Այսօր՝ հունիսի 21-ին, Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Երկանյանների անվան սրահում կազմակերպվել էր երեկո՝ հարգելու եւ մեծարելու հայրենի այն հեղինակներին, ովքեր վերջին տարիներին հրապարակումներ ու առանձին գրքեր են նվիրել հայկական նորագույն ազատագրական պայքարի ռահվիրա կազմակերպությանը՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին (ASALA):
Միջոցառումն սկսվեց ՀՀ հիմներգով, ապա օրվա առիթով առաջինը խոսեց ՀԺՇ-ի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ, Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը:
Նա բարձր գնահատեց նորագույն ազատագրական պայքարին զուգահեռ հայրենի հեղինակների կողմից հրատարակած գրականությունը` այն համարելով խիզախության դրսևորում:
«Յուրովի էր, սակայն, երբ նման քայլի էր գնում պետականությունից զրկված, կամ ամբողջական անկախություն չունեցող ազգը, որն արտացոլում էր պետականություն ունենալու գիտակցության, հայրենի բննօրանի ազատագրման և ոտնահարված իրավունքների նվաճման վճռականության փաստը։ Եվ նման ծնունդը ամենևին անսպասելի և զարմանալի չէր Սարդարապատ կերտող և դիմադրական հերոսամարտեր հաղթանակած հայության համար:
Իհարկե, ՀԱՀԳԲ-ի մասին գրականության հրապարակումն այն օրերին պահանջում էր ոչ միայն հստակատեսություն, այլ նաև խիզախություն», — ասաց Քեշիշյանը:
Այնուհետ խոսքը տրվեց ՀԺՇ Երևանի գրասենյակի ներկայացուցիչ, պատմաբան Գևորգ Յազչյանին, ով նախ ներկայացրեց ՀԺՇ-ի պատմությունը, նրա հիմնադրման կարևորությունն ու ծավալած գործունեությունը և ապա անդրադարձավ նորագույն ազատագրական պայքարին նվիրված գրականությանը: Նա կարևորեց մշակույթի, մասնավորաբար, գրավոր ու բանավոր խոսքի գործոնը, որպես լրացում պայքարի ուժային եղանակի:
Յազչյանը անդրադարձավ նաև հայկական զինյալ ազատագրական պայքարի առ այսօր շարունակվող խեղաթյուրման փորձերին և կարևորեց մեծարվող մտավորականների ներդրումն այդ փորձերին արժանի հակահարված տալու գործում:
Ապա ներկաները դիտեցին ՀԱՀԳԲ-ի գործողություններին ու նրա նահատակներին նվիրված 10 րոպեանոց տեսանյութ, որից հետո բեմ հրավիրվեցին մեծարվողները՝ պետական, կուսակցական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, գրող և հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս, դոցենտ Ռոմիկ Հովնանյանը և բանասեր Շուշան Սիրույան-Ստեփանյանը, որոնք ՀԱՀԳԲ-ի նախկին ազատամարտիկների և ՀԺՇ-ի ներկայացուցիչների ձեռքից ստացան իրենց համար պարաստված երախտագիրն ու հուշաքանդակը: Հետմահու մեծարվեց նաև պետական և կուսակցական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանը:
Մեծարվողները իրենց հերթին հանդես եկան շնորհակալությամբ ու խոսեցին նորագույն ազատագրական պայքարի ու նրա կարևորության մասին:
Միջոցառման ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգվեց նահատակների և օրերս Աթենքում հոգին ավանդած Լեոնիդաս Լազոս-Սիրեյանի հիշատակը: