Սամվել Մկոյանը և Աննա Գիվարգիզյանը Համահայկական գագաթնաժողովի օրերին, Երևան, 2022 թ.: Լուսանկարը՝ Լուսենե Խանգելդյանի
Ջավախքին աջակցություն հիմնադրամը ապաքաղաքական, շահույթ չհետապնդող կառույց է, որը հիմնադրվել է 2013թ -ի դեկտեմբերի 10-ին:
ՋԱՀ -ի առաքելությունն է՝ նպաստել Ջավախքի հայության հասարակական կյանքի, տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցության ամրապնդմանը:
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը «ԺԱՄ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի հետ զրույցում պատմեց հիմնդրամի գործունեության, իրականացված ծրագրերի, ինչպես նաև գալիք մի շարք նախագծերի մասին:
— Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, երիտասարդական կյանքի բարելավման գերնպատակը և հայ-վրացական հարաբերությունների բարելավմանն աջակցելու ցանկությունը միավորեցին ծնունդով Ջավախքից մի շարք գործարարների և մտավորականների, և 2013թ. դեկտեմբերին՝ Երևանում հիմնադրվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է տ․գ․թ․, գործարար, խոշոր բարերար Սոս Սահակյանը։
— ՋԱՀ-ը ապաքաղաքական կազմակերպություն է և վերջին 9 տարիների ընթացքում խորհրդի անդամների և այլ բարերարների նվիրատվությունների միջոցով իրականացրել է 100-ից ավելի ծրագիր, որոնք ուղղված են Ջավախքի կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացմանը։ Հիմնադրամը նպատակ է հետապնդում ոչ միայն զարգացնել և բարելավել տարածաշրջանի կյանքն, այլ նաև ամրապնդել հայ-վրացական բարեկամությունը։
— Փաստենք, որ ներկայումս ՋԱՀ-ը հանդիսանում է Ջավախքում առարկայական և մասշտաբային գործունեություն իրականացնող միակ կազմակերպությունը (տարիքային բոլոր խմբերը ներառված են)։ Իրականացված ծրագրերը բազմազան և բազմաոլորտ են՝ կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական, իրավական և այլն։ Ջավախահայությունը մշտապես դրական է արձագանքում մեր գործունեությանը, մեծ ոգևորությամբ են մասնակցում միջոցառումներին։ Խոշոր ծրագրերի շրջանակներում հիմնադրամի աշխատակիցները այցելել են գրեթե բոլոր բնակավայրեր, շփվել ծրագրի շահառուների հետ։ Պետք է նշենք, որ հիմնադրամի ծրագրերի շահառու են հանդիսանում նաև տարածաշրջանում բնակվող վրացիները։ Վրաց երեխաները հաճախում են Արմաթ հետազոտական լաբորատորիաներ, որոնց համար բացվել է հատուկ խումբ՝ վրացերեն դասերը վարելու համար։ Հետևաբար, նրանց կողմից ևս արձագանքը դրական է, և նրանք նույնպես մեծ ոգևորությամբ մասնակցում և սպասում են հիմնադրամի հերթական ծրագրին։
— ՋԱՀ-ի առաքելությունն է նպաստել Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը։
Հիմնադրամի ռազմավարական ուղղություններն են՝ սոցիալական, տնտեսական, առողջապահական, գիտական, կրթամշակութային և տեղեկատվական տեխնոլոգիաներ, սպորտ, երիտասարդության, իրավական և տեղեկատվական:
— Հիմնադրամը մշտապես համագործակցում է պետական մարմինների հետ, մասնավորապես սերտ համագործակցում ենք ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ Անցած տարիների ընթացքում նախարարության հետ իրականացրել ենք մի շարք ծրագրեր, որոնցից ամենախոշորներն են «Աշուղ Ջիվանու վիրտուալ տուն-թանգարան»-ի ստեղծումը, «Բացահայտենք Ջավախքը լուսանկարչական արշավ»-ը, «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախքին» պլեներ փառատոնը, Վահան Տերյանին նվիրված պոեզիայի երեկոն, որը իրականացվելու է սույն թվականի նոյեմբեր ամսին, և կկրի այսուհետ շարունակական բնույթ։ Նշենք նաև, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի ամբողջ համալիրի վերականգնման աշխատանքներում նույնպես փորձում ենք համագործակցել ՀՀ կառավարության և պետական այլ մարմինների հետ։
— Հարկ է նշել, որ հիմնադրամի ծրագրերին աջակցում են ոչ միայն այն անհատները, ովքեր արմատներով կամ ծնունդով Ջավախքից են։ Համագործակցությունների հաջողված փորձ ունենք նաև միջազգային կազմակերպությունների հետ։ Քանի որ ծրագրերը ուղղված են տարածաշրջանի զարգացմանը, երկու երկրների միջև սերտ հարաբերությունների և բարեկամական կամրջի ստեղծմանը, հայապահպանությանը, կարծում ենք, հենց դա է հիմնական պատճառը։
— Հիմնադրամը գործում է 2013 թվականից։ Ստեղծման օրվանից ՋԱՀ-ի աշխատանքներում ներգրավված են բազմաթիվ աշխատակիցներ։ Անգամ համավարակի պայմաններում, հիմնադրամը աշխատել է իր բնականոն ռեժիմով։ ՋԱՀ-ը իրավաբանորեն գրանցված մասնաճյուղ ունի նաև Ախալքալաքում, որտեղ ևս ունենք աշխատակիցներ։ Երկու մասնաճյուղերում, հիմնադրամի կողմից հիմնադրված «Արմաթ» կենտրոններում և Աշուղ Ջիվանու թանգարանի աշխատակիցների ընդհանուր քանակը կազմում է շուրջ 40։ Աուդիտ անցկացվում է հիմնականում ծրագրերի վերջնական ամփոփումից հետո։ Վեր են հանվում բոլոր բացթողումները, թերությունները՝ հետագայում դրանցից խուսափելու նպատակով։ Աշխատակազմի համար հաճախ կազմակերպվում են հանդիպում քննարկումներ, փորձի փոխանակման համար ստեղծվում են համապատասխան պայմաններ։ Աշխատակազմի անդամները մասնակցում են նաև ինքնազարգացման թրեյնինգների՝ թիմի կառուցման, միջանձնային հարաբերությունների կարգավորման և հարթ աշխատանքային ընթացքի ապահովման նպատակով։ Հաշվի առնելով ծրագրերի իրականացման աշխարհագրությունը, աշխատակիցները հաճախ մեկնում են գործուղման՝ Ջավախքից վերադառնալով մեծ ոգևորությամբ և հետ գնալու մեծ ցանկությամբ։
— Մեր հիմնադրամի դեպքում բարդությունները հիմնականում կապված են տարածքային հեռավորության հետ։ Հաճախ անհրաժեշտություն է լինում մեկ օրում երկու անգամ հատել սահմանը՝ Ջավախք հասնելու նպատակով։ Երկրորդ բարդություն որպես, կարելի է նշել նոր մարդկանց ներգրավումը մեր ծրագրերում, և նրանց շրջանակներում հետաքրքրվածության մեծացումը դեպի Ջավախք։ Հաճախ բախվում ենք տեղեկացվածության խնդրի հետ։ Շատ մարմիններ և պետական այրեր երբեմն իրազեկված չեն Ջավախքում առկա բազում խնդիրների մասին։ Եվ երրորդ բարդությունը, որպես բարեգործական հիմնադրամ, դա շահառուների հետ աշխատանքն է, ճիշտ և տվյալ ծրագրին համապատասխան կարգավիճակ ունեցող մարդկանց ներգրավումը։
— Առաջին՝ գործունեության մեջ հնարավորինս շատ մարդ ներառել։ Երկրորդ՝ հստակ սահմանել հեռահար նպատակները։ Երրորդ՝ բարերարների հետ աշխատանքների համակարգ մշակել։
— Գործունեության 9 տարիների ընթացքում իրականացված յուրաքանչյուր ծրագիր Ջավախքում եղել է սպասված և իրականացվել է անմնացորդ նվիրումով։ Որպես կարևոր ծրագիր կարող ենք առանձնացնել «Բազմազավակ ընտանիքներին դրամական աջակացություն» ծրագիրը: Կրթության խթանման գործում ներկա պահի դրությամբ իրականացված և իրականացվող ծրագիր է «Արմաթ» կենտրոնների հիմնումը Ջավախքում։ 2018 թվականին հիմնել ենք առաջին կենտրոնը Ախալքալաք քաղաքում։ Այժմ Ջավախքի թվով 10 բնակավայրերում գործում են «Արմաթ» կենտրոններ, որտեղ շուրջ 700 պատանի ստանում է անվճար տեխնոլոգիական կրթություն։ Հաջորդ կարևոր ծրագիրը դա Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրումն է։ Թանգարանը հիմնադրվել է աշուղի հայրենի գյուղ Կարծախում, և գործում է անխափան։ Թանգարանի հիմնումը աշխուժացրել է գյուղը։ Նկատվում է նաև տուրիստական հասքերի աճ, և հետաքրքրվածության մեծացում։ Հաշվի առնելով թանգարանի հիմնման հաջողված փորձը, 2020 թվականին նախաձեռնեցինք նաև Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը։ Առաջին փուլով վերականգնվել է թանգարանի ցուցասրահը, որը համապատասխանեցված է 21-րդ դարի պահանջներին։ Ըստ այցելուների ցուցասրահը ոչնչով չի զիջում Եվրոպական ոչ մի թանգարանի։ Այժմ ընթանում են հուշային հատվածի վերականգնման աշխատանքները, քանի որ այն գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում։ Հաջորդ խոշոր ծրագրերից է «Աջակցություն ջավախքցիներին» ծրագիրը, որը իրականացրել ենք Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ։ Ջավախքի բոլոր բնակավայրերից շուրջ 15000 շահառու՝ ովքեր համապատասխանում էին առանձնացված կարգավիճակներին, ինչպիսիք են միայնակ մայրերը, բազմազավակ ընտանիքները, հաշմանդամները, սոցիալապես անապահովները և այլն, ստացել են բարձր որակի, եվրոպական բրենդի հագուստ։ Հիմնադրամի աշխատակիցները անձամբ այցելել են բնակավայրեր, և իրականացրել իրերի բաշխումը։
— Հիմնադրամի անդրանիկ ծրագիր, ինչպես նշեցինք, «Բազմազավակ ընտանիքներին դրամական աջակացություն» ծրագիրն է։ Ծրագիրը նպատակ էր հետապնդում նպաստել ջավախահայության շրջանում ծնելիության աճին, դրանով իսկ ստեղծելով դրական տենդեցներ ժողովրդագրության բնագավառում։ Ծրագրի արդյունքում 320 ընտանիք ստացել է միանվագ դրամական աջակցություն։
— Իհարկե, դժվար է կողմնորոշել ապագան տիրող իրավիճակներում։ Սակայն վստահ ենք, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են։ Ծրագրերը շատ են։ Որոշները ընթացքի մեջ են, որոշները դեռ մեկնարկի փուլում են, և վստահաբար կարող ենք ասել, որ անավարտ չեն մնալու։
— Հիմնական դժվարությունը բոլորին մեկ խնդրի շուրջ համախմբելն է եղել, մեկ գերնպատակի ձևավորումը, ինչը հաջողությամբ հաղթահարվել է։
— Բնականաբար, ժամանակի ընթացքում, զարգացող իրադարձությունների ֆոնին փոխվում են նաև մոտեցումները։ Ջավախքի դեպքում կարող ենք ասել, որ միանշանակ չէ այն մոտեցումը, որ ինքնության պահպանման բաղադրիչները նահանջ են ապրել։ Ջավախքը մշտապես եղել է այն տարածաշրջանը, որին բնորոշ են ավանդապահությունը, պահպանողական հայացքները։ Անգամ կարող ենք փաստել, որ ջավախքցիների մեջ որոշակի ազգային տարրեր ավելի խորն է նստած, քան այլ տարածաշրջաններում։ Ջավախքցիները սերնդե սերունդ փոխանցում են գենետիկական ինքնությանը բնորոշ գծերը։
Ինքնության պահպանման համար շատ կարևոր է այն փաստը, որ շատ են այն պատանիները, ովքեր գալիս են Հայաստան կրթություն ստանալու, այնուհետև մասնագիտական գործունեություն են ծավալում հայրենի Ջավախքում։
Հարկ է նշել, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մշտապես աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայապահպանությանը Ջավախքում։ ՋԱՀ-ի աջակցությամբ իրականացվել է տարբեր եկեղեցիների վերանորոգում և վերաօծում (Նինոծմինդա, Դամալա, Կարզախ և այլ գյուղերում), Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարերի և հուշաքարերի բացում (Նինոծմինդա, Դամալա, Հեշտիա, Խանդո, Էխտիլա, Դադեշ և այլ գյուղերում), մեծանուն հայ նկարիչներ Վարդգես Սուրենյացի և Վահրամ Գայֆեճյանի հուշաքարերի տեղադրում: Ինքնության պահպանման մեր մոտեցումներից է նաև թանգարանաշինության զարգացումը։ Ջիվանու տուն-թանգարանը քայլ է տարածաշրջանում պահպանել և զարգացնել աշուղական արվեստը, Տերյանի տուն-թանգարանի վերականգնումն էլ քայլ է պահպանելու գրական ժառանգությունը։
Ինքնության պահպանման համար կարևոր քայլ է եղել մեր կողմից «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնումը, քանի որ տարածաշրջանին մշտապես բնորոշ է եղել մաթեմատիկական մտածելակերպը, և կարող ենք փաստել, որ այդ ոլորտում մեր պատանիները գրանցում են հաջողություններ։
— Նախատեսում ենք կազմակերպել գործունեության 10 տարին ամփոփող երեկո՝ հիմնադրամին մշտապես աջակցող անհատների և կազմակերպությունների համար։ Կհրապարակվի 10 տարիների հաշվետվությունը և կմեկնարկենք նոր դրամահավաք՝ Տերյանի տուն-թանգարանի ամբողջ համալիրի վերականգնման համար, որը իր մեջ կներառի ցուցասրահը, հուշային մասը և Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցին։
— Առաջինը, թերևս, զինվել համբերությամբ, ներդնել ամեն հնարավոր միջոց, և համախմբվել մեկ գաղափարի շուրջ։ Այդ դեպքում արդյունքը իրեն երկար սպասեցնել չի տա։ Երկրորդը՝ գտնել և աշխատանքի հնարավորություն ընձեռնել այն մարդկանց, ովքեր իսկապես կլինեն իրենց գործի նվիրյալները։
— Եթե դիտարկենք տարիների փորձը և անցած ճանապարհը, ապա հստակ կասեմ, որ հաջողությունը՝ ծրագրերն ամփոփելն ու վերջնակետին հասցնելն է։
Զրուցեց Աննա Գիվարգիզյանը, Մոսկվա-Երևան, 2022 թ.