ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ․ Ազգային նոր տոնը, Կ.Պոլիս, 1918 թ.
Загрузка
X


ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ․ Ազգային նոր տոնը, Կ.Պոլիս, 1918 թ.

Наследие / Чтение на ночь / Архив / Ежедневник / 17.06.2019
Երվանդ Օտյանի «Ազգային նոր տոնը» հոդվածը, «Ժողովուրդ» (Կ.Պոլիս), 23 նոյեմբերի/6 դեկտեմբերի, թիվ 34, 1918 թ․ Լուսանկարը՝ genocide-museum.am
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից և մասնավորապես Մուդրոսի զինադադարից (1918 թ. հոկտեմբերի 30) հետո զանգվածային ջարդերը վերապրած պոլսահայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ աստիճանաբար վերադառնում են իրենց բնակության նախկին վայրը՝ մայրաքաղաք։ Իրենց գործունեությունը վերսկսում են հայկական պարբերականները, զանազան միություններ ու կազմակերպություններ։ Վերադարձողների մեջ էր նաև 1915 թ. ապրիլի 24-ին աքսորված, Դեր-Զորում և այլուր բազմաթիվ դաժան տեսարանների ականատես, ականավոր երգիծաբան Երվանդ Օտյանը (1869-1926): 1919 թ. փետրվարից սկսած՝ նա Պոլսի «Ժամանակ» օրաթերթում սկսում է հրատարակել իր «Անիծյալ տարիներ» վեպ-հուշագրությունը։
1918 թ.-ին նա հրատարակում է «Ազգային նոր տոնը» վերտառությամբ մի հոդված, որը դարձավ հիշատակի օրվա անհրաժեշտությունը մատնացույց անող առաջին հրապարակումը։ Օտյանն այստեղ բարձրացնում է մի շարք հարցադրումներ ու առաջարկում լուծումներ, որոնք փաստորեն դրվեցին հիշատակի օրվա խորհրդի հիմքում և դարձան ուղենշային հետագա տասնամյակների համար ու այս կամ այն տարրի որոշակի շեշտադրումներով գոյատևում են մինչև մեր օրերը։ 
Հազար հինգ հարիւր տարիներէ ի վեր հայ ազգը իբրեւ ազգային կրօնական մեծ յիշատակ մը հանդիսաւորապէս կը տօնէ Վարդանանց նահատակութիւնը: Անիկա մեզի համար երկու վեհ իտէալներ կը ներկայացնէ. ազգային անկախութեան իտէալը եւ խղճի ազատութեան իտէալը: Վարդանանք ինկան Աւարայրի դաշտին մէջ, քրիստոտէութիւնը եւ ազատութիւնը պահպանելու համար: 
Արդարեւ մինչեւ հիմա ազգային մեծագոյն տօնը պէտք էր համարել զայն:
Բայց հիմա՞, երբ մէկ ու կէս միլիոն Հայեր յանուն այդ քրիստոնէութեան, յանուն այդ ազգային ազատութեան մեռան ո՛չ թէ Աւարայրի մը դաշտին վրայ կամ Տղմուտի մը եզերքը, այլ բովանդակ Հայաստանի, Սուրիոյ ու Միջագետքի դաշտերը, անապատները, լեռներն ու ձորերը իրենց դիակներով ծածկեցին, երբ բոլոր գետերը՝ Եփրատէն ու Տիգրիսէն սկսեալ մինչեւ Ալիս, իրենց դիակներով լեցուցին, մի՞թէ այլեւս չնսեմանար Վարդանանցը: 
Չե՞ն նսեմանար այդ հազար երեսունվեց վկաները մէկուկէս միլիոն նահատակնըրուն քով:
Չե՞ն նսեմանար Եղիշէի «Տիկնայք փափկասունք»-ը այն հարիւր հազարաւոր կիներուն ու կոյսերուն, փոքրիկ աղջիկներուն ու մանչերուն քով, զորս վայրագ հրէշութիւնը ամբողջ երեք տարի ճղակտոր ըրաւ տանջանքի, չարչարանքի, ստորնացումի ու ապականութեան ամենէն ճիւաղային միջոցներով: 
Ու հիմա, որ ազատութեան արեւը վերջապէս ծագեցաւ մեր արիւնազանգ հայրենիքին վրայ, արդեօք նուիրական պարտականութիւն մը չէ հաստատել, Վարդանանցի տեղ, ազգային-կրօնական մեծ տօնը ի յիշատակ մեր նոր ու գերագոյն մարտիրոսութեան: 
Ասոր համար ամբողջ Հայութիւնը պէտք է իր կամքը պարտադրէ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ հանդիսաւոր արարողութեամբ մը այս Մեծ Տօնը հռչակուի աշխարհի ամէն կողմերը գտնուող հայերուն: 
Ու այսպէս ամեն տարի բոլոր եկեղեցիները, բոլոր դպրոցները, բոլոր ազգային հաստատութիւնները հայկական մեծ նահատակութեան յիշատակը կատարեն, անէծքի անաթեմաներ կարդալով Վիլհեմներու, Ֆրանց Եոզեֆներու, Էնվէրներու, Թալէաթներու եւ Ճեմալներու ու բոլոր այն մարդակերպ հրէշներու գլխուն, որոնք Մեծ Եղեռնը գործեցին ու իրենց ձեռքերը Հայուն անմեղ արիւնովը ներկեցին: Թո՛ղ այդ օրը բոլոր քարոզիչները, բոլոր ճառախօսները, բոլոր ուսուցիչները եւ բոլոր թերթերը վերյիշատակեն ահռելի ոճիրը եւ անոր հեղինակները անարգութեան սիւնին քամեն: Թո՛ղ ամբողջ հայութիւնը այդ օրը սուգ առնէ ու լայ իր նահատակները: 
Ու այսպէս ամէն տարի, Հայը թո՛ղ յիշէ իր գոյութեան տրուած այս մեծագոյն հարուածը, ու միեւնոյն ժամանակ վառ պահէ այն սրբազան հուրը, որով ան ապրեցաւ դարերու ընթացքին, որովհետեւ ազգ մը իր յիշատակներով ու իր աւանդութիւններով կապրի, ըլլան անոնք դիւցազնութիւններու յիշատակներ կամ տառապանքներու եւ մարտիրոսութեան յիշատակներ: Հրեաները հազարաւոր տարիներէ ի վեր իրենց սուգերուն` Եգիպտոսի չարչարանքներուն, Բաբելոնի գերութեան, Երուսաղէմի տաճարին կործանման դժբախտութիւններուն մէջ գտած են իրենց կենսականութեան ուժը, ինչպէս քրիստոնէութիւնը զօրացած է նախկին դարերու նահատակներուն արիւնովը:
Հայ ազգն ալ ահա՛ թող այս ահռելի ու սարսափելի կոտորածին մէջ գտնէ իր ապագայ կենսականութիւնը եւ ապրելու զօրութիւնը:
ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ, «Ժամանակ» օրաթերթ, 23 նոյեմբերի/6 դեկտեմբերի, թիվ 34, 1918 թ․
ZHAM magazine | www.zham.ru