«Խոսքով ոչ ոքի ազատություն կամ երկիր չի տրվի»․ ՈւՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ՀԵՏ
Загрузка
X


«Խոսքով ոչ ոքի ազատություն կամ երկիր չի տրվի»․ ՈւՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ՀԵՏ

Наследие / Архив / Ежедневник / 18.06.2019

1973 թ. հունվարի 27-ին Գուրեգեն Յանիկյանը թուրք հյուպատոս Մեհմեդ Բայդարին և փոխհյուպատոս Բահադըր Դեմիրիին հրավիրում է Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոց` աշխարհի տարբեր գործիչների ստորագրությամբ թուրքական հին դրամներ և Աբդուլ Համիդի սենյակից հանված մի կտավ նվիրելու համար: Հրավերը թուրքերն ընդունում են, քանի որ Յանիկյանը թաքցրել էր իր հայ լինելը:
78-ամյա Յանիկյանը թուրք դիվանագետների ուղղությամբ 9 փամփուշտ է արձակում և հանձնվում ոստիկանությանը: 
Հետագայում իր «Նպատակ և ճշմարտություն» գրքում Գուրգեն Յանիկյանը գրում է․ «Հանդեպ նրանց, որոնք ինքնակամ գալու էին ինձ տեսնելու, ես ոչ մի զգացում չունեի: Նրանք ինձ համար միջոց էին` հասնելու ցանկությանս: Եթե լինեին ուրիշները, ինձ համար տարբերություն չէր ունենալու: Զգացի, որ լալիս եմ: Արցունքները թափվում էին աչքերիցս առանց հեկեկանքի, բայց այդ խղճալու կամ տատանվելու արցունքներ չէին, այլ` կատաղության, որ դեպքերի ընթացքն այնպես դասավորեց, որ ես դիմելու եմ մի միջոցի, որին միշտ դեմ եմ եղել»:
Գուրգեն Յանիկյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 1984-ի փետրվարի 10-ին բանտից փոխադրվեց հիվանդանոց, որտեղ և մահացավ 17 օր հետո։ Գուրգեն Յանիկյանի մահվան լուրն առաջին անգամ տպագրվել է «Նյու-Յորք Թայմս»-ում 1984 թ. մարտի 1-ի համարում՝  «Բանտարկված հայը մահացել է» վերնագրով:  
Բովանդակությունը հետևյալն էր․ «Ազգությամբ հայ գրող եւ ճարտարագետ Գուրգեն Մկրտիչ Յանիկյանը, ով 1973 թ. Կալի‎ֆոռնիայում սպանեց երկու թուրք հյուպատոսների, երկուշաբթի օրը բնական մահով բանտում կնքեց իր մահկանացուն: Նա 88 տարեկան էր: Սպանություն կատարելու համար նա 1973 թ. հուլիսին դատապարտվել էր ցմահ բանտարկության»:
Սանտա Բարբարայում արձակված կրակոցները սկիզբը դրեցին հայ վրիժառության պայքարին` հայկական պահանջատիրության նոր փուլին: Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը Գուրգեն Յանիկյանին համարում է իր հոգեհայրը:

2019 թ. մայիսի 5-ին Յանիկյանի մասունքներն ամփոփվեցին Եռաբլուրի ASALA-ի նահատակների գերեզմանատանը։

Ստորև ներկայացնում ենք Ուրուգվայի հայկական ռադիոյի հարցազրույցը Գուրգեն Յանիկյանի հետ, որը տեղի է ունեցել 1976 թ․-ի, Չինոյի բանտում՝ հայ ժողովրդին ուղղված նրա պատգամից անմիջապես հետո:

Հերոս Գուրգեն Յանիկյանը, ԱՄՆ, հունվար, 1970 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագրի արխիվ, հրապարակվում է առաջին անգամ

— Սիրելի պրն. Յանիկյան, բանտի խցից ձեր տված այս ոգեւորիչ պատգամը հայ ժողովրդին մեծապես հուզիչ էր:
Այժմ, այս առիթից օգտվելով, ցանկանում եմ մի քանի հարցեր տալ, որպեսզի ժողովուրդն անձամբ ձեզանից իմանա, թե ինչպես ասպարեզ իջաք՝ հայ ժողովրդին օգտակար դառնալու համար: Պրն Յանիկյան, ե՞րբ որոշեցիք հայ ժողովրդի վրեժը լուծելու թվականը:

— Թվականը շատ հեռու էր: Հայրս, երբ վախճանվեց, կտակ թողեց ինձ, որ հայ ժողովրդի համար մի բան անեմ, եւ իր մահվան րոպեին խոստացա կատարել այդ: Հետագայում, երբ ամուսնացա մի բժշկուհու հետ, բացատրեցի դրությունը եւ նա էլ համաձայնեց: Անհրաժեշտ էր հավաքել այնքան դրամ, որ կարողանայինք իրագործել այդ նպատակը, որոշել էինք շարժապատկերով ցույց տալ աշխարհին, թե ինչ խատառակություն է կատարվել:

— Պրն Յանիկյան, ասացիք, որ արդեն վաղուց որոշել էիք շարժապատկերով ցույց տալ աշխարհին հայ ժողովրդի ամբողջ դժբախտությունը, ի՞նչ աշխատանքներ էիք կատարել այդ ուղղությամբ:

— Մեր ունեցած ամբողջ դրամը՝ 2-մլն-ից ավելի ծախսեցինք այդ նպատակի համար. 18 ամիս ես ապրում էի Արեւելքի այն վայրերում, որտեղ կատարվել էին մեր ջարդերը, եւ պատրաստում էի շարժապատկերը: Գնեցի մի գյուղ որ պիտի այրվեր, գտա այն վայրերը, որտեղ դիակների կմախքներից դեզեր էին կուտակված, եւ այդ բոլորն էլ ցուցադրվելու էին: Երբ դրամը վերջացավ, հույս ունեի, թե պարսկական կառավարությունը կտա իր պարտքը, որով կշարունակեմ իմ գործը: Բայց երբ նրանք իմացան, որ ես ամերիկահպատակ եմ, դրամը չտվեցին: Նրանք իմ կառուցած երկաթուղագծի համար կես միլիարդ դոլար են ստացել ամերիկյան կառավարությունից. բայց ինձ չեն վճարել իմ 2 մլն դոլարը եւ մինչեւ այսօր էլ պարտական են:
Պարսկաստանի դատարանը որոշեց, որ այդ դրամը վճարվի ինձ, բայց շահն արգելք հանդիսացավ «Սթեյթ դեպարտմենթ»-ում:

 

Այսօր հրապարակ են եկել
երիտասարդներ, ստեղծել են մի բանակ 
եւ գնում են զինյալ ազատագրական 
պայքարի ուղիով. ուրախ եմ 
եւ շնորհակալ, որ նրանք 
իրենց կոչում են Յանիկյանի զավակներ
ես գրկաբաց ընդունում եմ այդ զավակներին:


— Պրն Յանիկյան, ինչո՞ւ ձեր դրամը չվճարվեց «Սթեյթ դեպարտմենթ»-ի կողմից:

— Որովհետեւ շահը բարեկամն էր Նիքսոն կոչված նախագահի եւ խնդրեց, որ «Սթեյթ դեպարտմենթ»-ը չօգնի ինձ: Նախնական շրջանում նրանք օգնեցին, բայց հետագայում այլեւս չօգնեցին:


— Արգելքն ուղղակի շարժապատկերի համա՞ր էր:

— Այո ́, նրանք իմացան, որ ես պատրաստում էի այդ շարժապատկերը: Նրանք գիտեին, որ ես այն անվճար էի ցույց տալու աշխարհին՝ թե ́ անգլերեն եւ թե ́ ֆրանսերեն լեզուներով: Թուրք կառավարությունն էլ, երբ իմացավ եղելությունը, միջամտեց «Սթեյթ դեպարտմենթ»-ում, որ չօգնեն ինձ: Այդպիսով շարժապատկերը կիսատ մնաց, եւ ես այրեցի այն:

 

Կուսակցության ղեկավարությունը
հրահանգեց, որպեսզի
լրագրերում հայտարարություն անեն,
որ իրենք չեն արդարացնում
Յանիկյանին եւ նրա արարքի
դրդապատճառները,
դրա համար էլ հրաժարվել են
պաշտպանելուց:

 

— Պրն Յանիկյան, ի՞նչ էր ներկայացնում ձեր այդ շարժապատկերը:

— Այն ներկայացնում էր ոչ միայն հայերի ջարդը, այլեւ ցույց էր տալիս մեծ երկրների վերաբերմունքը դեպի հայը, նրանց շահերը, ովքեր ուզում էին խեղդել Հայկական հարցը: Այդ էր գլխավոր նպատակս եւ ոչ թե ցույց տալ սպանության 2 մլն տեսարաններ:
Շարժապատկերի մնացած մասն էլ տաճկական փաստաթղթերի վրա էր հիմնված, թե ինչ ծրագրով եւ ինչպե՞ս բանտերից թողեցին ավազակներին ու նրանց հագցրին զինվորական զգեստներ, որպեսզի մեզ ջարդեին, թե ինչպես հայ զինվորների զենքերը վերցրին, ուղարկեցին ճանապարհներին կոտորելու համար:
Բացատրում էի նաեւ Սեւրի եւ Լոզանի պայմանագրերի մասին:


— Պրն Յանիկյան, ուրեմն ձեր նպատակի իրագործման արգելքից հետո է, որ դուք որոշեցիք այդ քայլն անել:

— Այո ́, մինչ այդ ես իմ ամբողջ գրությունների մեջ միշտ պաշտպանել եմ այն միտքը, որ բռնությունը պետք է ոչնչանա մեր կյանքում: Բայց երբ այդ բոլորը կատարվեցին, եւ մարդկությունն ու համայն աշխարհը լուռ մնացին Հայկական հարցի նկատմամբ, այն ժամանակ որոշեցի, թե ինչպես կարող եմ մարդկության եւ պետությունների ուշադրությունը կենտրոնացնել Հայ Դատի վրա:

 

Ճառերով,
բողոքագիր գրելով, դպրոցներ
շինելով եւ կուսակցության
որոշ ղեկավարության վրա
հույսեր դնելով Հայ Դատը չի
լուծվի, միայն ուժ է հարկավոր:
 


Հ— Պրն Յանիկյան, երբ ձեր արարքը կատարեցիք, ի՞նչ դիրք բռնեցին հայկական կուսակցությունները, ի՞նչ տեղի ունեցավ ձեր արարքից հետո:

— Օհո՜... Սկզբնական շրջանում ես Աստված դարձա լրագրերում, պատկերներս (լուսանկարներս) եւ հոդվածներս աստվածացրին: Բայց հետո, որտեղից որ պետք էր, հրահանգ ստացավ Դաշնակցության բյուրոն, թե ո՞վ է ձեզ ավելի հետաքրքրում՝ ամերիկյան շահե՞րը, թե՞ Յանիկյան անհատը:
Դաշնակցության ղեկավարությունը հրահանգ տվեց կազմած բոլոր կոմիտեներին, որ այլեւս Յանիկյանին չպաշտպանեն, եւ իմ պաշտպանության համար հավաքած դրամները հետ ուղարկվեցին: Բայց ամենամեծ շնությունն ու դավաճանությունն այն է, որ կուսակցության ղեկավարությունը հրահանգեց, որպեսզի լրագրերում հայտարարություն անեն, որ իրենք չեն արդարացնում Յանիկյանին եւ նրա արարքի դրդապատճառները, դրա համար էլ հրաժարվել են պաշտպանելուց:

Նրանք նույնիսկ իմ գլխավոր փաստաբանին ստիպեցին հրաժարվել, ու ես մնացի առանց դրամի եւ փաստաբանի: Նույնիսկ Թուրքիան 2 մլն դոլար ծախսեց՝ չգիտեմ որքան կաշառելով կոմիտեի անդամներին: Բայց ամեն ինչ, որ կատարվում էր կուսակցությունում, հաջորդ օրը ԷֆԲիԱյ-ը գիտեր:

 

Դաշնակցության
ղեկավարությունը հրահանգ
տվեց կազմած բոլոր կոմիտեներին,
որ այլեւս Յանիկյանին չպաշտպանեն,
եւ իմ պաշտպանության համար
հավաքած դրամները հետ ուղարկվեցին:
 

 

— Պրն Յանիկյան դատավարությունից եւ ցմահ դատապարտվելուց հետո ի՞նչ է ձեր ծրագիրը, նպատակը եւ դիրքորոշումն այսօր Հայ Դատի առնչությամբ:

— Իմ մոտեցումը Հայ Դատի առնչությամբ նույնն է, ինչ որ անցյալում էր: Խոսքով ոչ ոքի ազատություն կամ երկիր չի տրվի: Բայց ի՞նչ կարող եմ անել բանտից. ես միայն կարող եմ ուրախանալ, երբ լրագրերում կարդում եմ, որ ստեղծվել է մի բռունցք, որ կոչվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ: Այս բռունցքն է այսօր գործ կատարողը, եւ իմ միակ հույսը նրանց վրա է:
Ճառերով, բողոքագիր գրելով, դպրոցներ շինելով եւ կուսակցության որոշ ղեկավարության վրա հույսեր դնելով Հայ Դատը չի լուծվի, միայն ուժ է հարկավոր:
Այսօր հրապարակ են եկել երիտասարդներ, ստեղծել են մի բանակ եւ գնում են զինյալ ազատագրական պայքարի ուղիով. ուրախ եմ եւ շնորհակալ, որ նրանք իրենց կոչում են Յանիկյանի զավակներ, ես գրկաբաց ընդունում եմ այդ զավակներին:

 

Չինոյի բանտ, Լոս Անջելես, 1976 թ. 


ZHAM magazine | www.zham.ru