1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Արեւմտահայաստանից ու Այսրկովկասից ռուսական բանակն սկսեց հեռանալ՝ ճակատի պաշտպանության գործը թողնելով նոր կազմավորվող հայկական զինուժին: Այդ օրերին գրեթե ամբողջ Արեւմտահայաստանը գրավված էր ցարական բանակի կողմից, իսկ թրքական ուժերը բոլոր ճակատներում գրանցելով անհաջողություններ՝ մոտեցնում էին օսմանյան կայսրության մայրամուտը: Նման պայմաններում թուրքերի համար անհավատալի ու երկնային հրաշքի նման մի բան էր լենինյան հեղաշրջումը եւ շփման գծից ռուսների հեռանալը: Արեւմտյան Հայաստանի պաշտպանության գործի պատասխանատվությունն ընկավ հայության ուսերին, որի ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում էին հարեւան վրացիների ոֆ թաթարների «ուշադրությունը բեւեռել»՝ թուրքերի հնարավոր հարձակումներից երկրամասը համատեղ ուժերով պաշտպանելու անհրաժեշտության վրա: Ավաղ, երկրամասի կառավարման գործառույթները ստանձնած Անդրկոմիսարիատը մեղմ ասած անտարբեր էր հայությանը հուզող խնդիրների հանդեպ, իսկ «քաղաքականություն» կոչվող տիրույթում մենք նման էինք օվկիանոսում մոլորված նավի, որի վրա անփորձ ու անգետ նավապետների պակաս չկար, իսկ նավաստիները խուճապի պայմաններում չէին դադարում մտածել նավը լքելու եւ փախուստի անհավանական ուղիներ մոգոնելու մասին:
Ահա թե ինչ էին թողել ռուսներն Արեւմտյան Հայաստանում՝ 1917-ի աշնանային նահանջի ժամանակ.
մոտ երեք հազար թնդանոթ, նույնքան գնդացիր, մոտ մեկ միլիոն արկ, մեկ միլիարդ փամփուշտ, 100 հազար հրացան՝ մոսին եւ կարաբին, 100 հազար զինվորի համար նախատեսված ամառային եւ ձմեռային հանդերձանք, նույնքան զորքի համար հատկացված երկու տարվա պարեն, մոտ 17 հազար ձի, մեծ թվով կառքեր, մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ եւ այլն: Մենք ի վիճակի չեղանք ինքնակազմակերպվելու, չկարողացանք տեր կանգնել ռուսական բանակի թողած այս հսկայական հարստությանը եւ այն, չնչին բացառությամբ, ընկավ հարձակման անցած, մեզ թվական առումով զիջող, բայց կամք ու համառություն ցուցաբերող թուրքերի ձեռքը:
1918-ի փետրվարի 10-ին թուրքերը գրեթէ առանց դիմադրության գրավեցին Տրապիզոնը: Ճակատի նեղանալը եւ հայկական զինուժի Էրզրում բերդաքաղաքի շուրջը համախմբվելը թեեւ խուճապի ազդանշան էր, բայց գլխավոր դժվարությունը քաղաքի խառնաշփոթ դրությունն էր, որի մասին Անդրանիկ Օզանյանը հետեւյալ տեղեկագիրն է ուղարկում Թիֆլիս. «Քաո՜ս, բառին իմաստին բոլոր երկայնութեամբը, բոլոր լայնութեամբը: Օտիշելիձէ (ճակատ ընդհ. հրամանատարը՝ Վեհիբ փաշայի փեսան) կը հրամայէ, Ազգ. Խորհուրդը կը հրամայէ, Քաղաքներու միութեան լիազօր Աղամալեանը կը հրամայէ, առտուն կանուխ ելլողը կը հրամայէ: Չհրամայող մը չկայ, որպեսզի ես ալ անոր հրամայեմ: 4000 կանոնավոր, նոյնքան ալ անկանոն հետեւակ զօրք ունինք, 500 կանոնաւոր, նոյնքան անկանոն ձիաւոր, ունինք լաւ վիճակի մէջ տասնեակ մը թնդանօթներ... Թուրքը հիմա չունի բաւական զօրք, սպայ ու մասնագէտ: Անոր զէնքի պահեստը սահմանափակ է, պարենաւորումին պաշարը՝ զէրօ: Բայց թուրքը բան մը ունի, որ մենք չունինք,- կը շարունակէ Զօրավարը,- այդ բանը տիսիփլինն է (կարգապահութիւնը)...»։
Գնդապետ Թորգոմի հրամանատարության տակ կռվող Քղիի ճակատի պաշտպաններից Միհրան Թուրիկյանն իր հուշագրության («Քղիի ճակատի դեպքերը», Պէյրութ, 1926թ., էջ 68-69) մեջ, խոսելով Էրզրումում թրքական արշավանքի նախօրեին տիրող դրության մասին, գրում է. «Մութ էր, երբ քաղաք մտայ, եւ ինչ տեսնեմ, Աստուած իմ. Կարնոյ փողոցները զինուորի հագուստով երիտասարդութիւն կը վխտար... Կը դժուարանայի հաւատալ, այդ բազմութիւնը անգլուխ, անղեկ ամբոխ մըն է կամ ըսենք՝ հայ դասալիք: Դա այն դեպքում, երբ քայլ մը անդին կը գոռան թշնամիին թնդանօթները, որոնց դեմ շատ քիչեր գացած են կուրծք տալու: Իրա՜վ, Կարնոյ մէջ չկայ ուժ մը, որ այս դասալիքները կարգի բերէ եւ ղրկէ ճակատ...»:
Ա. Թէրզիպաշյանը, իր «Անդրանիկ» գրքի մեջ, անդրադառնալով նույն դեպքերին, գրում է. «Զինուորները կը պոռային, թե՝ հոս մեր երկիրը չէ՛. մենք մե՛ր երկիրը պիտի երթանք, թող թրքահայերը իրե՛նք պաշտպանեն իրենց սահմանները»: Անդրանիկ, քանիցս փորձեց իր անձին օրինակովը բարձրացնել հայ զինուորին մարտունակութեան ոգին: Մեկ անգամ սուրը ձեռքին զօրքին առջեւ ինկաւ, սակայն իրեն չհետեւեցան: Իսկ երբ ընկրկողներէն մէկուն վրայ խոյացաւ, այս զինուորը չքաշուեցաւ ձեռքը հրացանին տանելու... Ուրիշ առիթով մը, դասալիք զինուոր մը գնդակ պարպեց անոր վրա եւ բարեբախտաբար գնդակը վրիպեցաւ իր նպատակէն: Էրզրումի անկումէն օր մը առաջ Անդրանիկ լաւ մշակուած ծրագրի հիման վրայ յարձակման անցաւ, բայց հազիւ գրոհ մը սկսած՝ լուր առաւ, որ փորձառու հայ գնդապետ Բէժանբէկով դաւաճանաբար կը նահանջէ, առանց լուր տալու աջ ու ձախ թեւերուն, եւ առանց գնդակ մը պարպելու:
Անդրանիկ յաջողեցաւ նահանջողները ետ դարձնել, ատրճանակով կրակ բացաւ անհնազանդնէրու ուղղութեամբ. «Եթէ հո՛ս չկռուիք, ուրի՛շ տեղ ալ պիտի չկուիք»,- պոռաց հրամանատարը: Էրզրումի պատէրուն տակ կռուիլ չուզողները Ա եւ Դ գունդերու զինուորներն էին, որոնք ժամեր անց նորէն դասալիք եղան եւ տունդարձի ճանապարհին՝ Զապուղ կոչուած կիրճին մէջ, թաթարներուն կողմէ կրակի բռնուեցան եւ կոտորուեցան... «Պատմեցէք սերունդներուն, թե մինակ եմ, եւ ես ինկայ մինակ, Կարնոյ պարիսպներուն տակ,- կը հառաչէր 53-ամյա հերոսը»:
1918-ի Կարնո (Էրզրում) անկման լուրը շշմեցուցիչ էր: Ամբողջ հայութիւնը ցնցուեց: Ամեն մարդ պատճառ ու պատասխանատու կը փնտռեր եւ քննադատի դիրքին վրա մնաց: Շահեկան են եւ իմաստալից Աւետիս Թէրզիպաշեանի թուած պատճառները՝ Կարնոյ անկումին համար.
«Ռուսը՝ որ Պրեսթ-Լիթովսկի մէջ թուրքին ձգած էր Էրզրումը եւ որուն հոգը չէր բնաւ, թե Էրզրումը թուրքի՞ն պիտի ըլլար, թե՝ հայուն:
Վրացին՝ որ իր սահմանները փրկելու լաւագոյն միջոցը հայկական հողամասերէն թուրքին զիջողութիւններ ընելու մէջ կը գտնէր:
Թաթարը՝ որ գիրկը բաց՝ թուրքին գալուստը կը սպասէր:
Հայը՝ որ ռուսահայ է եւ թրքահայ:
Հայը՝ որ ե՛ւ միջազգայնական է ե՛ւ ազգայնական:
Հայը՝ որ Անդրանիկեան է եւ հակաանդրանիկեան:
Հայը՝ որուն վրայ դարերու ստրկութիւնը առանց հետքի չէ մնացած:
Անդրանիկն այս քաոսին մէջ անգամ չէր վհատած: Ան բուռ մը ուժի կրթնած կռիւի ելած էր, բայց ան ուրիշ բան չէր կրցած փրկել, եթէ ոչ հայ կռուողին պատիւը»...
Էրզրումի բերդը*
Կարնո աղետի մասին խոսելով՝ Սիմոն Վրացյանը գրում է.
«1918 թ. փետրուարի 27-ին ամենախայտառակ ձեւով ընկաւ Էրզրումը... Այդ օրերուն, Թիֆլիսի մեջ, ՀԱՏՈՒԿ ՏԻՊ էր ստեղծուել «մի բաժակ թէյ»-երով ռազմաճակատը պաշտպանողների: Կոչեր հրատարակողներ, ամեն տեսակ կօմիտէներ, խորհուրդներ, միութիւններ, խմբեր ու գումարտակներ Թիֆլիսում աւելի շատ էին, քան զօրամասեր ռազմաճակատում՝ Վանից մինչեւ Երզնկա»:
«Այս պայմաններու մէջ՝ Անդրանիկի տեղ Նափոլէոն Պօնափարթն անգամ ըլլար հայ բանակին գլուխ, հաւանականօրէն պիտի չկարենար փրկչի դեր խաղալ, պաշտպանել հայոց բերդաքաղաքը - ո՛չ Էրզրումը եւ ո՛չ ալ Կարսը»,- պիտի յայտարարէր յետագային, Միքայել Վարանդեան:
Բերդաքաղաքի անկումից հետո, Զորավար Անդրանիկն իր հավատարիմներով, խուճապահար ժողովուրդի թիկունքն ու թեւերը պաշտպանելով, բռնեց Սարիղամիշի ճամփան: Ռուսական բանակի թողած հսկայական հարստությունն ընկավ հարձակման անցած թուրքերի ձեռքը, որոնք առաջ շաժվեցին դեպի Այսրկովկաս: Շարունակելով ռազմերթը՝ թրքական բանակի զորամասերը հայտնվեցին Մեծ Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի ու Սարդարապատի մատույցներում։ Օրակարգում էր հայության լինել-չլինելու հարցը։ Շատերը ցավով ու ափսոսանքով ասում էին, որ ՄԵՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ Էրզրումի պատերի տակ պետք է լիներ, բայց արդեն ուշ էր․․․ Էրգիրը եւս մեկ անգամ հայաթափվեց ու հանձնվեց օսմանցուն։
*Էրզրումի բերդը, որի մոտ 400 թնդանոթները 1918 թ. փետրվարին լռեցին, թեեւ կարող էին գլխովին ոչնչացնել վախվորած հարձակման անցած թշնամուն: Ավա՜ղ... մենք նախըտրեցինք նահանջը...
ԱՐՇԱԼՈՒՅՍ ԶՈՒՐԱԲՅԱՆ