր նվաճումներով և պայմանով, որ ճանաչի իրերի ընթացքի վրա ներազդելու իր սեփական հնարավորությունները:

Արվեստագետը ադմինիստրատոր չէ, նրա ուժը արվեստի ներգործության ուժն է: Ընդ որում այս վերջինն էլ տարբեր եզրեր ունի. կան ստեղծագործողներ, որոնց հետաքրքրությունները կենտրոնանում են կյանքի բացասական, ստվերոտ, մութ կողմերի մերկացման վրա, դրանով են արժևորվում: Անշուշտ սա հույժ անհրաժեշտ ու գնահատելի երևույթ է, արվեստ-կյանք հարաբերության էական մի ոլորտը: Բայց եղել է և կա նաև մեկ ուրիշը. գեղեցիկը, վեհը, պոետականը պատկերելու, դրանցով մարդուն մաքրելու, ազնվացնելու, բարձրացնելու նախընտրանքը: Սա դույզն չափով չի հակադրվում առաջինին, չի մերժում, այլ էապես միասնանում է նրա հետ:

Ինքս, իբրև նկարիչ և իբրև մարդկային խառնվածք, հակված եմ ստեղծադործելու և ապրելու այս «իդեալական» մեթոդով:

Իմ «Ձգտում» կտավը հենց դրանից է ծնվել: 1961-ին Գագարինը կատարեց մարդու արտաերկրային առաջին քայլը: Դա համայն մարդկության՝ դեպի տիեզերական անսահմանություն ձգտման մի արտահայտությունն էր, և իմ մեջ ծագեց այդ երևույթը պատկերելու ցանկություն: Զարմանալի զուգադիպությամբ հենց այդ ժամանակ Բյուրականում ստեղծվեց մտահղացումս «տեսնելու» մի առիթ: Վիկտոր Համբարձումյանը նվեր էր ստացել մի եղնիկ. մի օր նա փախավ, և բոլորն ուզում էին բռնել, իսկ եղնիկը դես ու դեն էր նետվում, ցատկոտում, սլանում, չէր ուզում հանձնվել: Ազատության, սլացքի, լույսի այդ տենչը իմ ստեղծագործական ենթագիտակցության մեջ ըստ երևույթին միահյուսվեց դեպի տիեզերք Գագարինյան թռիչքի իրողությանը, և ձգտման գաղափարը ամբողջացավ՝ ձեռք բերելով շոշափելի ու միաժամանակ խորհրդանշական իմաստ: Նկարը «դաժան» քննադատներ ունեցավ, երկար ժամանակ տանն էր, բայց հետո վերաբերմունքը փոխվեց, հասկացան, տարան, և տունն ասես դատարկվեց…

 – Իսկ դրանից առաջ Դուք ստեղծել էիք «Գարունը», և դա էլ, անշուշտ, խորհրդանշական պատկեր է՝ երկրի, ժողովրդի վերածնություն, գարուն…
 

– Այո, միայն թե ավելացնեմ, որ խորհրդանշականն այստեղ թերևս իր «տեղային-հայաստանյան» ավելի վառ երանգն ուներ:

Մենք հաճախ այնքան էլ ուշադիր չենք այն արժեքների հանդեպ, որոնցով իրապես ապրում ենք: Փոխարենը, ավանդույթի ուժով թե այլ պատճառներով, շարունակ հոլովում ենք ուրիշ բաներ: Օրինակ, ասենք, մեր արվեստում Արարատը անհամեմատ ավելի մեծ տեղ ու կշիռ ունի, ավելի մեծ պատիվ, քան Արագածը: Մինչդեռ մեզ կերակրողն այսօր Արագածն է: Բիբլիական լեռան համբավը մեզ թույլ չի տալիս տեսնել Ալագյազի կենարար ուժը, նրա հարստությունը, բազմազանությունը, գեղեցկությունը, գնահատել իբրև կյանքի աղբյուր, երկրի, կյանքի, գարնան խորհրդանիշ: Ահա և ես փորձել եմ չէ թե բարձրացնել, այլ բաց անել, ցույց տալ, խորհրդանշել Ալագյազի՝ ասել է թե իրական, «աշխատող» երկրի այդ պատկերը: Ինչ խոսք, որ այստեղ էլ խորհրդանշանք կա, բայց դա իրողության և ոչ թե պատրանքի սիմվոլ է: Արդարև, մեր վերածնունդը ամենից առաջ հենվում է ոչ թե այս ու այն, թող որ նվիրական, պատրանքի, այլ նախ հողի, իրականության, ճշմարտության վրա: Ինքս էլ կողմնակից եմ ոչ թե վերացական, այլ ակտիվ, գործուն, իրական հումանիզմի: Պետք է ապրել, ստեղծագործել և իրատես լինել, ինչ խոսք, ոչինչ չտալով մոռացության…

«Գարուն» պատկերի խորհուրդը դա է: Ու նաև մեծ հավատը կյանքի ընթացքի, շարժման, ապագայի հանդեպ: Նկարում աղջիկը կանգնած չէ, այլ անցնում է, առաջ քայլում իր լեռնաշխարհում: Եթե կանգներ՝ կմնար սոսկ մի աղջիկ, իսկ իր սլացքի մեջ դառնում է ծաղկող երկրի խորհրդանիշ…

«Գարունը» Տրետյակովյան պատկերասրահում է և այնտեղից շրջել է ողջ երկրագնդում՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա: Շատ է գրվել, շատ է դրվատվել, այնքան շատ, որ ոմանց թվացել է, թե դա իմ ստեղծագործության բարձրակետն է, իմ վերջին խոսքը… Եվ նույն այդ տպավորությամբ «նահանջ» են տեսել իմ հետագա գործերում…

Ինձ, իհարկե, ուրախացնում է «Գարունի», սրտիս մոտ այդ կտավի, հաջողությունը: Բայց ինչո՛ւ հակադրել մնացածին և ինչո՛ւ չնկատել այն ներքին օրգանական թելերը, որոնք, ձգվում են մեկից դեպի մյուսը, շաղկապում, պահում դրանք միասնական մի աշխարհում՝ թե՛ մտածական և թե՛ նկարչական-պատկերային ձգտումով: Պատահակա՞ն էր, արդյոք, որ զրույցի ընթացքում իմ նկարներին անդրադարձանք հակառակ հերթականությամբ. կարծես դրանից էական ոչինչ չփոխվեց...

 – Իսկ գուցե Դուք է՞լ ակամա ենթարկվում եք Ձեր ակնարկած «տպավորությանը», ջանում համոզվել դրանում, «արդարանալ», վիճել…
 

– Վիճել՝ գուցե, իսկ արդարանալու առիթ չեմ տեսնում: Ասենք, չեմ ժխտում, պատկերալին առումով «Գարունը» թերևս ավելի ցայտուն է, ամբողջական…

 – Ուրեմն՝ ավանդների հարգալից զննություն, ակտիվ հումանիզմ, մարդկային, գեղեցիկ, վսեմ հատկանիշներով «աշխատելու» նախասիրություն, միաժամանակ՝ կյանքի, ժամանակի զարկերակի զգացողություն, իրատեսություն, գիտատեխնիկական հեղափոխության նոր հոգեբանությամբ ու նոր բարոյականությամբ ապրելու և ստեղծագործելու ձգտում…
 

– Եվ ինքնատիրապետում… Նկարչությունը առհասարակ բարդ գործ է, բայց ամենամեծ բարդությունը, ըստ իս, այն է, որ նկարիչը կարող է կորցնել ինքնատիրապետումը՝ չդիմանալով քննադատությանը կամ, որ ավելի վտանգավոր է, շռայլ գովեստին: Վերջինս բթացնում է զգոնությունդ, և քեզ թվում է, թե արդեն հասել ես կատարելության, կարող ես հանգիստ ապրել վաստակիդ տոկոսներով. այլևս ո՛չ մի մտատանջություն ու կասկած, ո՛չ մի տառապանք… «Մարդկային» այդ թուլությունը կործանարար է ստեղծագործողի համար, մանավանդ, երբ դրան է միանում մանր փառասիրությունը: Դա կարելի է հաղթահարել այն սթափ գիտակցությամբ, որ երբ թուլանում կամ չքանում է դիմադրությունը, երբ ամեն ինչ հեշտ է տրվում, ուրեմն, ինչպես Վ. Սարոյանը կասեր, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալ է… Այդ գիտակցության, այդ ներքին ուժի ու ինքնատիրապետման պակասը երբեմն իրեն զգալ է տվել անգամ մեծ արվեստագետների մոտ: Եվ դրա հետևանքներն առավել տխուր են եղել այն դեպքերում, երբ շրջապատը չի նկատել կամ չնկատելու է տվել ստեղծագործական կանգառը, լճացումը, ավելին՝ «նոր հաջողություն», «նվաճում», «գլուխգործոց» է համարել նրա համար սովորական, անգամ իսկ անհաջող հերթական աշխատանքը:

Մյուս կողմից կենցաղը՝ ընտանիք, առօրյա հոգսեր, դյուրահաս հաճույքներ… Ինձ թվում է, առայժմ ինձ հաջողվում է «բռի մեջ» պահել իմ անձը, չտրվել այդ տարերքին, խուսափել հեշտ, անդիմադիր կյանքից: Ես այն զգացողությունն ունեմ, թե դեռ «ոչինչ չեմ արել», ու եթե մի բան ստեղծելու եմ, ապա դա լինելու է իմ վերջին գործերում…

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՍ Բ

 

Զրույցը վարեց՝ Խաչատուր Ավագյան, «Սովետական արվեստ», Երևան, 1978 թ. | «ԺԱՄ», «ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ», Մոսկվա, 2018 թ.