Նարեկացին հետաքրքրել է լիտվացի կինոգործիչներին
Загрузка
X


Նարեկացին հետաքրքրել է լիտվացի կինոգործիչներին

Ежедневник / 23.05.2018

«MA NO FILMS» ընկերության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացուն նվիրված կինոնախագիծ իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել լիտվացի ռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչուսը, Ստոնիս Աուդրիուսը և օպերատոր Ստոնիս Պաուլիուսը:
«Նարեկացուն անդրադառնալը Գիեդրիուսի գաղափարն էր: Նա՛ ինձ տվեց գիրքը, ես կարդացի ու ցնցվեցի: Հենց այդպես էլ ծնվեց այս նախագծի գաղափարը»,-մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասաց լիտվացի կինոռեժիսոր Ստոնիս Աուդրիուսը:
Լիտվացի կինոգործիչները մշակույթի նախարարությունում էին՝ ներկայացնելու Նարեկացուն նվիրված իրենց կինոնախագիծը, որը ենթադրում է երկու ֆիլմ՝ խաղարկային ու փաստագրական: Նախագիծն իրականացնելու համար լիտվացի կինոգործիչներն ակնկալում են նաև հայկական կողմի աջակցությունը:
«Նարեկացուն նվիրված նախագիծը կարող է դառնալ հայ-լիտվական համատեղ ֆիլմարտադրության առաջին հրաշալի օրինակը»,-ասաց Աուդրիուսը:
Ռեժիսոր Գիեդրիուս Զուբավիչուսը նշեց, որ ֆիլմերի սցենարները պատրաստ կլինեն աշնանը: Նկարահանումների մեծ մասը նախատեսում են իրականացնել Հայաստանում: Նկարահանումներ կիրականացվեն Լիտվայում, ինչպես նաև Իտալիայում, մասնավորապես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: Ֆիլմը կլինի եռակողմ՝ հայ-լիտվական-իտալական:
Նախարար Մակունցը խոստացավ աջակցել ծրագրին՝ ինչով հնարավոր է, քանի որ հայ մշակույթն աշխարհին ներկայացնելը նախարարության որդեգրած առաջնահերթություններից է:
Ծրագիրը ու նկարահանող խմբի այցն իրականացվում է Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ։