Սիրելի ընթերցողներ, «Ժամ» ամսագրի «ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ» նախագծում ներկայացնում ենք բացառիկ մի հարցազրույց նկարիչ Հովհաննես Զարդարյանի հետ, որը տպագրվել է «Սովետական արվեստ» ամսագրում, 1978 թվականին: Մեծ արվեստագետը վերլուծում է իր աշխատանքները, խոսում է արվեստի ներգործության ուժի, հայ կերպարվեստի զարգացուման բարդ ու հակասական ընթացքի... հոգևորի, գեղեցիկի, մարդկայինի մասին: Խոսում է հավասարակշռված, անկեղծ, շիտակ ու հասկանալի՝ լուսավորելով ու գունավորելով մեր այսքան խճճված ներկան:
ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ. Արվեստի էությունը՝ հումանիզմը...
ՄԱՍ Բ
Զրույց ՍՍՀՄ Գեղարվեստից ակադեմիայի թղթակից անդամ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի հետ
ՍԿԻԶԲԸ՝ Մաս Ա
– Հայ կերպարվեստի զարգացումն առհասարակ բարդ ու հակասական ընթացք է ունեցել՝ մեծ վայրիվերումներ, թռիչքներ ու տեղատվություն… Եվ այնուամենայնիվ, փաստ է, որ աշխարհում ճանաչված է իբրև դեմք ունեցող արվեստ, ճշմարտապես ազգային արվեստ: Ոչ թե ազգային տիպաժներ, արդուզարդ, այլ ազգային նկարագիր, էություն պարզող արվեստ: Հենց միայն Սարյանի անունը դրա հավաստումն է: Իսկ հիմա, ետսարյանական շրջանում, այդ ընթացքն ավելի է բարդացել, պեսպեսվել, բայց առաջադիմությունը շարունակվում է, իսկ ազգային բնույթը, չնայած բազմաթիվ խութերին ու հրապուրանքներին՝ պահպանվում է, ամրապնդվում: Իհարկե, մեր արվեստում էլ իրենց զգացնել են տալիս զանազան ազդեցություններ, կատարվում են էքսպերիմենտներ, երբեմն՝ ընդօրինակումներ: Սկզբում շատերը դժգոհում էին դրանից, հայհոյում, իսկ ես բնական էի համարում դա – ոչ մի արվեստ չի կարող կաղապարվել-փակվել իր մեջ, և պետք չէ ստեղծել «արգելված պտղի» հրապուրանք. թող փորձեն, համտես անեն, համոզվեն: Միայն թե զգույշ պիտի լինել հիմնականը, մեր ունեցածը պահպանելու խնդրում, դա երբեք չպետք է վտանգել։ Ցավոք, կա՛ այդպիսի վտանգ. «մոդեռնը» ճգնում է ստվերել այն, «փոխարինել» նրան, մի բան, որ արդեն պիտի լրջորեն մտահոգի մեզ:
Մյուս կողմից էլ ոմանք սկսել են, իրոք, կաղապարել ազգային արվեստը լոկ սրա կամ նրա ստեղծագործության շրջանակներով, ազգային հռչակել միմիայն սրա կամ նրա ոճը, մաներան, նկարչական-պատկերային աշխարհը:
Ես, օրինակ, բարձր եմ գնահատում Բաժբեուկ-Մելիքյանին, նրա արվեստը, նրա աշխարհը, որ Թիֆլիսն էր՝ իր տարերքով: Նա որոշակի բարերար ազդեցություն է գործել վրացական կերպարվեստի վրա, որ խոստովանում են Լադո Գուդիաշվիլին և ուրիշներ: Իսկ ահա մեր կերպարվեստի վրա Բաժբեուկի ունեցած ներգործության հարցում ես ինչ-որ տարակույսներ ունեմ: Բանն այն է, որ մերոնք, հատկապես անփորձ ջահելները, իբրև կանոն, ազդվում են, սովորում ոչ թե Բաժբեուկից, այլ առավելապես նրա հետևողությամբ ստեղծված նկարչությունից: Եվ մեր կերպարվեստում հայտնվում են մեզ համար խորթ կեցվածքը, թեթևամտությունը: Այնինչ մերը (նաև Բաժբեուկինը) պարզն է, զուսպը, խորը: Մերը Կոմիտասի ու Սարյանի ոճն է: Պետք է իմանալ ակունքները, զուլալ պահել դրանք և մտածելով օգտվել, չտարվել մոդայով կամ բարձր անուններով: Նույնքան վնասակար է, այսպես կոչված, ժուռնալային-ալբոմային «նորարարությունը»՝ չըմբռնված, չմարսված, չտես… Դրա մի տարատեսակն էլ գույների անտարբեր «վառության» տենչն է: Վկայաբերում են Սարյանին կամ Մինասին, իբր, տեսեք, նրանք էլ «վառ գույների» երկրպագուներ էին… Ո՛չ, բանը գույների «թեժությունը» չէ, այլ դրանց հարաբերությունը, ու ամենից առաջ այն գեղարվեստական խնդիրը որ դրված-լուծված է այդ գույներով: Աշխարհը այդ գույներով ընկալելը և անսպասելի խորությամբ վերարտադրելը: Այսինքն այն, ինչ անում էր Վարպետը՝ Սարյանը:
Կամ թե՝ ձևի խաղերը: Եթե դա սոսկ խաղ է՝ էլ ի՛նչ արվեստ, ի՛նչ վարպետություն. ուրիշ բան, եթե ստեղծագործական երևակայության ազատ սլացքով խորունկ միտք ու հույզ է ծնվում, և դրանք են բնականորեն արտահայտվում: Ո՛չ վառվռուն գույները, ո՛չ էլ «ազատ» ձևը ինքնին չեն կարող ճանաչվել նաև իբրև լավատեսության համանշանակ: Լավատեսականը գույների ոչ թե ֆիզիկական, այլ «հոգեկան» բաղադրությունն է, իսկ դա ձեռք է բերվում, ստեղծվում ոչ թե սոսկ նկարչի գունատախտակի, այլ նրա հոգու և մտքի լաբորատորիայում…
– Դրանք լավատեսության զուտ արտաքին, «ֆիզիկական» հատկանիշներն են: Էականը մարդու հոգու կյանքն արտահայտելն է, նրան լավի ձգտում տալը, ճշմարիտի, գեղեցիկի համար պայքարի մղելը: Լավատեսական է մարդուն մաքրող, բարձրացնող, նրան հավատ ներշնչող արվեստը: Իսկ դա ստեղծվում է այն ժամանակ, երբ համերաշխություն ու համազորություն կա ժամանակի հիմնորոշ տենդենցների, հասարակական պատվեր-պահանջմունքի և արվեստի կարելիությունների միջև:
Տարիներ առաջ Ակրոպոլիսում կանգնած մտածում էի այդ մասին. հիրավի ինչպիսի՜ միասնություն և ինչպիսի՜ հավատ մարդու ուժի, վեհության, նրա ապագայի հանդեպ: Այդ նույն հավատով է ստեղծված Սիքստինյան կապելլան՝ Վերածնության գլուխգործոցներից մեկը:
Այո, լավատեսությունը նախ մեծ հավատ է, ոգի, համոզում, որ մարդս ապագա ունի, բարձր իդեալներ և կարո՜ղ է հասնել դրանց իրականացմանը: Այս առումով ես մտածում եմ Դոստոևսկու, Տոլստոյի, Չեխովի, մեր Աբովյանի, Չարենցի մասին: Նրանք մեծ հավատի մարդիկ էին. կենարար ոգի, ապրելու բարոյականություն ստեղծող արվեստագետներ: Դա էլ հենց հումանիզմն է: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մեր երկրում այդ լավատեսության «բազան» ամրապնդվեց սոցիալական աննախադեպ լայն ու խոր տեղաշարժերով, նոր, սոցիալիստական մտածողությամբ ու հոգեբանությամբ, և մարդու, հետևապես և արվեստի հումանիստական «լիցքը» սկսեց արտահայտվել առավել մեծ ուժով: Բայց դա չի նշանակում, թե այսօր մարդու, նրա լուսամետ ոգու ուղին լիովին հարթ է ու անվտանգ:
Չմոռանանք, առաջադիմությանը հակառակորդ ուժերը դեռ զորեղ են: Եվ դա ոմանց մեջ հարուցում է հեշտ ապրելու հակումներ: Նման պայմաններում արվեստը վիթխարի դեր ունի կատարելու. նա ոչ թե պիտի «հանգստացնի» մարդկանց, վանի վտանգի զգացողությունը կամ զվարճացնի, այլ, ծառանալով չարիքի դեմ, հավաստի մարդու, մարդկայինի հաղթանակի անխուսափելիությունը: Դա, կրկնում եմ, կարելի է անել տարբեր կերպ: Իմը, ինչպես վերն ասացի, մարդու էության լուսավոր կողմերի, նրա գեղեցկության, վեհության պատկերումն է:
Այդ զգացողություն-միտումը կար Մ. Սարյանի ամեն մի կտավի, յուրաքանչյուր վրձնահարվածի մեջ: Այդ խորքից, այդ հավատից էր բխում նրա լավատեսությունը, նրա արվեստի արժանապատվությունը… Եվ, առհասարակ, ուզածդ երկրի, ժողովրդի ուժը, պոտենցիան պիտի գնահատել նախ նրա դավանած իդեալների լույսով: Ու նաև գեղարվեստական լիցքով: Սովետական արվեստագետի բախտավորությունն այն է, որ մեր կյանքը կառուցվում է գեղեցիկի օրենքներով, որ այդ հիմնորոշ ձգտումով ու նպատակով է ապրում բովանդակ երկիրը: Սակայն այդ օրենքները, այդ նպատակը ինքնաբերաբար չեն գործում, և դրանք ոչ թե պարզապես պիտի ի հայտ բերել ու արձանագրել, այլ նվաճել, իմաստավորել, զարգացնել: Նկարիչը ևս պարտավոր է իր լուման բերել՝ հարստացնելով գեղեցկության այդ պաշարը: Հատկապես մեզ, հայերիս, այս խնդիրը պիտի լրջորեն զբաղեցնի: Պատմական հանգամանքների բերումով մեր ժողովուրդը դարեր ի վեր ապրել է մասնատված, ցիրուցան, և նրա տարբեր հատվածների տնտեսական ու մշակութային զարգացումը անհավասար է ընթացել: Այստեղից էլ մեր քաղաքակրթության կոնտրաստները, այն, որ աչքի ընկնելով գիտության, մշակույթի բարձրագույն արտահայտություններով, մենք շատերին ենք զիջում մեր միջին մակարդակով: Օրինակ, ասենք, մերձբալթյան հանրապետությունների ուզածդ քաղաքացուց կարող ես դատողություններ լսել արվեստի ամենաբարդ երևույթների շուրջ, իսկ մեզ մոտ կան խորը գիտակներ և նրանց կողքին՝ մարդիկ, որ ասես ոչնչից տեղյակ չեն: Վայրիվերումները հատկապես մեծ են գեղարվեստական ճաշակի առումով: Ես, օրինակ, ոչինչ չունեմ մեր երաժշտական կոմեդիայի թատրոնի դեմ, բայց այնուամենայնիվ տհաճ մի զգացում եմ ունենում, երբ, ասենք, նկարիչների տանը բացված ուշագրավ որևէ ցուցահանդեսի գրեթե թափուր սրահներից ելնելով, տեսում եմ, թե ինչպես են վիթխարի թվով մարդիկ «Իմ զոքանչը» ներկայացման «ավելորդ տոմս» հայցում, և կամ երբ օպերային թատրոնի դահլիճում «սովորական» օրերին հաճախ տեսնում եմ 30-40 մարդ… Սա տխուր իրողություն է: Եվ սրա մասին պետք է լուրջ, շատ լուրջ մտածել. ոչ թե ճառեր ասել, դժգոհել, փնթփնթալ ու ձեռք թափ տալ, այլ գործել՝ խելամտորեն, համառ, ոչ մի մանրուք աչքաթող չանելով և ոչ մի ջանք ու միջոց չխնայելով: Եթե կուզեք, սա մեր մշակույթի գործիչների, բոլորիս քաղաքացիական ու հայրենասիրական առաջնահերթ խնդիրն է այսօր: Ու նաև այդ չափանիշով պիտի արժևորել մեր կերպարվեստում արվող յուրաքանչյուր նոր քայլ:
– Առաջին հերթին՝ նրանց: Չէ որ նրանք են մեր գեղարվեստական կյանքի վաղվա օրենսդիրներն ու տերերը: Բայց ես նախ ուզում եմ նրանց բուն ստեղծագործությանն անդրադառնալ: Նկարիչների միության վերջին համագումարի իմ ելույթի մեջ ես փորձեցի ցույց տալ, որ, անկախ այս կամ այն վերապահությունից, այսօր ասպարեզ մտած օժտված երիտասարդների ստեղծագործական ջանքը մեր կերպարվեստի զարգացման անհրաժեշտ ու օրինաչափ բաղադրատարրն է: Ոմանք ինձ սխալ հասկացան, ասածիս մեջ տեսան նրանց որոնումները, էքսպերիմենտները որևէ քննադատությունից զերծ պահելու միտում: Չգիտեմ, գուցե և խոսքս լավ չէի կառուցել, գուցե ինչ-որ բան այնպես չասացի, բայց միտքս այն էր, որ պետք է լուրջ վերաբերել երիտասարդ արվեստագետներին, չառաջնորդվել կանխակալ կարծիքներով (թե «հօգուտ», թե «ընդդեմ»), կամ հպանցիկ տպավորություններով:
– Նախ այն, որ «երիտասարդ» հասկացությունը արվեստում շատ առաձգական է. համենայն դեպս դա սոսկ տարիքը չի նշում, այդպես չպետք է հասկացվի: Կան ջահել նկարիչներ, որ արդեն զառամյալ են իրենց ստեղծագործությամբ, և ընդհակառակն՝ տարեցներից ոմանք հիրավի երիտասարդական ավյուն ու միտումներ են դրսևորում: Բայց ես ուզում եմ խոսել մեկ այլ, ավելի էական, մոլորության մասին. մեր երիտասարդներն աճում են, ստեղծագործորեն հասունանում, հաստատում իրենց ձեռագիրը, անհատականությունը, իրենց խոսքն են ասում, իսկ մենք շարունակում ենք նրանց դիտել սոսկ իբրև «երիտասարդ արվեստագետներ», մեր հայացքը, վերաբերմունքը համապատասխանաբար չեն լրջանում, չափանիշները, պահանջկոտությունը չեն բարձրանում: Այլ կերպ ասած, կամ միայն տարիքն է արժանիք համարվում կամ էլ արժանիքի մեջ միայն տարիքն է նկատվում: Նման վերաբերմունքը խանգարում է ըստ էության, պատշաճ լրջությամբ դիտարկել ու գնահատել երիտասարդ նկարիչների, քանդակագործների և այլոց ստեղծագործությունը: Մինչդեռ արվեստի (նաև կերպարվեստի) պատմությունը նշում է բազմաթիվ մեծերի անուններ, որ կյանքից հեռացել են վաղ հասակում, բայց ավարտված, հասուն, դարակազմիկ ստեղծագործություններ են կտակել մարդկությանը: Օրինակ, Մազաչչոն՝ Վերածնության նշանավոր մոնումենտալիստը, որ ապրեց հազիվ 28 տարի…
Ես սրտանց ողջունում եմ ՍՄԿԿ Կենտկոմի որոշումը երիտասարդ ստեղծագործողների հետ տարվող աշխատանքի մասին: Դա հարցի կարևորության կուսակցական-պետական ըմբռնման վառ վկայությունն է և անշուշտ մեծ դեր կխաղա երիտասարդ արվեստագետների դաստիարակության գործը բարելավելու, նրանց աշխատանքը ըստ արժանվույն գնահատելու առումով: Այդ առիթով ուզում եմ, սակայն, ասել, որ մեր որոշ երիտասարդ կերպարվեստագետներ ևս, որ լավ էին սկսել, արդեն հասցրել են վերը նշածս հեշտ ճանապարհը բռնել, ընկել են փող աշխատելու ետևից: Իսկ, որ ավելի վատ է, դարձել են «դիվանագետներ», բռնել ոչ թե արվեստով, այլ «խելոք» քայլերով դիրք ու հեղինակություն վաստակելու ճանապարհը: Դրան նպաստում են և մեր արվեստաբաններն իրենց անհարկի գովեստներով ու «պաշտպանությամբ»: Իհարկե, գլխապտույտ կունենա, կգոռոզանա այն երիտասարդը, որի մասին արվեստաբանը խոսում է «նրա ստեղծագործության այսինչ շրջանը» տիպի արտահայտություններով, հանճարներին հարիր էպիտետներով… Իսկ ահա Մ. Սարյանը, Չարենցն իրենց խոսքն էին ասում, իրենց արտահայտում առանց դիվանագիտության, միանգամայն անարատ, մաքուր, անկեղծ մղումով, խորը հավատով: Նրանցը դարի, ժամանակի, ժողովրդական շահերի ոգին էր, դրանց ինքնաբուխ արտահայտությունը: Այ այդ ոգին պիտի ընդերվի մեր «երիտասարդական» արվեստում…
– Դժվար հարց է: Իհարկե, նախ պիտի հոգալ երիտասարդ ստեղծագործողների հասարակական-քաղաքացիական հետաքքրությունների խորացման և հստակության մասին: Անհիմն, ես կասեի, անգամ վնասակար են այն խոսակցություններն ու տրտունջները, թե իբր մեր գեղարվեստական ուսումնական հաստատությունների ծրագրերը «ծանրաբեռնված» են «ուրիշ» առարկաներով, որոնք իբր հարկավոր չեն արվեստագետին: Ընդհակառակը, խոսք կարող է լինել միայն այդ առարկաների դասավանդումը խորացնելու, ավելի հետաքրքրական դարձնելու մասին: Եթե ապագա արվեստագետը ձեռք չբերեց լայն տեսահորիզոն, չսովորեց մտածել, կողմնորոշվել, նրա ստեղծագործական ունակությունները չեն կարող զարգանալ, լիովին բացահայտվել, բարձր նպատակի ծառայել: Մի խոսքով, նաև հոգևոր լայն դաստիարակություն: Հավատի, նվիրումի դաստիարակում:
– Այո, ինը տարի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում եմ դասավանդել, հետո Բյուրական գնացի, ընդմիջվեց: Բայց նորից ներքաշեցին այդ գործի մեջ, այս անգամ արդեն Հայկական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության բաժնում, որի ամբիոնի վարիչն եմ այժմ… Ինձ համոզեցին այն փաստարկով, թե անհրաժեշտ է, վերջապես, կանոնավորել, բարձր հիմքերի վրա դնել մատաղ սերնդի գեղարվեստական դաստիարակության գործը, իսկ դրա համար հարկավոր են հարյուրավոր մասնագետ-մանկավարժներ… Իրոք որ մեծ, կարևոր ու շնորհակալ գործ է. պետք է հենց սկզբից սկսել, երեխայի դպրոց ոտք դնելուն պես, նույնիսկ դրանից էլ վաղ:
Առաջին տարիներին ընդունում էինք 25 հոգու, հետո՝ 50, իսկ հիմա արդեն՝ 100: Պահանջը մեծ է և գնալով ավելի կմեծանա. յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր մանկավարժ-նկարիչը, երաժիշտը, գեղարվեստական այլևայլ խմբեր ղեկավարող մասնագետը: Այն էլ ասեմ, որ տեղերում դեռ «դիմադրություն» կա, դասաժամերով, բնակարանով հաճախ չեն բավարարում, բայց այդ գործը, հուսանք, կկարգավորվի:
Իսկ Գեղարվեստա-թատերական ինստիտուտն իր ուրույն ֆունկցիան ունի: Նրանը պրոֆեսիոնալ ստեղծագործող-արվեստագետներ պատրաստելն է: Ի միջի այլոց ասեմ, որ ինձ և շատ-շատերին արդեն իսկ հիմա անհանգստացնում է այն, որ ինստիտուտի շրջանավարտ նկարիչներից, քանդակագործներից, դիզայներներից շատերը իսկույն ևեթ անցնում են, այսպես կոչված, «խալտուրայի»: Նախ, այդ ի՞նչ «խալտուրա» է և ինչո՞ւ է այդպես հորջորջվում. պարզվում է, որ խոսքը մեր միջավայրի, աշխատավայրի, կենցաղի, մեր քաղաքների ու շեների ձևավորմանն է վերաբերում: Այսինքն մի բնագավառի, որ այսօր ամենուր արժանանում է ամենալուրջ ուշադրության, որ պահանջում է ամենաբարձր ճաշակ ու հմտություն: Ի դեպ, վերջերս Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը իր սեսիայում հատուկ քննության առարկա դարձրեց «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և оգտագործման հարցը»: Սեսիայում հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ ընկ. Ա. Կիրակոսյանի զեկուցումը, ՍՍՀՄ Գեղարվեստից ակադեմիայի իսկական անդամ Գր. Խանջյանի և այլ մասնագետների ելույթները և ընդունված օրենքը անչափ ուրախալի էին և հուսադրող: Իսկ ինչո՞ւ նույն կերպ չանդրադառնալ նաև այս խնդրին: Այո, «խալտուրան» պետք է մերժվի հիմնովին, ամենայն վճռականությամբ, և մեր կերպարվեստի գործիչները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը գեղարվեստական մշակույթի այդ կարևորագույն ոլորտի հանդեպ: Եվ, իհարկե, մեր «Գեղարվեստի ֆոնդի» գործունեությունը էապես պիտի վերակառուցել ու բարելավել: Այնտեղ պիտի իշխող դառնան արվեստի, ստեղծագործության ոգին, բարձր ու անբասիր ճաշակը և ոչ թե սոսկ սրան ու նրան պատվերով ապահովելու, այսինչ ու այնինչ գործը մի կերպ գլուխ բերելու միտումները:
– Կարծում եմ, որ դա հասունացած և ամենաբարձր ուշադրության արժանի խնդիր է:
– Խնդրում եմ այդ մասին չխոսել…
– Մեր զրույցն առանց այն էլ երկարեց, իսկ արվեստաբանությունը մի առանձին, մեծ խոսակցության նյութ է… Ի միջի այլոց, երբ Սարոյանը իմացավ, որ կինս մասնագիտությամբ արվեստաբան է, ասաց.
– Ատիկա շա՜տ մեծ արվեստ է… Ատիկա արվեստին հիմքն է… Իսկ մենք երբեմն դա համարում ենք կողմնակի, ոչ այնքան անհրաժեշտ մի բան, որի հետ կարող ես և հաշվի չնստել…
– Ոչ, դա թողնենք: Միայն մի նկատառում. մեր Պետական պատկերասրահը կարող է դառնալ արվեստաբանական մտքի կենտրոն: Չէ՞ որ նա ոչ միայն կերպարվեստի արժեքների պահպանողն է, այլև դրանց ուսումնասիրողը, ժողովրդականացնողը, կենդանի շունչ տվողը: Դրա հնարավորությունները, ինձ թվում է, կան, անհրաժեշտությունն ակներև է: Բոլոր դեպքերում դա այն պատվանդանն է, որին պիտի հենվի մեր արվեստաբանությունը: Իսկ գալով «ընթացիկ քննադատությանը, պետք է ասեմ, որ մեզ մոտ մի գեշ սովորույթ, ավելի ստույգ նախապաշարմունք է տարածվել. գործի մասին խոսելիս ելնել ոչ թե բուն այդ գործից, այլ նրա հեղինակից: Եվ դրա արդյունքը՝ նկարիչը, քանդակագործը, կարող է թույլ, անգամ անհաջող աշխատանք ցուցադրել և արժանանալ ճիշտ այն գովեստներին ու գնահատականներին, ինչ իրոք նշանակալից գործերի առիթով. շնորհավորանքներ, դրվատանք, հոդվածներ… Դա, իհարկե, չի կարող ճշմարիտ արվեստաբանություն կամ քննադատություն համարվել. դա մեր արվեստաբանական մթնոլորտը հագեցնում է տհաճ երկիմաստությամբ և մշուշում, ասես անկիրառելի դարձնում արվեստի բարձր չափանիշները…
Հա, ի միջի այլոց, ասում են Գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստաբանական բաժինն այս տարի էլ գլուխ չի գալիս… Բայց ախր հարկավոր է…
– Ինչ ծրագրե՞ր ունեմ… Վաղը գնում եմ Բյուրական. «Ձգտումի» նոր տարբերակն եմ անում, մտքումս կամ էսքիզներում մի քանի դիմանկար կա… Գուցե և «Պլեադան» շարունակեմ… Իսկ արդեն պատվերով՝ Աբովյանին նվիրված մի նոր կտավ: Մտադիր էի հեղինակային կրկնություն անել, բայց հետո միտքս փոխեցի. արժե Աբովյանի լուսավոր կերպարին անդրադառնալ նորովի: Պատկերը գրավելու է Մեծ Քանաքեռցու ներկայումս վերակառուցվող տուն-թանգարանի ընդարձակ դահլիճի մի պատը: Ի դեպ, հատկացված տեղը դուր չեկավ՝ նկարը բնական լույսից չի օգտվելու…
– Այդպիսի միտք ունեմ, բայց… դժվար գործ է. ի՛նչ ընտրել, պակասներն ինչո՛վ լրացնել, ի՛նչը դարձնել կենտրոն… Վերստին ուզում եմ դառնալ մեր գիտնականների՝ բյուրականյան իմ հարևանների աշխատանքին, ստեղծագործությանը: Գիտեք, նրանց հետ շփվելով, նրանց գործին, տքնությանն ականատես լինելով՝ մի տեսակ ձգվում ես, լցվում «ինքնադժգոհությամբ»: Հասկանում ես, թե, որքա՜ն դժվարահաճ է բնությունը, ինչպիսի՜ դժվարությամբ է մարդուն բացում իր գաղտնիքները բոլոր մարզերում: Ի դեպ, արվեստի հանդեպ գիտության մարդկանց բուռն հակումը, հետաքրքրությունը, կարծում եմ, միայն գեղարվեստական հաճույք ստանալու, զվարճանալու, նյարդերը հանգստացնելու միտում չէ, որ հայտնաբերում է: Ըստ երևույթին, ավելի կարևոր է այն պարագան, որ աշխարհի, կյանքի, իբրև ամբողջության, գեղարվեստական ընկալումն ու զգացողությունը՝ արվեստի սպեցիֆիկան, էապես լրացնում է գիտական ճանաչողությունը: Այո, իրականության զգայական-պատկերային ընկալման մեջ գիտնականը տեսնում է աշխարհի ճանաչման մի նոր ու անհրաժեշտ միջոց և դիտանկյուն, մի նոր հնարավորություն: Գիտությանը ևս օդ ու ջրի պես անհրաժեշտ է արվեստում առավել վառ արտահայտված հարմոնիայի ու կատարելության ձգտումը: Եվ, բացի այդ, արվեստը զարգացնում է ստեղծագործական երևակայությունը… Երբ նկարում էի Վիկտոր Համբարձումյանին (մոտ քսան դիմանկար եմ արել...), նա խոսում էր այդ դժվարություններից, պատմում, թե ինչպիսի ահավոր մեծ ջանք է պահանջվում մի նոր աստղ կամ մի նոր մասնիկ հայտնաբերելու համար: Իսկ մասնիկները գնալով «փոքրանում» են, աստղերը՝ «հեռանում», բնության անսահմանության առաջ ավելի ու ավելի աննշան են թվում մարդուս այսօրվա գիտելիքները, փորձը: Ու հենց ինքն էլ նկատեց.
– Արվեստագետի աշխատանքն էլ ներքին մեծագույն լարում է պահանջում, մենք երևի նույն տառապանքն ենք ապրում…
Իսկ հետո ավելացրեց.
– Եվ նույն բերկրանքը վայելում…
Հիրավի, ի՜նչ մեծ երջանկություն է, երբ տարիների որոնումներդ վերջապես պսակվում են հաջողությամբ: Ուղեղդ ասես շիկանում է, եռում, ջղայնանում ես, հասնում հուսահատության, և հանկարծ տասը տարվա որոնածդ գտնվում է, հայտնվում մեկ ժամում… Արժե՛ տասը տարի տքնել այդ մեկ ժամվա համար, այդ ստեղծագործական պայթյունի համար… Այդպիսի մի պայթյուն էր ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի գալակտիկաների հայտնաբերումը, որ ամբողջ աշխարհում այժմ կոչվում են «Մարգարյանի գալակտիկաներ»: Իհարկե, պատահում է և այնպես, որ ապարդյուն է անցնում տարիների չարչարանքդ, շատ ուշ հասկանում ես, որ սխալ ճանապարհով ես գնացել… Իսկ արվեստո՞ւմ…
– Դուք պետք է ճանաչեիք ակադեմիկոս Լանդաուին… Ա՜յ թե ով էր գիտնական-ստեղծագործողը, ո՜վ գիտության մեծ արվեստագետը…
– Այնպես որ,– շարունակում է Հովհաննես Զարդարյանը,– անհատական ցուցահանդեսից առաջ հարկ կլինի գեթ մեկ-երկու այդպիսի «պայթյուն» էլ ունենալ…
– Մեր զրույցը երևի դրանից պիտի սկսեինք: Բանն այն է, որ ես ինքս Ռուսաստանում՝ Լենինգրադում եմ կերպարվեստ ուսանել, փաստորեն այնտեղ եմ նկարիչ դարձել, թեև դրանից առաջ կարճ ժամանակ սովորել եմ Թբիլիսիի գեղարվեստից ակադեմիայում, ապա՝ Երևանի գեղարվեստական տեխնիկումում: Առանց չափազանցման կարող եմ ասել, որ ռուս մեծ ժողովրդի գեղարվեստական մշակույթը, կերպարվեստը ինձ համար կենարար աղբյուր են եղել ի սկզբանե: Ակադեմիայում սովորելու տարիներին էրմիտաժի մշտական այցելուն էի, Հովսեփ Օրբելու «հովանավորյալներից» մեկը: Նրա հետ ծանոթացել էի 1939-ին, երբ տոնվում էր «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը, և նրա հանձնարարությամբ նկարազարդումներ էի անում (էսքիզներս, շատ ուրիշ գործերի հետ միասին, կորան Լենինգրադի պաշարման ժամանակ): 1944-ին, դեռ պատերազմը չավարտված, Մոսկվայում բացվեց հայ կերպարվեստագետների գործերի ցուցահանդես: Ես էլ մասնակիցներից էի և հիշում եմ, թե ի՛նչ մեծ տպավորություն գործեց այդ ցուցահանդեսը պատերազմական դաժան տարիներ ապրած մոսկվացիների վրա: Իգոր Գրաբարի արտահայտությամբ, «հայ արվեստը ճառագեց իբրև արև», ցնցեց իր «բաց գույնով», գույնի ու տոնի մաժորային միասնությամբ: Դրանից, նրա ասելով, բացվում է հանդիսականի սիրտը, լուսավորվում նրա հոգին: Նա մեզ հրավիրեց իր արվեստանոցը, որտեղ գտնվում էին Ռուբլյովի՝ իր նոր հայտնաբերած չորս աշխատանքները…
Հենց այդ ժամանակ էլ Գրաբարի, Կոնչալովսկու և մի քանի ուրիշ նկարիչների հետ գնացինք Կորինի մոտ՝ Զագորսկ: Վարպետի համար դժվար ժամանակներ էին. Մ. Գորկու համակրանքը վայելած, Իտալիայում սովորած նկարչին ամեն տեսակ մեղադրանքներ էին ներկայացվում՝ հնապաշտ, եկեղեցական արժեքների երկրպագու, պատմական թեմաներով տարված արվեստագետ…
Իսկ իրողությունն այն էր, որ նկարիչը մեծ պատկառանքով էր վերաբերում ազգային-ժողովրդական արվեստի նմուշներին, ամուր հենվում էր ու ապավինում դրանց: Նրա արվեստանոցը իսկական թանգարան էր, հրաշալի իկոնաներ տեսա այնտեղ, ինքս էլ նվիրեցի 9-րդ դարի մի կուժ:
Հաճախ և մոտիկից շփվել եմ Ֆավորսկու, Մանիզերի, Վուչետիչի, Պիմենովի, Պլաստովի հետ, նրանց հետ միասին մասնակից եղել շատ ցուցահանդեսների՝ մեզ մոտ և արտասահմանում: Պլաստովը եկավ Բյուրական. շատ հավանեց իմ այգին, ասաց, որ Պրիսլոնիխայի իր պարտեզից վատը չէ, սկսեց նայել նկարներ, բայց երբ հանկարծ աչքն առավ Արարատին, ամեն ինչ մոռացավ, ներողություն խնդրեց ու փութով գնաց նկարելու…
Արտասահմանյան այցերից մեկի ժամանակ 1963-ին, Հունաստանում Սերգեյ Գերասիմովիչի հետ էի, ապրում էինք նույն սենյակում: Լարված աշխատում էր, օրնիբուն նկարում, բայց ոչինչ չէր ցույց տալիս: Եվ այնուամենայնիվ մի օր առիթ եղավ, տեսա նրա էտյուդները. ուղղակի գոհարներ էին… Հետո նա դրանք մեծացնում է (ինչպես մեր Թադևոսյանն էր անում): Մի գիշեր էլ չէր կարողանում քնել, շուռումուռ էր գալիս տեղում, և մեկ էլ անսպասելիորեն ասաց.
– Գիտե՞ս ինչ եմ մտածում, Պուշկինը մեզ անասելի մեծ բանաստեղծ է: Ու նաև մեծ մտածող: Նա ընդամենը 38 տարի է ապրել… Իսկ մե՛նք ինչ ենք արել այդ հասակում…
Ու լռեց, այլևս չխոսեց:
… Զրույցը՝ հենց այստեղ էլ ավարտվեց. Հովհաննես Զարդարյանը պիտի գնար Բյուրական՝ շարունակելու, ավարտի հասցնելու իր նոր գործերը…