Արվեստը մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ է, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ , իսկ արվեստի անկրկնելիությունը դրսևորվում է ստեղծագործական գործունեության ինքնատիպությամբ։ Երեխաների մոտ ստեղծագործական ներուժը դիտարկվում է որպես բնածին ստեղծագործական ընդունակությունների ամբողջություն, որը հասունացմանը զուգընթաց ծավալվում է գործունեության տարբեր ոլորտներում։ Երեխաների ունակությունների բացահայտման տարբերակներից է նկարչությունը։
«Ճանաչիր ինձ իմ ունակություններով» խորագիրը կրող մանկապատանեկան նկարչության 3-րդ մրցույթը` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-րդ տարեդարձին, հերթական անգամ նախաձեռնել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժինը։
— Մրցույթի միջոցով երեխաներին հնարավորություն է տրվել դրսևորել իրենց նկարչական և ստեղծագործական ունակությունները: Նպատակն էր՝ արժևորել Մեծն լոռեցու հեքիաթների խորհուրդը, նպաստել երեխաների գեղարվեստական յուրատեսակ աշխարհահայացքի զարգացմանը և գեղագիտական արժեքների յուրացմանը, — մեզ հետ զրույցում նշել է նախաձեռնության հեղինակ, ՄԵ հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը։ Մրցույթն անց է կացվել 2 փուլով՝ 6-13 և 14-18 տարիքային խմբերի ներկայացուցիչների շրջանում, որին մասնակցել են շուրջ 80 աշակերտներ՝ շրջանի բոլոր համայնքներից։
Առաջին փուլում աշխատանքները ներկայացվել են շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժին, և մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվել են լավագույն աշխատանքները՝ ցուցահանդեսի կազմակերպման նպատակով:
Հանձնաժողովի կողմից մերժվել են արտատպված, կրկնօրինակված, ինչպես նաև նախկինում որևէ մրցույթի, ցուցահանդեսի, տպագիր կամ համացանցային աղբյուրներում ներկայացված աշխատանքները:
Մարտի 29-ին Հադրութի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ճեմասրահում ամփոփվել են «Ճանաչիր ինձ իմ ունակություններով» մանկապատանեկան նկարչության 3-րդ մրցույթի արդյունքները:
Երկրորդ փուլ անցած 74 մասնակիցների աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսին, և մասնագիտական հանձնախումբը՝ ի դեմս ԱՀ «Նկարիչների միություն» ՀԿ նախագահ Հովիկ Գասպարյանի, ընտրել է մրցանակակիրներին:
Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվել է բովանդակային պահանջների համապատասխանությանը, գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և որակին:
1-ին տարիքային խմբում 1-ին տեղն զբաղեցրել է Վիլենա Բաբայանը /Ուխտաձոր/, 2-րդ տեղը՝ Վահե Ադամյանը /Թաղասեռ/, 3-րդ տեղը՝ Կամո Դադայանը /Տողի արվեստի դպրոց/։ 2-րդ տարիքային խմբում 1-ին տեղն զբաղեցրել է Գրիգորի Արզումանյանը/ Հադրութի արվեստի դպրոց/, 2-րդ և 3-րդ տեղերը՝ համապատասխանաբար՝ Լեռնիկ Ճավակյանը /Նորաշեն/ և Գայանե Վարդանյանը /Ջրակուս/ ։ Մրցանակակիրներն արժանացել են համապատասխան կարգի դիպլոմների, իսկ երկրորդ փուլ անցած բոլոր մասնակիցներն ստացել են շնորհակալագրեր։
Հեղինակ՝ Լիաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ, Հադրութ, «Ժամ» ամսագիր, 2019 թ.