Հնդկաստան + Բելոռուս = Արցախ
Загрузка
X


Հնդկաստան + Բելոռուս = Արցախ

Вернисаж / Ежедневник / 13.06.2019

Այսօր «Դիզակի գույները» սիմպոզիումի չորրորդ օրն է: Ծանոթացեք Յուլյա Անտանյուկի  և Պունամ Չանդրիկա Թյագիի հետ: Երկուսին էլ սիմպոզիումի համահիմնադիր, նկարիչ Ընծան` Գևորգ Բաբախանյանն է հրավիրել: Չանդրիկան Հայաստան է եկել Դելիից: Մինչև սիմպոզիումին մասնակցելու հրավեր ստանալը նա շատ քիչ բան գիտեր հայերի մասին, իսկ Արցախի մասին գրեթե ոչինչ չգիտեր: Հրավերն ստանալուն պես` կարդացել, ծանոթացել է մեր պատմությանը, որոշել է անպայման գալ և սեփական աչքերով տեսնել: Ասում է, որ մարդիկ այստեղ ոգեշնչում են իրենց ջերմությամբ, իսկ լեռները, ջուրը, օդը և ծաղկունքը ստիպում են հավատալ, որ դեռ աշխարհում մնացել են անարատ վայրեր: 

Յուլյան ծնվել է Մինսկում, Բելոռուսի Արվեստի ակադեմիան է ավարտել և հիմա զբաղվում է վիտրաժով: 

Սիմպոզիումին մասնակցելու հրավերն ստանալուն պես ընտանիքի անդամներն ու մտերիմ մարդիկ սկսել են համոզել, որ չգնա Արցախ: Յուլյան ասում է մեկ վայրկյան անգամ չի վարանել, միանգամից համաձայնվել է: «Ամեն օր նման հրավեր չես ստանում, ուրիշ էլ ե՞րբ պետք է գայի, ի՞նչ առիթ ինձ կստիպեր», — ասում է նա:  Տեղացիների ընդունելությունը շատ է տպավորել, իսկ սիմպոզիումի ընկերանկան մթնոլորտը   հարազատեցրել է բոլորին: 

Այսօր Չանդրիկան վնասել էր ոտքը և «թիմակիցներն» իրենց հոգատարությամբ նրան ոտքի կանգնեցրեցին: 

Նկարներում մեր պատմության հերոսներն են, նրանց ընկերները, տեղի բնակիչներն ու սիմպոզիումի այսօրվա անցուդարձից մի քանի ակնթարթ:

Լուսանկարների համար հատուկ շնորհակալություն Էթի Ջափարիձեին և սիմպոզիումի հյուրընկալ-կազմակերպիչ Երազիկ Հայրիյանին: 

Մինչ վաղը: 

www.zham.ru