Այսօր Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում 62 տարեկանում կյանքից հեռացել է Պոլսո Հայոց 84-րդ գահակալ Մեսրոպ արքեպիսկոպոսը Մութաֆյանը։ Նա տևական ժամանակ կոմայի մեջ էր:
«Արևելք» պարբերականը գրում է, որ Արքեպիսկոպոսը հիվանդանոցում էր մոտ 11 տարի․ 2008 թվականից պատրիարքը կորցրել էր հիշողությունը, տառապում էր անբուժելի հիվանդությամբ։Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարքն է, ընտրվել էր 1998 թ-ին:
Նրան փոխարինում էր պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Վերջին տարիներին, նշենք, պոլսահայ համայնքը փորձում էր նոր հոգևոր առաջնորդ ընտրել, ինչը, սակայն, խոչընդոտվում էր թուրքական իշխանությունների կողմից, վերջիններիս հիմնավորմամբ՝ ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկային, քանի որ Մութաֆյանը դեռ ողջ էր։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պատրիարքի կորստի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Եսայան Վարժարանում։ 1968 թվականին ընդունվելէ Ստամբուլի Անգլիկան վարժարանը և 1973 թվականին ավարտել այն։ 1973-1975 թվականներին սովորել է Շտուտգարտի Ամերիկյան քոլեջի գեղարվեստի և պատմության ֆակուլտետում։ 1975-1979 թվականներին ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենըսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում` հետևելով փիլիսոփայության դասընթացներին։Մասնակցելով Թենըսի նահանգի Էփիսքըփըլ (Անգլիկան) թեմի քահանաների համար հատուկ աստվածաբանության և եկեղեցագիտության դասընթացներին։ 1977 թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ։
Նույն թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Մեսրոպ աբեղա։ 1979-1982 թվականներին սովորել է Երուսաղեմի համալսարանում՝ ուսանելով սուրբգրային հնագիտություն, միաժամանակ դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում` Հին Կտակարանի ներածություն և անգլերեն։ 1982 թվականին Երուսաղեմում ստանձնել է մագիստրոսի գիտական աստիճան։
Այնուհետև վերադարձել է Ստամբուլ և աշխատանքի անցել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանում՝ որպես քարտուղար։ 1983 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ «Սուրբ Գիրք և ավանդություն» թեմայով։ 1986 թվականին պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ և ստացել ծայրագույն վարդապետության աստիճան։ 1988-1989 թվականներին սովորել է Հռոմի Ս. Թովմա Աքիվինացու անվան համալսարանում, և 1990 թվականին նշանակվել Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովների ատենապետ։ 1990 թվականին նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների պատրիարքական փոխանորդ։
1998 թվականի հոկտեմբերի 14-ին Պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։ 2003 թվականին Վաշինգտոնի Սենտ Մերի համալսարանի կողմից արժանանցել է պատվավոր դոկտորի կոչման։